Հարցազրույց

08.06.2020 23:10


«Սրանց համար Արցախի ղեկավարը մարզպետ է, իսկ 5-րդ ալիքի փակումը՝ իրականացվող մեծ ծրագրի մի մասը». Հարությունյան (տեսանյութ)

«Սրանց համար Արցախի ղեկավարը մարզպետ է, իսկ 5-րդ ալիքի փակումը՝ իրականացվող  մեծ ծրագրի մի մասը». Հարությունյան (տեսանյութ)

5-րդ ալիք հեռուստատեսության հեռարձակումն Արցախում դադարեցնելն ունի քաղաքական ենթատեքստ։ Ես նման պնդում եմ անում՝ պարզապես համադրելով առկա փաստերը։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց 5-րդ ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ից Ստեփանակերտում իրենց հեռուստաընկերության հեռարձակման դադարեցմանը։

«Ես շատ կուզեի հավատալ, որ խնդիրը տեխնիկական է, և մինչև Արցախի նախագահի խոսնակի հայտարարություն անելը ես նրա հետ այս հարցով խոսակցություն եմ ունեցել։ Ես հունիսի 1-2-ին արդեն զրուցել էի Արցախի տարբեր կառույցների ղեկավարների հետ, բայց նկատի ունենալով, որ գործ ունենք Արցախի հետ, պարզապես չէի ցանկանում հարցը քաղաքականացնել և «կրակից շագանակներ հանել»։ Այս լուրը պայթեց, երբ անկախ պատգամավորն այդ մասին գրառում արեց ու հայտնեց, որ մեզ Արցախում փակել են։ Ես հեռուստատեսությունում բավականին երկար եմ աշխատել և աշխատում եմ նաև այժմ, ուստի շատ լավ գիտեմ՝ ինչ ասել է՝ տեխնիկական խնդիր։ Հավաստիացնում եմ՝ չկա այդպիսի բան, և իմ այս ասածը գալիս է հաստատելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետևյալ նախադասությունը, թե ինչու Յուրի Խաչատուրովը կգնա Արցախում արգելափակված հեռուստաընկերությանը հարցազրույց կտա, իսկ իրենց հանձնաժողովին չի տա։ Ես հստակ այն համոզման եմ, որ պատվերն իջեցվել է Հայաստանի կողմից, որն էլ Արցախում կատարվել է։ Դե, Արցախ են գնացել, ինագուրացիա է եղել, հանդիպել են, շնորհավորել են, խոսել են, ձեռքի հետ էլ ասել են՝ արա, նա էլ արել է»,-ասաց Հարությունյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ քայլեր են կատարվում, որոնց նպատակ է՝ հանրային տրամադրություններ շոշափել, ինչի մեկնարկը տրվել էր դեռևս Գյումրիում, երբ Արցախի նախագահին անվանեցին մարզպետ։

«Աշխարհը որ շուռ գա, ինձ համար հստակ է՝ Արցախն ունի նախագահ, բայց այս մարդկանց համար նախագահ չէ, մարզպետ է։ Պատկերացրեք՝ որևէ մարզում հատուկ գործողություն իրականացվի ԱԱԾ-ի կամ ոստիկանության միջոցով, այդ ժամանակ ի՞նչ է անելու մարզպետը, իհարկե՝ ոչինչ, բայց իրավիճակն այլ է լինում, երբ դու նախագահ ես։ Այս ամեն ինչը, որը դեռևս սկսվել է Գյումրիից, բերում հանգեցնում է դրան։ Սա շատ մեծ ծրագիր է, որն իրականացվում է, և գուցե Փաշինյանն այս պարագայում ուղղակի գործիք է»,-ասաց Հարությունյանը։

Հարություն Հաությունյանի հետ խոսեցինք նաև «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի մասին, որը 5-րդ ալիքով հեռարձակվելուց հետո արժանացավ իշխանական տարբեր ներկայացուցիչների քննադատություններին։

«Ես արել եմ մի ֆիլմ, որի դեպքում շատ ավելիից եմ տեղյակ, բայց ներկայացրել եմ շատ ավելի քիչ բան՝ հաշվի առնելով, որ գործ ունենք ռազմական գործի, անվտանգության խնդիրների և Արցախի հետ։ Ես կարծում եմ՝ ֆիլմը ստացվել է, իսկ թե ինչ ազդեցություն այն ունեցավ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վրա, դա թողնում եմ հանրության դատին, սակայն ուզում եմ շեշտել, որ ֆիլմի պրեմիերայից հետո այն սվիններով ընդունվեց որոշ մարդկանց, հիմնականում՝ «Իմ քայլի» պատգամավորներից շատերի կողմից։ Իհարկե, եղել է նաև այդ նույն խմբակցության պատգամավոր, որը շնորհակալություն է հայտնել լավ ֆիլմի համար, բայց շատերը դա սվիններով ընդունեցին»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ասել են, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորված, կամ շրջանառել են զենք կամ դիզվառելիք չլինելու, բահով կռվելու մասին պատմություններ, որոշ ժամանակ անց ասացին այն, ինչը ես ցույց եմ տվել այդ ֆիլմում։

«Փաստ է, որ այն, ինչ այդ ֆիլմով մատուցել ենք հանրությանը, ցեմենտ-բետոն արված ճշմարտություն է, որը քանդման ենթակա չէ»,-ասաց Հարությունյանը։

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմի հեղինակի խոսքով՝ բավականին երկար ժամանակ փորձել է փնտրել, գտնել ու ցույց տալ նաև մեդալի հակառակ կողմը, սակայն տեսել և լսել է ավելի լավ բաներ։

«Ավելի լավ բաներ եմ տեսել, լսել ու գտել, որոնք ֆիլմում չեն արտացոլվել ու չեն արտացոլվել միայն խնդրանքով»,-ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն դժգոհությանը, որ եղել են մարդիկ, որոնք համաձայնել են «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի համար հարցազրույց տալ, սակայն հրաժարվել են գնալ օրենքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողով և պատասխանել հանձնաժողովականների հարցերին, ապա, ըստ Հարությունյանի, դրա պատճառը վստահության պակասն է։

«Այդ մարդիկ վստահել են ինձ, իմ անցած ճանապարհը, կենսագրությունը գիտեին, իսկ նման վստահություն չկար հանձնաժողովի նկատմամբ։ Ինչպե՞ս կարող է վստահություն լինել մի հանձնաժողովի նկատմամբ, որի անդամների մի մասը անընդհատ մանիպուլյացիաներ է արել ու վարկաբեկել բանակը։ Այդ հանձնաժողովում մարդ կա, որը Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հարցն է սարքել, ու հիմա բոլորը մնացել են այդ տուշոնկաների տակը, չեն կարողանում տակից դուրս գալ։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Մանվել Գրիգորյանին այլ գործերի մեջ կարելի էր մեղադրել, բայց տուշոնկաների՞։ Այս հանձնաժողովում մարդիկ կան, որոնք պետք է տանեն քաղաքականություն ու անպայման ասեն՝ էսպես կամ էնպես է եղել, սա քաղաքականություն է, բայց քաղաքականությունը պետք չի խառնել բանակի գործերին, թեև մեզ մոտ ամեն ինչ խառնված է իրար, ընդհուպ՝ Ազգային անվտանգության ծառայությունը խառնված է մանկապարտեզի գործերին»,-ասաց Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը