Քաղաքական

17.06.2020 13:45


Կորոնավիրուսը յուրօրինակ պատերազմ է. մենք հիմա պարտվում ենք, որովհետև մենք պառակտված ենք. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Կորոնավիրուսը յուրօրինակ պատերազմ է. մենք հիմա պարտվում ենք, որովհետև մենք պառակտված ենք. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Իմ կարծիքով՝ այսօր մեր հասարակության ամենակենտրոնական հարցն այն է, թե ինչպես կորոնավիրուսը մեզ մոտ այս աստիճան տարածվեց: Իրականում այս թվերը աղետալի են: Այս մասին այսօր «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ըստ Բոզոյանի՝ ակնհայտ է, որ Հայաստանն այս պայքարում զիջում է հարևան երկրներին, օրինակ, Վրաստանի համեմատ, մեզ մոտ դեպքերը 120 անգամ ավել են, և նա նշեց, որ կա կարծիք, թե իշխանությունը ուշ սկսեց այս պայքարը: Նրա խոսքով՝ այստեղ միանշանակ ճշմարտություն կա:

«Կառավարությունը առաջին վարակման դեպքը մարտի 1-ին արձանագրեց, սակայն մինչև մարտի 13-ը հանրահավաք անցկացրեց: Երկրորդ տեսակետն այն է, որ մենք կենցաղային կուլտուրա չունենք, ցածր մակարդակի է: Ես կարող եմ ասել, որ Վրաստանի համեմատ, մեր կենցաղային կուլտուրան ցածր է, բայց ես համաձայն չեմ, որ վրացիները մեզանից 120 անգամ բարձր որակի ժողովուրդ են»,-ասաց նա:

Բոզոյանը հարցադրեց, թե ինչն է պատճառը, որ մեզ մոտ նման խայտառակ ցուցանիշներ են, ըստ նրա՝ պատասխանի տարբերակ կա, թե մյուս երկրները կեղծում են թվերը, որը, նրա կարծիքով, չի բացառվում, բայց չի կարելի ասել, որ ամբողջ աշխարհը կեղծում է, իսկ մենք՝ ոչ:

«Մենք երեկվա դրությամբ զիջում էինք միայն Իսպանիային և ԱՄՆ-ին, մենք անգամ առաջ ենք անցել նման երկրներից, ինչպիսիք են Բելառուսը, Շվեդիան, որտեղ կարանտին չի իրականացվել: Ես համաձայն եմ, որ կորոնավիրուսը յուրօրինակ պատերազմ է, սա պատերազմ է, որտեղ տեսանելի չէ թշնամին»,-նշեց Բոզոյանը:

Ըստ նրա՝ իշխանության այն գործելաոճը, որը հիմա կա, թե՛ քաղաքական, թե՛ հակաճգնաժամային առումով ասում է, որ պատերազմում հաղթելու հնարավորություն չկա: «Մենք հիմա պարտվում ենք, որովհետև մենք պառակտված ենք, իսկ մենք պառակտված ենք, որովհետև մեր երկրի ղեկավարը չի ընդունում քաղաքական լեգիտիմությունը»:
Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը