Աշխարհ

22.03.2011 09:37


Դիվերսիոն գրոհներ Ապրիլի 24-ի նախաշեմին

Դիվերսիոն գրոհներ Ապրիլի 24-ի նախաշեմին

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքական, հոգեբանական դիվերսիոն գրոհները հայ-թուրքական հարաբերությունների հոլովույթում էլ ավելի են հաճախանալու: Հնարավոր բոլոր առիթներն ու հարթակները թուրքերն օգտագործելու են Արևմտահայոց կոտորածի ժխտողականության և պատմության կեղծարարության իրենց թեզն աշխարհին ներկայացնելու համար: Ընտրելով «ինքնաարդարացման» տեղեկատվական պատերազմի ճանապարհը, անկախ արդյունքից, նրանք գրոհելու են…, և այնքան ժամանակ, քանի դեռ անպատիժ են մնում:

Այն պահին, երբ աշխարհն ուշի ուշով հետևում է արաբական երկրներում հեղափոխության ալիքի ծավալմանը, շատ երկրների ղեկավարներ շտապում են վերանայել իրենց նախընտրական խոստումները, բարեփոխումների ծրագրերն ու հետագա անելիքները: Մինչ գարնան զարթոնքի հետ Հայաստանում «հեղափոխական» ալիքի շունչը «կբացվի», որպես ներքաղաքական զգուշավորություն, վաղօրոք ստորագրվեց կոալիցիոն հուշագիր: Այդուհանդերձ, աշխարհում ծագած հեղափոխությունները և հայաստանյան ներքաղաքական զարգացումները չքողարկեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի օրակարգային լինելու հանգամանքը: Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման շուրջ քաղաքագետների տարաբնույթ կարծիք-վերլուծությունների, ազերիների կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքի պակաս այս անգամ ևս չզգացվեց: Չնայած` ԵԱՀԿ դիտորդներն ու հանձնակատարները Հարավային Կովկասը դարձրել են իրենց □երկրորդ□ հայրենիքը, տարածաշրջանը շարունակում է մնալ □նիրհած□ հակամարտությունների խառնարան` ցանկացած պահի ժայթքելու պատրաստ:

Մինչ մեր հասարակությունը հետևում է միջազգային ու ներքաղաքական զարգացումներին, Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեղի են ունենում թուրք-ադրբեջանական, արևմտա-եվրոպական քաղաքական և հոգեբանական դիվերսիոն հարձակումներ` ուղղված հայ ժողովրդի դեմ: Միջերկրական ծովի ավազանում նոր դիրքեր ամրագրող Արևմուտքն ու Եվրոպան չեն հրաժարվում իրենց ոչ վաղ անցյալի ծրագրից. պարբերաբար հանդես են գալիս Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները վավերացնելու կոչերով: Իսկ թուրք-ադրբեջանական դիվերսիոն գրոհները այլևս վաղուց անակնկալ չեն: Դրանց պետք է, պարզապես, ժամանակին արձագանքել և հակազդել:

Ժամանակն օ‎գնում է առերեսվել ճշմարտությանը, ինչից խուսափում են գերտերությունները. այն հակասում է իրենց շահերին: Թուրքիայի մեկդարյա մեղսակցության անպատժելիությունը «քողարկվում է» գերտերությունների ինքնախաբեության շղարշի ներքո: Թուրքերի շրջանում առկա հակահայ հիստերիան բացահայտ արտացոլվում է պետական բարձրաստիճան մարմինների, քաղաքական գործիչների շրջանում, ովքեր հրապարակայնորեն միմյանց վիրավորում են` «հայ» անվանում կամ «հայկական ծագում վկայակոչում»։

Հակահայ քարոզչության մեքենան աշխատում է անդադրում, առավել ակտիվանում է Ապրիլի 24-ի նախաշեմին: Հերթական ստոր քայլերից մեկը շաբաթներ առաջ Նյու Յորքում թուրք-ամերիկյան համատեղ նախագծով «Սիրել» պիեսի բեմադրումն էր` ըստ Նեհիր Ռոգենդոր‎ֆ Էյուբօղլու «Հերոսի տխուր սերը» վեպի, որը ներկայացնում էր 1920-ականներին Ստամբուլին հարող կղզիներից մեկում ապրող հայ գեղեցկուհու և Աթաթուրքի «սիրային» պատմությունը: Անարգելով սիրո գեղեցիկ զգացումը` լկտիաբար «դարի ոճրագործին» դարձնում են «ռոմանտիկ սիրահար», հայուհուն` «սիրո էակ»: Եվ դա` 1920 թվականին, երբ Հայոց ցեղասպանությունը դեռ չէր ավարտվել: Ինչպե՞ս կարող էր հայուհին` Հերմինեն երազել բոլոր ժամանակների մեծագույն դահիճի սերը` ով ոչ միայն իր հարազատներին ու բարեկամներին, այլև հարազատ ժողովրդի մտավոր ու գալիք սերնդի սերուցքը գազանաբար խոշտանգեց: Թուրքիան հնարավոր բոլոր լծակները օգտագործում է, այդ թվում` մշակութային, Արևմուտքին ու Եվրոպային, առ հասարակ, ողջ աշխարհին հիմարեցնելու իր թեզը պաշտպանելու համար: Անբարո զազրանք` հայ նահատակների հիշատակի ոգեկոչման տարելիցի նախաշեմին, անհեթեթ բարբաջանք` թե դեռևս 1920 թվականին □թուրքերի ու հայերի սերը փոխադարձ է եղել□: Այնինչ, ատելության ու վրեժի ցասումն է, որ մեկ դար է հանգիստ չի տալիս Արևմտահայոց ցեղասպանությունից մազապուրծ հայության ժառանգներին…:[1]

Աշխարհասփյուռ հայությանն ուղղված քաղաքական և հոգեբանական դիվերսիան օրերս իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Հայաստանում. փետրվարի 20-26-ը Հայաստանի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և «Federation of European Biochemistry Societies» (FEBS) աջակցությամբ Երևանում կազմակերպված «Ժամանակակից գենետիկա. գենոմենի առկայություն և դրա պատասխանները» թեմայով դասախոսությունների ժամանակ, որի շրջանակներում Հայաստան էին ժամանել մի խումբ գիտնականներ: Նրանց գալն ու գնալը, ծավալած գործունեությունը մեր ուշադրությունից կվրիպեր, եթե սույն թվականի փետրվարի 22-ին http://hetq.am/am/society/dnt/ էլեկտրոնային կայքում տեղ չգտներ ԱՄՆ-ի Բոյզելի պետական համալսարանի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի վարիչ Գրեգ Համփիկյանի հետ Ինգա Մարտինյանի հարցազրույցը «Հայերի և թուրքերի ԴՆԹ-ն նո՞ւյնն է» վերտառությամբ:

Կենսաբանական փորձաքննության կարիք չկա, անշուշտ, Գրեգ Համփրիկյանի քրոմոսոմների հայկական ծագումը պարզելու համար. ամեն ինչ պարզ է. ինքնաարտահայտման հնարավորությունն օգտագործելով, նա անզգուշորեն ցույց տվեց իր քողազերծված դեմքը: □Գիտնականի□ անզուսպ արտահայտությունները վրիպեցին ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների, այլև շատերի ուշադրությունից: Մինչդեռ, նա պետք է բացատրություն տար իր խոսքերի համար…: Հարցազրույցի ընթացքում, զգալով սխալը, Համփրիկյանը փորձել է ուղղել, նախ` բարեկիրթ երևալու համար հաճոյախոսել է հայուհիներին. «անչափ տպավորված էր հայ կանանց սև մուգ մազերով և աչքերով և չնայած իր` մասնագիտությամբ լրագրող կնոջ հետ է եկել, բայց նրան էլ խոստովանել է, որ այստեղ կանայք շատ գեղեցիկ են», ապա` սրտացավ հայրենասերի ու հավատացյալ հայի կերպար ստեղծելու համար հայտարարել, որ «Հայոց ցեղասպանության թանգարան ու Սուրբ Սարգիս եկեղեցի է գնացել»: Նա «Հայաստանում ամեն ինչ հավանել է, բացի փակ սահմանից». այս «երգն» արևմտա-եվրոպական նոտաներ ունի, և Համփրիկյանն ամենևին էլ Արարատ լեռան լանջին փարվելու կամ մի բուռ հող տուն տանելու փափագով չի տառապում: Ասելիքը հիմնավորելու համար վկայակոչում է ԱՄՆ-ի և Ճապոնիայի օրինակը. «այս երկրները մոռացել են Հերոսիման ու Նագասակին և համատեղ տնտեսական ծրագրեր են իրականացնում»:

Որքանո՞վ է համոզված և վստահ, որ ճապոնացիները մոռացել են ատոմային ողբերգությունը, որի կործանարար հետևանքները մինչ օրս զգում են…: Ինչո՞ւմն է բուն ասելիքը արևմուտքի □գիտության բարեխոս գործակալի□, եթե ոչ` 1915-ին Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը մոռանալու առաջարկ, ոճրագործին ներելու և Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները վավերացնելու հերթական էժանագին կոչ: Եվ այս ամենը Ապրիլի 24-ի նախաշեմին, երբ աշխարհասփյուռ հայությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման 96-րդ տարելիցին: Համփիկյանին ու նրա նմաններին հիասթափեցնեմ` հայ ժողովուրդը չի‏ տառապում ամնեզիայով (հիշողության կորստով) և չի պատրաստվում ներել ոճրագործին, որ չի մեղանչում իր կատարած ոճիրների համար և դեռ անպատիժ է մնացել:

Խոսքի ազատության իրավունքի ամրագրումն ամենևին չի նշանակում, որ Գրեգ Համփիկյանը կարող է իրավունք վերապահել իր «գիտական ցնդաբանությունը» բարձրաձայնել ի լուր աշախարհի. «Ուսումնասիրելով ԴՆԹ-ն` հանգել է այն եզրակացության, որ թուրքերի և հայերի միջև տարբերություններ չկան, Աստված նրանց նման է ստեղծել, բացի դրանից` նա նշեց նաև մշակութային և կենցաղային նմանությունները»: Հայոց և համաշխարհային պատմությունից տկար գիտնականին հիշեցնեմ, որ քոչվոր ու խաշնարած ցեղախումբը չէր կարող մտքի ու երևակայության թռիչք ապրել` հավասարվելով հազարամյակների հայ քաղաքակրթական մշակույթին: Ինչ վերաբերում է գիտական եզրակացությանը` □թուրքերի և հայերի գեների նմանության□ զառանցանքին, հավելեմ, որ Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկներ իրենց ինքնությունը` հայ լինելը, չհասցրեցին գիտակցել. բռնությամբ դարձան մահմեդական…: Մի՞թե նրանց ժառանգները չեն, որ այսօր Համփիկյանին գիտական մեծ շփոթության առաջ են կանգնեցրել, ինչն էլ հիմք է հանդիսացել «գեների նմանության» նրա վարկածին: Երկու ժողովուրդների «գեների նմանության» հակագիտական «թեզը» պետք է Համփիկյանն անձամբ վերանայի ու սրբագրի և լավություն անի այն «թուրքերին», որոնց գենը նման է հայերինին` օգնի նրանց վերադառնալ ինքնության ակունքներին` Հայկական արմատներին: Դա կլինի այն գրքի նախաբանը, որը ցանկանում է գրել Համփիկյանը…:

Հակահայ դիվերսիոն գործողությունները, լինեն` քաղաքական, հոգեբանական թե ռազմական, մեզ ստիպում են սթափ լինել և արագ արձագանքել, կանխարգելով ցանկացած ոտնձգություն` ուղղված հայ ժողովրդին, Հայոց պետականությանը, հայ մշակույթին:

Ջեմմա Բաղդադյան

«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը