Աշխարհ

19.06.2020 15:36


«Պատռվեցին ինչպես տիկնիկների, այնպես էլ Բելառուսից դուրս գտնվող տիկնիկավարների դիմակները». Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «Մայդանի» տապալման մասին (տեսանյութ)

«Պատռվեցին ինչպես տիկնիկների, այնպես էլ Բելառուսից դուրս գտնվող տիկնիկավարների դիմակները». Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «Մայդանի» տապալման մասին (տեսանյութ)

Բելառուսի իշխանություններին հաջողվել է խափանել երկրում իրավիճակի ապակայունացման լայնածավալ ծրագիրը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով երեկ Մինսկում անցկացված բողոքի ակցիան, գրում է sputnik.by կայքը:

«Վերջին օրերի ընթացքում հետևելով իրավիճակին՝ ես տեսնում եմ, որ որոշակի ուժեր են ակտիվացել, որոնք սկսում են ճոճել իրավիճակը երկրում: Մենք դա տեսել ենք և վաղուց: Բայց մեզ հաջողվեց որոշակի քայլեր ձեռնարկել և խափանել Բելառուսի ապակայունացման լայնածավալ ծրագիրը: Սա կատակ չէ և ոչ էլ վախեցնելու փորձ, սա երկիրը «Մայդանի» տանելու փորձ էր: Պատռվեցին ինչպես տիկնիկների, այնպես էլ Բելառուսից դուրս նստած տիկնիկավարների դիմակները»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, որ ներկայում «քաղաքական շահերի կենտրոնը Բելառուսն է»` ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի համար:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմախոսները սպասվող նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի մրցակիցների օգտին ստորագրահավաք անցկացնելուն զուգահեռ երեկ իրականացրել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ակտիվիստներին աջակցող մեկ այլ ակցիա: Նրանք մայրաքաղաք Մինսկի փողոցներում մի քանի կիլոմետր երկարությամբ մարդկային շղթա են կազմել: Ակցիան անցկացվել է հաջակցություն այն ակտիվիստների և քաղաքական գործիչների, որոնք ձերբակալվել են նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Հունիսի 18-ին Մինսկում ձերբակալվել էր նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, որը մեղադրվել է հակաիրավական գործունեություն ծավալելու համար:

Եվս մեկ ընդդիմադիր՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որի կինը մասնակցում է նախագահական մրցապայքարին, ձերբակալվել է մայիսի վերջին՝ իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի իննին: Լուկաշենկոն մտադիր է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը