Քաղաքական

23.03.2011 15:27


Լևոն Զուրաբյանը՝ 6 անգամ. «Ես տվեցի այդ հարցի պատասխանը և համարում եմ թեման փակված»

Լևոն Զուրաբյանը՝ 6 անգամ. «Ես տվեցի այդ հարցի պատասխանը և համարում եմ թեման փակված»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պարզբանել է, որ  իր քաղաքական ծոմապահությունը կապ չունի կրոնական ծիսակարգի հետ, և դրանից հետո հնարավո՞ր է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, որը կրոնական տեսանկյունից էր բացատրել Րաֆֆի Հովհանիսյանին չմոտենալու փաստը, որոշի,  ի վերջո, մոտենալ և իր զորակցությունը հայտնել նրան՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե ինքը միայն տեսականորեն կարող պատասխանել այդ հարցին։

–Եթե որևէ մարդ ցանկանում է, որ հանրությունը ընկալի իր ակցիան որպես քաղաքական հացադուլ, ինչը շատ լուրջ բան է, ինքը ընդամենը մեկ մոգական ֆրազ պետք է արտասանի. «Այս է իմ պահանջը, և ես իմ հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ այս պահանջը բավարարվի»։ Հենց սա ասվում է, բոլորը սկսում են դա ընկալել որպես լուրջ քաղաքական ակցիա,–նշել  է նա։

Պատասխանելով հարցին, թե եթե Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը քաղաքական չէ, ապա ի՞նչ է՝ Լևոն Զուրաբյանը ասել է.

Այդ հարցին արդեն պատասխանել է առաջին նախագահը, և կարծում եմ, որ սպառիչ կերպով, և համարում եմ թեման փակված։

«7օր»–ը հետաքրքրվել է, թե ասվածից կարելի՞ է ենթադրել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի արտահայտած տեսակետին ինքը համամիտ է։

Դուք կարող եք ենթադրել այն, ինչ ցանկանում եք, իսկ ես ասում եմ այն, ինչ որ ես ասում եմ,–պատասխանել է Լևոն Զուրաբյանը։

Դուք համամի՞տ եք Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած տեսակետին,–հստակեցրել են հարցը լրագրողները։

Ես այդ հարցին պատասխանեցի արդեն։ Առաջին նախագահը տվել է սպառիչ պատասխան, և ես համարում եմ թեման փակված, ոչինչ դրան ավելացնելու չունեմ,–ընդգծել է ՀԱԿ համակարգողը։

Այսինքն՝ այն մարդիկ, այդ թվում նաև ՀԱԿ շատ անդամներ, որվքեր գնացել են և զորակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, նո՞ւյնպես Լևոն Տեր–Պետրոսյանի կրոնական բարոյական կոդեքսից դուրս են,–հետաքրքրվել է «7օր»–ը։

Ես արդեն պատասխանեցի այդ հարցին և համարեցի թեման փակված,–պնդել է Լևոն Զուրաբյանը։

–Իսկ կարդացի՞ք Հովհաննես Մանդակունու մատենագրության այն հատվածը, որը վերաբերում էր ոխին և կեղծիքին, ինչպես խորհուրդ էր տվել Րաֆֆի Հովհաննիսյանը,–հարցրել են լրագրողները։

Ես թեման համարում եմ փակված,–դարձյալ կրկնել է Լևոն Զուրաբյանը և շարունակել նույն նախադասությունը կրկնել այնքան, մինչև լրագրողները, հույսները կտրած այս թեմայի վերաբերյալ հնչեցրած իրենց հարցերի պատասխանը ստանալուց, «փակել են թեման» և  սկսել այլ թեմաների անդրադառնալ։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը