Լրահոս

13.03.2011 18:03


ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Բրյուսելում

Հյուսիսատլանտյան դաշինիքի կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 11-ին հանդիպումներ է ունեցել իր գործընկերների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարար Բ.Ախալայայի և Լեհաստանի պաշտպանության նախարար Բ.Կլիխի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացմանը, իսկ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի և Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հրամանատար, բանակի գեներալ Դ.Պետրեուսի հետ` ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ գործողություններում ՀՀ ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող երկրների նախարարների նույն օրը կայացած նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով, որտեղ լավատեսություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների ապագայի վերաբերյալ` կարևորելով Աֆղանստանում անվտանգության հաստատման միջոցառումներին մասնակցող 48 երկրների շարունակական համագործակցությունը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը բազմազգ ուժերից Աֆղանստանի անվտանգության ուժերին փոխանցելու գործընթացում սահուն և զգուշավոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտութունը` միաժամանակ գոհունակություն հայտնելով աֆղանական ազգային անվտանգության ուժերի քանակական և որակական ընդլայնման վերաբերյալ ստացվող տեղեկատվությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը