Քաղաքական

12.06.2020 13:03


Նույնիսկ հաղթահարած երկրներում ձմեռային սեզոնին մեծ է կորոնավիրուսի ակտիվանալու վտանգը. Արսեն Թորոսյան

Նույնիսկ հաղթահարած երկրներում ձմեռային սեզոնին մեծ է կորոնավիրուսի ակտիվանալու վտանգը. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության համակարգը պատրաստվում է նաև աշնանը կորոնավիրուսի տարածման առավել մեծ ակտիվացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պետք է տխրեցնեմ բոլորին. բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են: Մեզ մոտ դա նոյեմբեր ամսին է տեղի ունենում, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ փակ տարածքներում, և ավտոմատ վարակման տեմպն աճում է: Կորոնավիրուսի վտանգը, նույնիսկ հաղթահարած երկրներում մնում է ուժեղ և մեծ հենց ձմեռային սեզոնին ակտիվանալու առումով: Մենք էլ ենք պատրաստվում աշնանը՝ չնայած, հիմա էլ խնդիրներ ունենք»,-ասաց Թորոսյանը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Այս խորագրի վերջին նյութերը