Հարցազրույց

23.06.2020 08:46


Իշխանությունն այնպիսի քայլեր է իրականացնում, որոնք տեղավորվում են սահմանադրական կարգի տապալման ձևակերպման մեջ․ Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ)

Իշխանությունն այնպիսի քայլեր է իրականացնում, որոնք տեղավորվում են սահմանադրական կարգի տապալման ձևակերպման մեջ․  Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ)

Այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, որովհետև այնպիսի քայլեր են իրականացրել, որը տեղավորվում է սահմանադրական կարգը տապալելու ձևակերպման մեջ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկված Սահմանադրական փոփոխությունների նախագծին։

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը նաև տապալել է կորոնավիրուսի դեմ պատերազմը․ «Կորոնավիրուսի համավարակը պատերազմ էր հայտարարել մոլորակին և մենք պարտվել ենք այդ պատերազմում, որովհետև սրա դեմ պայքարի փոխարեն՝ իշխանությունն ընկել է Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավոր-անդամների հետևից»։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ կորոնավիրուսից մահերի մի քանի հարյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա են։

Ռուբեն Հակոբյանն առանձնացնում է նաև Արցախի հարցի բանակցային գործընթացում մեր «պարտությունը»․ «Մենք նախ ինքնամեկուսացվեցինք՝ կորցնելով բոլոր բարեկամ պետություններին, կորցրինք ռազմավարական մեր գործընկերներին, այսպիսով՝ Արցախը միջազգային հարթակներում մատնելով անտերության»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մեր երեսուն տարվա պատմության մեջ Հայաստանի իշխանությունը դիմեց Ադրբեջանի իշխանությանը, որպեսզի իր դիրքերն ամրապնդի․ «Հիշում եք՝ Դուշամբեում Նիկոլ Փաշինյանը Ալիևին առաջարկեց սահմաններին հանգստություն, որպեսզի այդ ընթացքում ընտրություններին կարողանա ամրացնել իր իշխանությունը։ Ալիևն էլ իր հերթին ավելի հեռու նայեց՝ Փաշինյանին առաջարկեց շրջանառությունից հանել Վիեննայի-Սանկտ-Պետերբուրգի որոշումը»։

Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ մենք այսօր Հայաստանում գործ ունենք ընտանեկան մաֆիոզ կլանի հետ, հիշեցնելով՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին հայտարարությունների մասին և նշում է, որ այդ ընտանիքում թերևս ամենաանկեղծը ՀՀ ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը․ «Եվ ի վերջո, այսօր Նիկոլ Փաշինյանը դատական ամբողջ իշխանությունը գցել է ցեխաջրի մեջ և միակ օազիսը մնացել է Սահմանադրական դատարանը»։

Քաղաքագետը նշում է նաև, որ Սահմանադրական դատավոր-անդամների անունների կողքին կարելի է նշել նաև մի քանի դատավորների, ովքեր իրենց մասնագիտական բարձր որակները չկորցրին այս իշխանության օրոք։

Ռուբիկ Հակոբյանը խայտառակություն է որակում Սահմանադրության փոփոխության համար երկու ժամ քննարկում կազմակերպելն ԱԺ-ում՝ այն էլ առանց ընդդիմադիր ուժերի․ «Այս ամենը մի պատճառ ունի՝ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, երբ իմացել է, որ Վերաքննիչ դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և հիմա ամեն ինչ անում է, որ ՍԴ-ն չանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի հարցին»։

Դիտարկմանը՝ ՍԴ-ի նկատմամբ այս քայլերն իրականացնելու համար գուցե կան նաև այլ պատճառներ, Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ այս շտապողականության պատճառը Ռոբերտ Քոչարյանի գործն է․ «Սահմանադրական դատարանն այսօր շատ կարևոր ֆունկցիա պետք է իրականացնի։ Այս կառույցն այն միակն է, որը պայքարում է Նիկոլ Փաշինյանի՝ ով է այն դատավորը, որն ինձ կարող է չենթարկվել հայտարարության դեմ»։

Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ այս պատմության մեջ ամենակարևոր ֆունկցիան պետք է իրականացնի նախագահ Արմեն Սարգսյանը՝ լինելով Սահմանադրության պահպանողը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը