Քաղաքական

23.06.2020 15:18


«Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները համատեղ աշխատանքային քննարկում են անցկացրել (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները համատեղ աշխատանքային քննարկում են անցկացրել (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում սկսել են համատեղ աշխատանքային քննարկումը:

Օրակարգում է Սահմանադրական դատարան դիմելու համար ստորագրահավաքի հարցը:

«Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ քննարկումները շարունակվում են. նորմալ քննարկումներ են, այս պահին նոր բան ասել չեմ կարող: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցությանպատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության մասին, սակայն «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ԱԺ պատգամավորներին այդ հարցով դիմել ՍԴ: Այդուհանդերձ, երկու ուժերը քննարկում են, թե ինչպես հակազդեն սահմանադրական փոփոխություններին:

«Որեւէ ինտրիգ, որեւէ լարվածություն չկա, դեռեւս վերջնական որոշում չունենք»,-ասաց Զոհրաբյանը:

Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են կայացվել: Երբ քննարկումները կավարտվեն, բավարար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը: Այս պահին որեւէ նորություն չունեմ անելու: Եթե ես իմ դիտարկումներն այստեղ ասեմ, կստացվի, որ քննարկումները պետք է անենք բաց: Երբ որոշումը լինի կհրապարակենք, իսկ նյուանսների հրապարակումը հիմա սխալ է»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նա ընդգծեց. «Մի քանի ժամվա մեջ մայր օրենք է փոխվում, որն արվում է բոլոր տեսակի ընդունված միջազգային չափորոշիչների խախտումով եւ նաեւ մեր Սահմանադրության, քաղաքական բոլոր էթիկաների, հանրային լսումների, քննարկումների շրջանցմամբ: Սրանով ՀՀ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, դրա մասին էլ ենք խոսել, որ երբ երկրում օրական 400-500 մարդ վարակվում է կորոնավիրուսով, նաեւ մահեր ենք ունենում ամեն օր, իշխանությունն այդ ամենը թողած զբաղված է նման բաներով: Եթե իրենք քաղաքական օրակարգ են գեներացնում, դա չի կարող անպատասխան մնալ, դրա պատասխանը բնականաբար կլինի»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը