Քաղաքական

18.03.2011 14:13


Ր. Հովհաննիսյան. «Եթե հասարակությունն ուզում է իրական արդյունքի հասնել, ինքը պետք է սահմանի օրակարգ և չսպասի, որ հարթակից իրեն հրահանգեն»

Ր. Հովհաննիսյան. «Եթե հասարակությունն ուզում է իրական արդյունքի հասնել, ինքը պետք է սահմանի օրակարգ և չսպասի, որ հարթակից իրեն հրահանգեն»

Արդեն 4–րդ օրը Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար  Րաֆֆի  Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե հասարակության կողմից Ազատության հարապարակի երեկվա վերանվաճումը շատ դրական էր, բայց ոչ՝ վերջնական հաղթանակ։

Մեր պահվածքից կերևա, թե սա սրտի մխիթարա՞նք է, ինչ–որ մի օրվա բարոյական հաղթանակ, որ պատմության մեջ  կասվի, որ այս օրը հայ ժողովուրդը վերատիրացավ իր իրավունքին, թե՞ կունենա  շարունակություն, որը ենթադրում է էական վերափոխում հասարակական պահանջի մեջ և քաղաքական գործիչների ու հոսանքների մեջ,–ասել է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝  որպեսզի հեղափոխությունը տեղի ունենա, ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կատարեն ժողովրդի պահանջը, այլ ոչ թե իրենք հրահանգներ տան։

Եթե հասարակությունն ուզում է իրական արդյունքի հասնել, քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և իրավական օրակարգն ինքը պետք է սահմանի և չսպասի, որ հարթակից իրեն հրահանգեն։ Անցել են այն ժամանակները, որ որևէ անուն՝ նախկին կամ ներկա նախագահ, նախկին կամ ներկա նախարար, ինքը սահմանի ժողովրդի համար, ինքը հրահանգ իջեցնի, թե որն է ժողովրդի շահը, որն է ժողովրդավարությունը մեր երկրում, և որն է սահմանադրական իրավունքը,–ընդգծել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե ողջունելի է, որ երեկ ցուցարարները մտել են Ազատության հրապարակ, սակայն եթե ուզում են հերթական անգամ չհիասթափվել,  այսօրվանից իրենց հրահանգը պետք է իջեցնեն ընդդիմությանը՝ «Ժառանգությանը,  ՀԱԿ–ին, ՀՅԴ–ին, ԺԿ–ին, ՆԺԿ–ին և այլն։

–Ես ասում եմ, որ եթե մենք չենք ուզում ունենալ հերթական բարոյական, այլ քաղաքական հաղթանակը, պետք է Ազատության հրապարակի վերանվաճումը դարձնենք ոչ միայն համաժողվրդական տոնախմբություն՝ մեկ–երկու ժամվա համար  գանք– գնանք, այլ ունենանք տևական նվաճում։ Նշանակում է, որ հասարակությունը ընդդիմությանը պետք է պարտադրի նոր բանաձև։ Առանձին–առանձին ինքնագոհ դասական  քաղաքական պայքարով ընթանալը նշանակելու է հերթական հիասթափություն, կործանում,–հայտարարել է նա։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը