Հարցազրույց

23.06.2020 10:59


Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Արսեն Նիկողոսյանն իրեն բնորոշ խիզախ որոշում է կայացրել, նախորդ դատավորներին եկել են փոխարինելու ավելի անկախ ու անկաշկանդ դատավորներ. Մանուշակ Պետրոսյան

Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Արսեն Նիկողոսյանն իրեն բնորոշ խիզախ որոշում է կայացրել, նախորդ դատավորներին եկել են փոխարինելու ավելի անկախ ու անկաշկանդ դատավորներ. Մանուշակ Պետրոսյան

Իշխանությունը բաժանված է երեք հիմնական՝ Գործադիր, Օրենսդիր և Դատական ճյուղերի։ Ցավոք այս և նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դասագրքային այլ ճշմարտությունները անտեսվում են առանց իզմերի գործող ՀՀ իշխանությունների կողմից։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մոտ 20 տարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Մանուշակ Պետրոսյանը:

-Տիկին Պետրոսյան, ինչպե՞ս պաշտպանել դատավորներին հարձակումներից, քննադատություններից՝ իրենց կայացրած որոշումների համար։ Եվ գնալով այդ քննադատությունները ավելանո՞ւմ են, թե՞ նվազում։

-Դեռևս 17-18 րդ դարերում ժամանակի առաջադեմ գործիչները, մասնավորապես Շառլ Լուի Մոնտեսքյոն առաջ բերեց իշխանության տարանջատման սկզբունքը, որով առաջարկեց իշխանությունը երեք մասերի բաժանելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, իշխանությունը բաժանվեց երեք հիմնական՝ Գործադիր, Օրենսդիր և Դատական ճյուղերի։

Ցավոք այս նաև ՀՀ սահմանադրությամբ ամրագրված դասագրքային այլ ճշմարտությունները անտեսվում են առանց իզմերի գործող ՀՀ իշխանությունների կողմից։

ՀՀ օրենսդրությունը տալիս է գրեթե ողջ գործիքակազմը Ձեր նշած երևույթներից դատավորներին պաշտպանելու համար։ Դատարանների և դատավորների նկատմամբ տեղի ունեցող հարձակումները դրսևորվում են տարբեր ձևերով՝ վիրավորանքի, անձնական տվյալներ՝ մարդու սահմանադրորեն ամրագրված անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման, դատավորներին վիրավորելու, զրպարտելու, դատարանների գործունեությանը միջամտելու, այդ թվում՝ դատարանները շրջափակելու և այլ ձևերով։

Վերոգրյալ արարքներից շատերը հանդիսանում են քրեորեն պատժելի արարքներ։

-Մենք գիտենք, որ պետության պոզիտիվ պարտականությունն է պաշտպանել դատավորներին, մեզ մոտ այդպե՞ս է:

-Սակայն, ինչպես գիտենք, ՀՀ դատարանները և դատավորները ունեն օրենսդրորեն ամրագրված մեկ առաքելություն, այն է՝ արդարադատության իրականացում և չեն կարող իրականացնել նախաքննություն, հետաքննություն կամ ասենք վարչարարություն այս երևույթների դեմ պայքարելու համար։

Նշվածը պետության պոզիտիվ պարտականությունն է, այսինքն հենց դատավորին վիրավորելու համար սահմանված քրեական պատասխանատվության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մարմինները հարուցեն քրեական գործ, իրականացնեն նախաքննություն և այլն, ինչը անհնար է, չէ որ հենց Պետության թիվ մեկ պատասխանատուն է վիրավորում դատարաններին և դատավորներին, անարգում և անվանում վնգստացողներ։

Ինչ վերաբերվում է քննադատության ավելացման տենդենցներին, ապա ակնհայտ է, որ այդ կաթսան եռում է օրվա իշխանությունների համար անցանկալի դատական ակտերի կայացմանը զուգընթաց։

-Սա անցումային ժամանակաշրջա՞ն է Հայաստանի դատական իշխանության համար:

-Կարծում եմ՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ դատավորները իրենք պետք է պայքարեն իրենց անկախության համար։ Պետք է գար այն օրը, որ մեկ դատավոր պայքարեր իր անկախության համար, անկախությունը չի կարող լինել պարգև և պետության կայացմանը զուգընթաց գալու էր սեփական գործով անկախ և անաչառ դատարան ստեղծելու ժամանակահատվածը։

Անդրադառնալով քննադատությանը՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարիների ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է որակապես բարձր իրավական հանրություն և այդ բնական կոմպետենտություն ունեցող խումբը՝ իրավաբաններ, փաստաբաններ հանդես են գալիս դատական համակարգը հարձակումներից պաշտպանելու դիրքերից։

-Ինչո՞ւ Հայաստանում հատկապես վերջին տարիներին դատարանների դիմաց ցույցներ են, իսկ դատավորները դառնում են խոցելի: Սա քրեական գործերո՞վ է պայմանավորված, պետության քաղաքականությա՞մբ, թե՞ այլ պատճառ կա:

-Բոլորը միասին վերցրած։ Այս երևույթները նաև ժամանակին իրականացված սև PR-ի արդյունքն են։ Լինելով օբյեկտիվ՝ չեմ կարող չնկատել, որ այս ամենը ժամանակի թերացումների և սխալների արդյունքն են հենց նաև մեր՝ դատավորների։

-Իսկ ձեր տարիների փորձն ի՞նչ է ասում, ի՞նչ իրավիճակում կարող է հայտնվել տվյալ խնդիրներին հանդիպող դատավորը, օրինակ, ըստ ձեզ, սա կազդի Նիկողոսյանի գործունեության վրա։

-Իմ տարիների փորձը ոչինչ չի ասում, ասում է վերջին երկու տարվա իրադարձությունների զարգացման ընթացքը։ Դավիթ Գրիգորյան, Ալեքսանդր Ազարյան․․․․․․քրեական գործեր, արտագրված գիտական աշխատություններ, եթե չեմ սխալվում պարոն Նիկողոսյանը դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, միգուցե մեկ- երկու տաբել մոռացած լինի ստորագրել, կարծում եմ՝ այդտեղից էլ կսկսեն։

-Վարչապետն ասում է՝ «վնգստացող դատավորներ», ԲԴԽ-ն չի մեկնաբանում, ասում է՝ քաղաքական է հայտարարությունը։Այստեղ դատավորին պաշտպանելու լիազորություն ունի՞ թե ոչ Բարձրագույն դատական խորհուրդը:

-Ժամանակին հրաժարվել եմ ԲԴԽ ի կողմից ինձ տրվող պատվոգրից հենց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը թույլ տալու և նրա լիազորությունները կասեցնելու պատճառով։ ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, և ունի դրանից բխող համապատասխան լիազորություններ։ Ուզում եմ նշել, որ կարծես թե սառույցը կոտրվում է և, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ԲԴԽ-ն չդրսևորեց անգործություն։ Չեմ պատրաստվում տալ որոշմանը իրավական գնահատականներ, քանի որ երբևէ չեմ առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։

-Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան, հիմա էլ Արսեն Նիկողոսյան, այս դատավորները թիրախավորվել են, երբ փոխել են Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի մասով վարույթ կա ԲԴԽ-ում, Դավիթ Գրիգորյանի մասով նոր է գործը կարճվել առաջին ատյանում, սակայն այսքանից հետո Արսեն Նիկողոսյանը կայացրել է որոշում, որի համար մյուս դատավորներն ինչ-որ հարցերի մեջ են ներքաշված: Ինչի՞ մասին է խոսում Արսեն Նիկողոսյանի որոշումը՝ որպես դատավոր:

- Կարծում եմ՝ դատավոր Նիկողոսյանը կայացրել է բավականին խիզախ որոշում։ Հաշվի առնելով իր նախորդների՝ Դավիթ Գրիգորյանի և Ալեքսանդր Ազարյանի հետ տեղի ունեցած և ունեցող իրադարձությունները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու արդյունքում, առնվազն անհրաժեշտ է խիզախություն նման որոշում կայացնելու համար։ Նիկողոսյանն այսօրվա դատական համակարգի լավագույն դատավորներից է։ Գիտեք, նկատվում է շատ լավատեսական տենդենցիա։ Մեզ՝ նախորդ սերնդի դատավորներիս, գալիս են կամ եկել են փոխարինելու ավելի կրթված, չզիջող և ինչու չէ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ավելի անկախ և անկաշկանդ դատավորներ։ Նիկողոսյանը, լինելով միջին սերնդի ներկայացուցիչ, հանդիսանում է Դատական համակարգի լավագույն դատավորներից մեկը։ Նիկողոսյանի և նրա կայացրած դատական ակտերի հետ ծանոթ եմ դեռևս նրա առաջին ատյանի դատավոր եղած ժամանակներից։ Լինելով վերադաս դատարանի դատավոր՝ բազմիցս առնչվել եմ Նիկողոսյանի կայացրած դատական ակտերի հետ, իսկ այնուհետև աշխատել ենք միասին նույն դատարանում։ Վստահաբար կարող եմ նշել, որ գործ ունենք դատական համակարգի լավագույն դատավորներից մեկի հետ․ անաչառություն, գիտելիքների բարձր մակարդակ, խիզախություն․ ահա նրան բնութագրող երեք հիմնական հատկանիշները։

-Ինչու է ցանկացած՝ իշխանությանը կամ նրանց աջակիցներին ոչ հաճո որոշումից հետո խոսվում վեթինգի, անձամբ Նիկողոսյանի վեթինգի ենթարկելու մասին, չի՞ ստացվում, որ վեթինգը քաղաքական գործիք է լինելու:

-Ձեր հարցը պարունակում է նաև պատասխան։

-Առհասարակ,ի՞նչ կարծիք ունեք անցումային արդարադատության մասին, կա՞ն Հայաստանում ինստիտուտներ՝ անկախ,մարդիկ՝ իշխանությունից ու ընդդիմությունից անկախ,որ իրականացնեն անցումային արդարադատությունը։

-Քա՞նի հասարակությանը հայտնի իրավաբան գիտեք, որ խոսում է Ձեր նշած գործողությունների անհրաժեշտության մասին։ Ես չգիտեմ որևէ մեկին, եթե իրավական հանրությունը չի խոսում վեթինգի՝ անցումային արդարադատության մասին, ապա չի էլ պատրաստվում դրան մասնակից լինել։

-Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդով ու ի՞նչ քաղաքականությամբ հասարակությանն ընկալելի դարձնել, որ դեմ ու կողմ լինելով հանդերձ, ընդունեն դատավորի որոշումը, ի՞նչն է խանգարում հասարակությանը ընդունել դատավորին՝ վստահության պակասը, երկրի իշխանության վարած քաղաքականությունը։

-Առաջին հերթին սեփական օրինակով նախ իշխանության ներկայացուցիչները պետք է հարգեն և ընդունեն դատարանների կայացրած որոշումները, այլ ոչ թե հայտարարեն ի լուր, որ հենց իրենք չեն կատարելու այդ որոշումները։

-Տիկին Պետրոսյան, իշխանություններին անհրաժե՞շտ է անկախ դատական համակարգ, ուզո՞ւմ են ունենալ իրենց չենթարկվող դատական իշխանություն։ ՍԴ-ի օրինակն ի՞նչ է ցույց տալիս:

-Ցավոք, իշխանությունները ունեն դատարանների անկախության իրենց պատկերացումը, այո նրանք ուզում են ունենալ սեփական «անկախ» դատարանները։

-Տիկին Պետրոսյան, անկախ ու բարեխիղճ դատավորները ինչ-որ գի՞ն են վճարում արդարադատության իրականացման ու պահպանման համար, ի՞նչ է կատարվում այս փուլում մեր դատական համակարգում։

-Վիրավորանք, զրպարտություն, քրեական հետապնդում, սպառնալիքներ ասպիրանտական թեզերի ստուգում և այլն։

Դատական համակարգը գտնվում է սեփական անկախության համար պայքարի փուլում, ինչպես նշեցի՝ եկել է ժամանակը վաստակելու անկախ դատավոր լինելու և անկախ դատական համակարգ ունենալու իրավունքը։

-Դատավորի անկախությանը կարո՞ղ է խանգարել այն հանգամանքը,որ օրինակ ոչ թե զանգեն ասեն՝ ինչ անել, այլ օրինակ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին հրապարակավ զգուշացնեն, սա չի՞ ենթադրում,որ մյուս դատավորը կարող է սրանով կողմնորոշվել։

-Կարծում եմ տարբերություն չկա՝ դու զանգում ես, նամակ գրում, թե հրապարակավ հայտարարում։

Այս խորագրի վերջին նյութերը