Լրահոս

09.03.2011 17:43


Սլովակիայի ճանաչված «Տիժդեն» շաբաթաթերթում հրապարակվել է Հայստանին և Արցախին նվիրված հերթական հոդվածը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունից հայտնում են, որ Սլովակիայի ճանաչված «Տիժդեն» շաբաթաթերթում հրապարակվել է Հայստանին և Արցախին նվիրված հերթական հոդվածը` «Եկեղեցիները բաց երկնքի տակ: Խորհրդային թանգարան» վերնագրով: Հոդվածագիրն Եվրոպառլամենտի աշխատակից Ալբերտ Պոտրուբան է, որը կարողացել է իր այցի ընթացքում կտրել Հայաստանը հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք` ծանոթանալով անցյալի ու ներկայի հետ: Նա գրում է «Հայաստանը շատ ուշագրավ երկիր է, առաջին քրիստոնեական երկիրն աշխարհում` անցած խորհրդային իրականության բովով և դարձած թանգարան բաց երկնքի տակ»: Անդրադառնալով իր այցելած փառահեղ մշակույթային կոթողների նկարագրին. Տաթևի համալիր, Հաղպատ, Սանահին, Գեղարդ, Էջմիածին և այլն, նա նկատում է նաև այսօրվա Երևանի ծայրահեղ հարստության ու աղքատության հակադրությունը. «քաղաքի կենտրոնում շքեղ ռեստորաններ և □լասվեգասյան□ սրճարաններ ու բարեր են, իսկ արվարձաններում ծայրաղքատություն: Ժողովրդի կեսն ապրում է աղքատության եզրից ներքև, հատկապես շրջաններում, իսկ Երևանում լյուքս, թանկարժեք ավտոմեքենաների շքերթ է ասես»:

Հոդվածագիրն անդրադառնում է Հայոց ցեղասպանության փաստին` վերհիշելով Ֆրանց Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» վեպում ներկայացված պատկերները, ինչպես նաև մանրամասն ներկայացնում քրիստոնեության ընդունման շուրջ պատումները: Հաճելի զարմանքով է նա նշում, որ Հայաստանում մատողցվող պատարագներին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ: Այնուամենայնիվ, ըստ հոդվածագրի հայ ժողովրդի փառահեղ անցյալի ֆոնին հակադրվում է երկրի ծայրահեղ ծանր տնտեսական վիճակը և ժողովրդի ցածր կենսամակարդակը, որն ամենայն հավանականությամբ հեղինակի համար անսպասելի է եղել:

Վերջում նշենք, որ «Տիժդեն» շաբաթաթերթը, համագործակցելով Սլովակիայի հայ լոբիստների հետ, շարունակում է Հայաստանին ու Արցախին նվիրված շարքը: Այսպես, ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է «Տիժդենի» հայտնի լրագրող Անդրեյ Բանի և Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով կոմիսար Միրոսլավ Պոլակի այցելությունը Հայաստան:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը