Հարցազրույց

11.06.2020 13:18


Փաշինյանի կիրառած հռետորաբանությունը կառավարման ճգնաժամի արդյունք է, գիտելիք ու կառավարել իմացող մարդը դիմացինին համոզելու համար չի հայհոյում կամ պիտակավորում․ Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)

Փաշինյանի կիրառած հռետորաբանությունը կառավարման ճգնաժամի արդյունք է, գիտելիք ու կառավարել իմացող մարդը դիմացինին համոզելու համար չի հայհոյում կամ պիտակավորում․ Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)

Գործող կառավարությունը բոլորին ու ամեն ինչին մեղադրում է ձախողումների համար՝ անգամ եղանակին, բայց իրական պատճառն այն է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ մեկի կարծիքը չի ուզում լսել․ այս մասին «168 ժամ»-ի Pressing հաղորդման տաղավարում, հյուրընկալվելով Սաթիկ Սեյրանյանին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախկին պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը կարծում է, թե իրենք ամեն ինչ գիտեն ու անտեսել են իրենց ներկայացված առաջարկները, այդ թվում՝ ՀՅԴ-ի կողմից ներկայացված առաջարկների փաթեթը, հիմա էլ արդեն իրենց ձախողումների քննադատությունը ոչ ավել, ոչ պակաս, սկսել են որակել իբրև պետական դավաճանություն։

ՀՅԴ Բյուրոյի անդամի կարծիքով՝ ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ լրատվամիջոցներն են գցել իշխանության ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, այլ իշխանությունն ինքն է դա արել իր քայլերով։

«Ճգնաճամը չէ պատճառը, որ պետությունն այս վիճակում է գտնվում, այլ պետությունն ու կառավարման համակարգն են մեղավոր, որ ադեկվատ չեն կարողանում արձագանքել կորոնավիրուսային ճգնաճամին։ Տարօրինակն այն է, որ կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները օրեր առաջ հերքում էին այս փաստը, ինչից օրեր անց հենց իրենց առաջնորդ Փաշինյանը ստեղծված իրավիճակը բնութագրում է որպես «դժոխային»: Հայաստանում այսօրվա թիվ մեկ խնդիրը կառավարման ճգնաճամն է: Մեր կառավարությունը նախ չգիտի եղած պրոբլեմի ծավալը ու հետո չգիտի, թե ինչպես ու ինչ քայլերով լուծի այդ ճգնաժամը»,-ասել է նա:
Սպարտակ Սեյրանյանը պատահական չի համարում, որ այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս մի թեզով, թե իշխանությանը քննադատելը դավաճանություն է։ «Մենք երկիր ենք կորցնում, մարդիկ են մահանում։ Իսկ սխալի մասին խոսելը դավաճանությո՞ւն է։ Երբ դու համառորեն քո սխալն առաջ ես տանում կամ դու չես հասկանում, որ սխալ ես անում, կամ էլ դա անում ես շատ լավ հասկանալով։ Պատմությունը ցույց կտա, թե քննադատելն է դավաճանություն, թե տեսնելը, հասկանալը ու լռելը»,-ասել է նա։
ՀՅԴ անդամը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մեծ հիասթափության մասին, խոսում էր այն մասին, որ մարդիկ հիասթափվել են հեղափոխությունից ու դրա արդյունքներից։ «Բայց դա կիսատ է․ ես էլ հիասթաված եմ այդ հիասթափվածներից։ Պարզ օրինակ բերեմ, եթե սառնարանդ փչանում է ու դու ոչ թե սառնարան վերանորոգող վարպետ ես բերել, այլ վարսավիր կամ սնխչի, ինչի՞ց ես հիասթափվել և ինչու՞ ես հիասթափվել»,-կարծում նա։
Ըստ Սեյրանյանի՝ Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է հակահեղափոխության մասին, իսկ ինքն ասում է՝ հեղափոխություն եղե՞լ է, որ հակահեղափոխություն լինի։

«Երկրում երկու տարի առաջ կար հեղափոխական տրամադրվածություն, բայց մարդկանց սպասումները այդ ամենից տարասեռ էին, ամեն մեկը մի բան էր սպասում, երբեմն էլ տարամետ բաներ։ Մեկը սպասում էր, որ օրինական երկիր կստեղծենք, մյուսը սպասում էր, որ ինքն ինչպես ուզի իր մեքենան կվարի ու կարմիր գծերը կհանվեն։ Սպասումները, ըստ Սեյրանյանի, հակասական էին, իսկ այսօրվա հիասթափությունն էլ բնական ու օրինաչափ»,-ասում է նա։ Սպարտակ Սեյրանյանը վկայակոչում է ՀՅԴ նախկին առաջնորդներից Էդուարդ Հովհաննիսյանի (ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հայրը) խոսքերը, որ հեղափոխությունը սկսվում է իշխանությունը վերցնելուց հետո, ոչ թե այն ավարտվում է իշխանությունը վերցնելով, մինչդեռ Հայաստանում դա տեղի չի ունեցել։

Տեղի ունեցածը Սեյրանյանը բնորոշում է անգամ որպես ոչ թե իշխանափոխություն, այլ ընդամենը մեկ անձի տեղափոխություն։ Սեյրանյանը պատահական չի համարում, որ պրոֆեսիոնալ ու հեղափոխական պատկերացումներ ունեցող շատ կադրեր վերջին մեկ տարվա ընթացքում իրար հետևից դուրս են գալիս կառավարության կազմից ու պետական կառավարման մարմիններից։
Այսօր արդեն, ըստ Սեյրանյանի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցողների վերջին փաստարկը մնացել է այն, թե ինչ անում է, լավ է անում ու ինչ անում է՝ ճիշտ է անում։ Ընդդիմության հասցեին Փաշինյանի վերջին շրջանում կիրառվող հռետորաբանությունը ՀՅԴ անդամը համարում է կառավարման ճգնաժամի արդյունք, քանի որ գիտելիք ու կառավարել իմացող մարդը դիմացին իր ճշմարտացիության մեջ համոզելու համար ոչ հայհոյում է ու ոչ էլ պիտակավորում։

Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քննադատությանը և հնարավոր ապագա զարգացումներին՝ Սպարտակ Սեյրանյանը նշում է, որ կոնսոլիդացիան պիտի տեղի ունենա ծրագրերի, այլ ոչ թե մարդկանց շուրջ, և պետք է իրականացվի ժողովրդի աջակցությամբ։

«ժողովուրդն է իշխանության աղբյուրը և ժողովուրդն է ի զորու ինչպես ձևավորել իշխանություն, այնպես էլ նրան հեռացնել իշխանությունից։ Ինձ համար չկա նախկին ու ներկա, կան կարող ու անկարող մարդիկ, ազգային ու ապազգային իշխանություններ»,-ասել է նա։
Սպարտակ Սեյրանյանի կարծիքով՝ էական չէ, թե ով կանի այդ կոնսոլիդացիան, էականը, որ այն տեղի ունենա իմաստների, օրակարգի ու ծրագրերի շուրջ։

«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր այսօր մարդկանց ճակատագիր են տնօրինում, սակայն անցած ճանապարհ չունեն։ Նրանց անցած ամենաերկար ճանապարը Ավանին Օպերա քայլած ճանապարհն է, չէ՞»,-ասել է նախկին պատգամավորը։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության պահվածքը Սպարտակ Սեյրանյանը այն համեմատել է ֆուտբոլային հանդիպման հետ․ «Դուք Հայաստանի ներքին առաջնություն չեք խաղում, որ դուք՝ ձեր թիմը, կուզեք կհաղթեք, կուզեք կպարտվեք։ Դուք դաշտ եք դուրս եկել մեր ազգային հավաքականի անունից։ Ու դաշտում պարտվում եք Կոնգոյին։ Պարտվում եք 10-0 հաշվով քիչ է, մի հատ էլ ասում եք մեզ չքննադատեք, մեզ միայն ծափահարեք»։
ՀՅԴ նախկին պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մոտ կորցրել է իր նախկին վստահությունը։ «Արի փաստի, որ էդ 800 հազարի վստահությունը ունես։ Դուխդ չի՞ հերիքում»,-ասել է Սեյրանյանը՝ կոչ անելով ժողովրդի չմեղադրել հեղափոխությանը դավաճանելու մեջ, քանի որ հեղափոխությանը դավաճանել է իշխանությունը, իսկ ժողովուրդը՝ խաբվել։
Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը