Հարցազրույց

07.04.2020 09:54


Սա կրկնակի հանցագործություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Սա կրկնակի հանցագործություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հասկանալի էր, որ Հայաստանը չէր կարող շրջանցել կորոնավիրուսի ներթափանցումը, բայց պետք է կառավարելի դարձնել ռիսկերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Կառավարությունը տապալել է կանխարգելման փուլը և փաստացի նպաստել է նրան, որ կորոնավիրուսը տարածվի։ Երբ արդեն հայտնի էր, որ կարող է լինել կորոնավիրուսի առկայություն Հայաստանում, իշխանությունը մարդկանց խմբերով հավաքում էր և հանրաքվեի հետ կապված ատելության քարոզ էր իրականացվում։ Եթե այս փուլում չգնա կոնկրետ քայլեր իրականացնելու ճանապարհով, ցավոք սրտի, կարող ենք դառնալ տարածաշրջանային Իտալիա»,-նշեց նա։

Հայաստանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 833 դեպք, իսկ Ադրբեջանում վարակվածների թիվը 584 է, Վրաստանում՝ 188։

«Տարածաշրջանում արդեն դարձել ենք առաջատարներից, իհարկե, վատ իմաստով։ Սա այն դեպքում, երբ մենք փաստացի ավելի քիչ բնակչություն ունենք, քան Վրաստանը, մեր սահմաններն ավելի փակ են եղել մինչև այս ճգնաժամային վիճակը և Վրաստան 4 անգամ ավելի զբոսաշրջիկ է այցելել։ Այսինքն, վիճակը Հայաստանի Կառավարության անգործությամբ է պայմանավորված»,-նկատեց Անդրանիկ Թևանյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ավելի շատ վերաբերում էր վերահսկելի հասարակություն ձևավորելուն, քան հենց կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

«Երբ Կառավարությունը քաղաքացուն առաջարկում է մնալ տանը, դա նշանակում, որ Կառավարությունն ինքը 24 ժամ պետք է աշխատի։ Աշխատանքը նշանակում է լայնամասշտաբ թեստավորում, առաջին հերթին ռիսկային խմբում գտնվող տարեցների, անմիջապես նրանց մեկուսացման քաղաքականություն իրականացվի։ Երկրի ղեկավարը կարող է արտակարգ իրավիճակի պայմաններում իրեն թույլ տալ ժամերով «հեռախոսային հանրահավաքներ» կազմակերպել կամ ժամերով լայվեր ապահովել, սա խոսում է այն մասին, որ Կառավարությունը չի աշխատում»,-ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարը։

Կորորանվիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար, ըստ Անդրանիկ Թևանյանի՝ պետությունը պետք է կարողանա բյուջետային վերաձևավորում իրականացնել հենց այս օրերին։ Պետք է կրճատել բոլոր այն ոլորների ծախսերը, որոնք այս պահին արդյունավետ և հեռանկարային չեն։

«Պարգևավճարների մասին ընդհանրապես պետք է մոռանան պաշտոնյաները, ովքեր հայտարարում են՝ գալիս ենք հանուն ժողովրդի աշխատելու, բայց ժողովրդի հարկերից գոյացած միջոցներով իրենց պարգևատրումներ են ապահովում։ Վերնախավի համար բյուջետային կրճատումներ պետք է իրականացվեն 1/3-ի չափով։ Գումարած «Իմ քայլի»՝ «Այո»-ի համար հավաքած միջոցները, երբ իրենք պետական ռեկետ էին արել մասնավոր բիզնեսից։ Այդ ամբողջ գումարները պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Մարդկանց գրպաններ պետք է գումար հասցնեն իշխանությունները, շատերի, հատկապես՝ օրավարձով աշխատողների համար կենաց-մահու խնդիր է առաջանալու»,-նշեց նա։

Ճգնաժամից դուրս գալու, տնտեսական վիճակի կայունացման համար, Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ իշխանությունները պետք է միջոցներ ներգրավեն միջազգային ֆինանսական կազմակերպություններից։

«Այսօր 100-ից ավելի պետություն կռիվ է տալիս Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից գումարներ բերելու համար։ ՀԲ-ից մեզ տրված 3 մլն դոլարը շատ չնչին գումար է, մեկ բնակչի հաշվով փաստացի 1 դոլար է հասել։ Սրանով հարց չի լուծվելու երբ տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր են պոկում պետությունները հանուն իրենց երկրի տնտեսական կոլափսից դուրս բերելու»,-ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը նկատում է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են վերացնել սահմանափակումները, քանի որ չեն կարողանում լուծել դրանց հետևանքով քաղաքացիների համար առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։

«Ապաշնորհությունը և ոչ կոմպետենտ վիճակը բերում է նրան, որ իշխանությունները լուծումներ չեն կարողանում առաջարկել տնտեսական և սոցիալական վիճակի մեղմման համար։ Ես միտում եմ տեսնում, ուզում են հող նախապատրաստել, որ դուրս բերեն երկիրը կարանտինային վիճակից՝ զուգահեռաբար պատրաստ չլինելով վիրուսային նոր օջախների բռնկմանը։ Փաստացի, ուզում են իրենց սկզբնական ծայրահեղությանը վերադառնալ՝ բանի տեղ պետք չէ դնել վիրուսին, գնացեք, ամեն մեկդ ձեր գլուխը պահեք, ինչ ուզում եք արեք։ Սա կարծում եմ՝ երկրորդ հանցագործությունն է լինելու ՀՀ քաղաքացիների հանդեպ և դրա համար մարդիկ կոնկրետ քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե այդպիսի արկածախնդիր և անհեռատես քայլերի գնան»,-նշեց «Պոլիտէկոնոմիայի» ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարությունը սահմանափակումների մեղմացման կարող է գնալ։ Նման հայտարարության առիթ էր հանդիսացել նախօրեին կորոնավիրուսի դեպքերի քիչ թիվը՝ 263 թեստից 11-ն էր դրական եղել․ «Եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, նշանակում է՝ մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,-ասել էր վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը