Կարծիք

19.03.2020 10:53


Արամ Մանուկյան VS Նիկոլ Փաշինյան

Արամ Մանուկյան VS Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի 1–ին հանրապետության հիմնադրման մեջ հսկայական ավանդ ունեցող Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1879–ին և մահացել 1919–ին։

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հայ ժողովրդի ամբողջ պատմության մեջ Մանուկյանն իր հաստատուն տեղն ունի։

Մեր այսօրվա Հայաստանի գոյությամբ պարտական ենք Սարդարապատի հերոսամարտին, որի կազմակերպման հարցում հսկայական ավանդ ունի Մանուկյանը։

Արամ Մանուկյան, Նժդեհ, Դրո, Սիլիկյան, Բեկ–Փիրումյաններ. ահա՛ այն աստղաբույլը, որը պետական կյանք պարգևեց հայ ժողովրդին։

Մանուկյանը իսկական առաջնորդ էր։ Բառիս խոր իմաստով հայրենասեր էր և ժողովրդական։

Երբ հիվանդություն տարածվեց նոր–նոր ձևավորվող հանրապետության մեջ, Արամ Մանուկյանը վախից չթաքնվեց իր տանը, չզբաղվեց էժանագին քարոզչությամբ, չխուսափեց պատասխանատվություն վերցնելուց, անմիջապես լծվեց գործի ու կեղծ ժողովրդականություն չխաղաց։

Մանուկյանն իրապես «դուխով» գործիչ էր՝ դիկտատոր։ Նա չէր թաքնվել ոչ պատերազմի, ոչ էլ 1–ին հանրապետությանը ներսից հարվածող հիվանդությունների դեմ պայքարի օրերին։ Ժամանակակից լեզվով ասած՝ Մանուկյանը տեստը տեստի հետևից չէր փչացրել ու սեփական սխալ քայլերով համաճարակի տարածմանը չէր նպաստել։

Մանուկյանը մարդկանց կյանքը փրկելու համար մղվող պայքարում առաջին գծում էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով և հունվարի 29–ին մահացավ։

Մենք, իհարկե, երկար տարիների կյանք ենք մաղթում Նիկոլ Փաշինյանին ու թող հեռու մնա նա վարակներից, բայց որպես պետության ղեկավար նա, մեղմ ասած, շատ հեռու է պահանջվող որակներից։ Կորոնավիրուսը է՛լ ավելի բացահայտեց նրա անհամատեղելիությունը վարչապետի պաշտոնի հետ։

Արամ Մանուկյանը պետական գործչի օրինակելի կերպար է, իսկ Փաշինյանը՝ հակառակը։ Փաշինյանն Արամ Մանուկյանի մաշված կոշիկների կողքն անգամ չի կարող կանգնել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը