Կարծիք

07.06.2020 13:25


Կորոնավիրուսային Ամերիկան ցնցվեց․ կկարողանա՞ արդյոք խուսափել նմանատիպ ցնցումներից Հայաստանը․ մաս 1-ին

Կորոնավիրուսային Ամերիկան ցնցվեց․ կկարողանա՞ արդյոք խուսափել նմանատիպ ցնցումներից Հայաստանը․ մաս 1-ին

Այսպես կոչված կորոնավիրուսային ժամանակաշրջանում այսօրվա ԱՄՆ-ի ցնցումներն ամենամեծն էին 21-րդ դարում:

Ինչո՞ւ Ջորջ Ֆլոյդի սպանությունը այս աստիճան ցնցեց Ամերիկան: Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է հասկանալ, թե ինչ էվոլյուցիա է ապրել այս երկիրը վերջին 50 տարվա ընթացքում:

Արևմուտքը շարժվում է քաղաքական ինքնասպանության ճանապարհով

Պատրիկ Բյուկենեն

Հիշեցնենք, որ սույն գործիչը համարվում է ամերիկյան պահպանողական փիլիսոփայության ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Բյուկենենն աշխատել է ԱՄՆ-ի երեք նախագահների՝ Նիքսոնի, Ֆորդի և Ռեյգանի հետ՝ որպես ավագ խորհրդական: Բյուկենենը համարվում էր Ռեյգան-Գորբաչով քաղաքական համաձայնության կնքման գաղափարական հայրերից մեկը, որի արդյունքում, ավարտվեց «սառը» պատերազմը:

Բյուկենենը հպարտ էր, որ նաև իր ջանքերի արդյունքում խորհրդային կոմունիզմը պարտվեց արևմտյան կապիտալիզմին:

Սակայն, այդ պարտությամբ, ըստ Բյուկենենի, Արևմուտքի համար սկսվեց մի նոր, ավելի վտանգավոր փուլ, որը նույնիսկ կարող է ավարտվել քաղաքական ինքնասպանությամբ: Այդ մասին է նրա «Արևմուտքի մահը» հայտնի աշխատությունը:

Ըստ Բյուկենենի՝ Ֆրենսիս Ֆուկույամայի հայտնի «Պատմության ավարտը» աշխատությամբ նկարագրված կոմունիզմի ավարտից ու Արևմուտքի իբր լիակատար հաղթանակից հետո իրականում սկսվելու է արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը, որը կարող է ավարտվել լիակատար կործանումով: Իր այդ տեսակետով Բյուկենենը կրկնում է Շպենգլերին, որի աշխատությունը կոչվում էր «Եվրոպայի մայրամուտը»:

Ի՞նչ նկատի ուներ Բյուկենենը, երբ խոսում էր արևմտյան քաղաքակրթության վերացման մասին:

Բանն այն է, որ երբ Բյուկենենը նշում է, որ կոմունիզմը պարտվեց արևմտյան քրիստոնեության փիլիսոփայությանը, ճիշտ էր, սակայն՝ մասամբ:

Այո՛, իր բարոյականության քրիստոնեական հիմքով արևմտյան արժեքները հաղթեցին աթեիստական կոմունիզմին: Սակայն այդ հաղթանակում իր լուման ունեցավ նաև այսպես կոչված արևմտյան «ձախ լիբերալ» գաղափարախոսությունը, որը հիմնված էր գեդոնիստական արժեքների վրա: Ավելին, այդ արժեքները նույնիսկ վճռական դեր կատարեցին կոմունիզմի փլուզման հարցում:

Խորհրդային ժողովուրդներն ըմբոստացան կոմունիզմի դեմ, որովհետև մարդիկ տեսնում էին, որ արևմտյան երկրներում քաղաքացիների կենսամակարդակը մի քանի անգամ ավելի բարձր էր, քան կոմունիստական համակարգ ունեցող երկրներում: Հենց դա էր այն գլխավոր պատճառը, որ մղեց մարդկանց փոփոխությունների: Մնացածն ածանցյալ բնույթ էին կրում:

Ավելին, ԽՍՀՄ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն և մյուս արևմտյան երկրներն ավելի էֆեկտիվ էին գործում, երբ աջակցում էին ոչ թե Պինոչետի նման ռեժիմներին, այլ մարդու իրավունքների շարժումները Լեհաստանում, Հունգարիայում և ԽՍՀՄ-ում:

Հենց այդ ժամանակ էլ առաջ եկան այն արժեքները, որոնք Բյուկենենն անվանում էր Արևմուտքի համար կործանարար:

Որո՞նք էին այդ արժեքներն ու հոսանքները:

Առաջին

Ձախ լիբերալ շարժում, որտեղ շուկայական համակարգը պետք է գործեր առանց մեծ քանակի մեծահարուստների շերտի: Այսօր այդ փիլիսոփայությունը գործում է գրեթե բոլոր եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների մոտ։

Երկրորդ

Մուլտիկուլտուրալիզմի փիլիսոփայությունը: Դա նշանակում էր, որ բոլոր զարգացած երկրները պետք է հրաժարվեին էթնիկ ազգայնականությունից, ռասիզմից: Ավելին, պատմական անարդարությունը վերականգնելու համար, Արևմուտքում առավելապես պիտի խրախուսվեն ազգային և ռասայական փոքրամասնությունները։

Երրորդ

Ֆեմինիզմի զարգացում: Դա նշանակում էր, որ կնոջ դերը պետք է էապես բարձրացվեր, գրեթե բոլոր բնագավառներում: Իսկ որոշ տեղերում նույնիսկ արհեստական ձևով:

Չորրորդ

ԼԳԲՏ շարժմանը աջակցություն: Դա նշանակում էր, որ հանրության մեջ սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչների դերը նույնպես պիտի մեծացվի, իսկ որոշ տեղերում նույնիսկ արհեստական ձևով:

Բոլոր այս չորս հիմնական ուղղությունները նախկինում մշակվել էին այսպես կոչված նեոմարքսիստական ֆրանկֆուրտյան դպրոցի ներկայացուցիչների կողմից: Իսկ մինչ այդ վերոնշյալ հիմքերը դրվել էին հայտնի կոմունիստ Անտոնիո Գրամշիի, Դյորդյա Լուկաչի աշխատություններում, Ադոռնոյի և Մարկուզեի գործերում:

Ինչպե՞ս ստացվեց, որ այս նեոմարքսիստական հոսանքներն օգտակար դարձան ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների համար:

Պատասխանը շատ պարզ է: Նախ այս հոսանքներով ավելի հեշտ էր հաղթել կոմունիզմին, և, բացի այդ, ազատության հաղթարշավը վաղ թե ուշ դնելու էր այդ խնդիրները նաև արևմտյան ժողովուրդների առջև:

Եվ հենց այստեղ էր, որ Բյուկենենը և նրա նմանները հասկացան՝ հաղթելով կոմունիզմին և այս ուղենիշները որդեգրելով՝ Արևմուտքը տանուլ է տալու նաև արևմտյան քաղաքակրթությունը նույնպես:

Այսօրվա գլոբալիզմի հիմքում ընկած են վերը նշած այդ չորս հիմնասյուները, որոնք գրեթե հաղթանակ են տարել Արևմուտքում, և վերջինս փորձ է կատարում այն ներդնել նաև մյուս զարգացող երկրներում:

Ինչո՞ւ Դոնալդ Թրամփը քանդեց գլոբալիստների բոլոր ծրագրերը

Բանն այն է, որ վերը նշված այս չորս հիմնական ուղղությունները, որոնք ընկած են գլոբալիստների ծրագրերում՝ որպես հենասյուն տնայնավորվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Ահա թե ինչու ցանկացած ուժ, ով կասկածի տակ է դնում այդ արժեքները, համարվում է վտանգավոր:

Սակայն ԱՄՆ-ում կատարվեց անհնարինը՝ 2016-ին իշխանության եկավ մի մարդ, ով կապ չուներ այդ արժեքների հետ: Այդ մարդու անունը Դոնալդ Թրամփ էր: Վերջինս, իհարկե, դասական իմաստով քաղաքական գործիչ չէր: Նա գործարար էր և խոսում էր հասարակ, առավելապես սպիտակ ամերիկացիների համար հասկանալի լեզվով: Ճիշտ է ինքն իրական պահպանողական չէր, սակայն իր անփորձ հայտարարությունները սկսեցին խարխլել վերը նշված գլոբալիզմի հիմնասյուները:

Սա նույնն է, որ Գորբաչովը իշխանության գալուց հետո, կազմաքանդելով կոմունիզմի հիմքերը, ակամայից վարկաբեկեց նաև ողջ համաշխարհային կոմունիստական շարժումները: Հենց դրանից հետո այլ երկրներում կոմունիստական շարժումները փաստացի վերացան:

Թրամփի այսօրվա գոյությունը սպառնում է գլոբալիստներին հենց այդ նույն սկզբունքով: Եթե կոմունիզմի հայրենիքը համարվող ԽՍՀՄ-ում փլուզվեց այդ գաղափարախոսությունը, ապա դրա արդյունքում փլուզվեցին նաև մյուս երկրների կոմունիստական շարժումները: Քանզի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելը համոզիչ չէ:

Հենց այդ պատճառով էլ գլոբալիստները մտահոգված են, որ եթե Թրամփը շարունակի պաշտոնավարել ևս չորս տարի, ապա գլոբալիզմը՝ որպես արժեքներ, մեծ հարված կստանա ԱՄՆ-ում, և որպես բումերանգ՝ այդ հարվածը կտարածվի նաև մյուս երկրների վրա:

Ահա թե ինչու Թրամփի դեմ արշավն ստացել է այս չափ մեծ մասշտաբներ:

Պետք է նշել նաև, որ Թրամփն իր տեսակով գաղափարախոս չէ, նա գործարար է և պոպուլիստ, բայց միևնույն է վտանգավոր է գլոբալիստների համար:

Այսպիսով, եթե բնութագրենք այսօրվա ցնցումները ԱՄՆ-ում, ապա կարող ենք նշել, որ այս պայքարի գլխավոր դերակատարներն են մի կողմից Թրամփը՝ որպես ընտրված նախագահ, մյուս կողմից գլոբալիստները: Վերջիններս կոնսոլիդացված են դեմոկրատական կուսակցության շուրջ, քանզի միայն ընտրության միջոցով է հնարավոր հեռացնել Թրամփին իր պաշտոնից:

Բացի այդ, Թրամփի դեմ է աշխատում նաև կորոնավիրուսի գործոնը:

Այսօր արդեն գործազուրկների թիվն ԱՄՆ-ում անցել է 30 մլն ցուցանիշը, և դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կսպասվեն վաղը:

Եվ վերջապես, Թրամփի դեմ պայքարի որպես լավ պատրվակ ընտրվեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահը: Մահ, որը ցնցեց ԱՄՆ-ի ողջ սևամորթ համայնքին:

Նշենք, որ սևամորթները, կազմելով բնակչության մոտ 15 տոկոսը, այսօր գործազուրկների 70 տոկոսն են: Կորոնավիրուսից մահացածների մոտ 80 տոկոսը նույնպես սևամորթներ են:

Այս թվերը ցցուն են դարձնում նրանց իրական կարգավիճակը: Բայց և միաժամանակ, նրանք սովորաբար խիստ պասիվ ընտրողներ են: Եվ ահա Ֆլոյդի մահից հետո գլոբալիստները՝ դեմոկրատների հետ միասին, մեծ հույս են տածում, որ կկարողանան սևամորթների մոտ առկա հակաթրամփյան տրամադրությունները կապիտալիզացնել այս տարվա նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքում:

Հենց այդ պատճառով է, որ ընդամենը մեկ ամիս առաջ բոլորովին անհայտ Ֆլոյդը այսօր հետմահու դարձել է համարյա ազգային հերոս, որի մահվան համար սգում են նույնիսկ եվրոպացի հայտնի պետական գործիչները:

Բացի այդ, Թրամփի դեմ են տրամադրված ԱՄՆ-ի, այսպես կոչված, խորքային պետության կառույցները: Պատճառը նույնպես հասկանալի է: Այդ կառույցները հիմնված էին վերը նշված չորս գաղափարական ուղղությունների վրա, որի դրոշի տակ է ԱՄՆ-ն աշխարհին ներկայացնում իր համաշխարհային առաքելության գաղափարը: Այն, որ Բյուկենենը ճիշտ է և վերջնարդյունքում այս թրենդը կազմաքանդելու է նաև ԱՄՆ-ը, ակնհայտ է: Այսօր արդեն չինական տնտեսությունը, Փաշինյանի բառապաշարով ասած, գրեթե ասֆալտին է պառկեցրել ամերիկյան տնտեսությունը: Ինչպես որ ժամանակին ԽՍՀՄ-ի օգնություններն աշխարհի կոմունիստական շարժումներին վերջնարդյունքում կազմաքանդեցին սեփական տնտեսությունը և երկիրը, այդպես էլ ԱՄՆ–ի հետ կարող է լինել:

Ե՞րբ կիրականանան Բյուկենենի կանխատեսումներն ԱՄՆ-ի մասով, այս տարի՞, թե՞ չորս տարի անց, դժվար է կանխատեսել: Սակայն, այն, որ այդ երկիրն ընթանում է այդ ճանապարհով, փաստ է: Իսկ կորոնավիրուսը կարող է պարզապես կատալիզատորի դեր ստանձնել:

Հենց այս իմաստով էլ ամերիկյան ներկայիս ցնցումներն այս աստիճան ուժգին բնույթ ունեցան:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը