Քաղաքական

09.06.2020 14:57


Հայաստանում տեխնիկապես հնարավոր է գաղտնալսել մարդու հեռախոսը, նույնիսկ՝ առանց դատարանի որոշման. փորձագետ

Հայաստանում տեխնիկապես հնարավոր է գաղտնալսել մարդու հեռախոսը, նույնիսկ՝ առանց դատարանի որոշման. փորձագետ

Հայաստանում կոնկրետ գործի շրջանակներում դատարանի որոշմամբ հեռախոսները գաղտնալսելու իրավունք ունեն ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, զուտ տեխնիկական տեսանկյունից, օպերատիվ գաղտնալսման հնարավորություն կա, որի մասին մարդը կարող է և չիմանալ: Այս մասին հունիսի 9-ին իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի ֆոնին ընդունված նոր օրենքը թույլ է տալիս մետատվյալներ հավաքել, որոնք կապված չեն անձի հետ, սակայն, վերլուծելով դրանք, կարելի է կարևոր տեղեկություններ իմանալ նրա մասին: Նա հավելեց, որ, ընդհանուր առմամբ, անվտանգության տեսանկյունից գաղտնալսումից բջջային կապն ավելի խոցելի է, քան մեսենջերները:

Facebook-ում միջնորդը միայն ադմինիստրատորն է, որը կարող է տեսնել նամակագրությունը: «Դա որևէ հետևանք չի ունենա, եթե դուք, օրինակ, դատական ​​գործով չեք անցնում: Այդ դեպքում տվյալները տեսականորեն կարող են օգտագործվել: Facebook-ը վեց ամիս պահում է անգամ ջնջված հաղորդագրությունները: Քիչ հավանական է, սակայն տեսականորեն հնարավոր է, որ նամակագրությունը նույնիսկ հանրային տիրույթում հայտնվի: Ինչ վերաբերում է այս ցանցով զանգերին, ապա դրանք ավելի անվտանգ են, քան նամակագրությունը»,-նշեց Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ WhatsApp-ը և Viber-ն այս տեսանկյունից ավելի լավ են պաշտպանված, սակայն դրանց հնարավորությունները դեռ լիովին անհայտ են, և կան կասկածներ, որ WhatsApp-ն ակտիվորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:

«Մեսենջերներում խնդիրն այն է, որ դուք գրանցվում եք բջջային հեռախոսահամարով, և եթե ինչ-որ մեկը կարողանա ստեղծել ձեր SIM քարտի պատճենը, ապա կարող է ձեր փոխարեն SMS ստանալ: Սակայն մեսենջերներում կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս հատուկ գաղտնաբառ ստեղծել, և երբ ինչ-որ մեկը որոշի ձեր փոխարեն գրանցվել մեսենջերում, ապա կպահանջվի այդ գաղտնաբառը, որը հայտնի է միայն ձեզ»,-պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց սմարթֆոնների օպերացիոն համակարգերի թարմացման և էկրանին պաշտպանիչ PIN կոդի տեղադրման կարևորությունը, ինչը լրացուցիչ կպաշտպանի ձեր հեռախոսը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը