Քաղաքական

06.04.2011 19:23


ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Կոալիցիան հնարավոր է միայն այլ որակի ուժերի հետ»

ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Կոալիցիան հնարավոր է միայն այլ որակի ուժերի հետ»

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» խորագրով հանդիպումների շարքի հյուրը այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր։  Իշխանության մեջ լինելու պիտակից ազատվելու վերաբերյալ հարցին պատասխանելիս նա ասել է, որ խնդիր է հենց իշխանության ընկալումը հասարակության մեջ ու դա ունի տարբեր պատճառներ։ Երկար տարիներ իշխանությունը եղել է օտարներինը, այդ իսկ պատճառով իշխանության մեջ լինելը որպես խարան է դիտարկվում։

Դրա համար շատ մարդիկ փորձում են այդ խարանից ազատվել և անում են սխալ քայլեր, որովհետև միշտ, երբ փորձում ես ազատվել ինչ–որ մի նման պիտակից ընկնում ես հակառակ ծայրահեղության մեջ։ Մենք օրինակ այդ սխալը չենք անում՝ մենք ոչ թաքցնում ենք, որ իշխանություն ենք եղել, ոչ էլ ամաչում ենք դրանից։ Մեզ համար դա փորձ էր։ Մենք ոչ մի կոմպլեքս չունենք իշխանության մեջ լինելու,– ասել է Վահան Հովհաննիսյանը և նշել, որ ՀՅԴ–ն կարծում էր, որ իշխանության մեջ լինելով՝ շատ ավելի հեշտ կլիներ որոշ հարցերին լուծում տալ։

Նա նշել է, որ նրանք, ովքեր փորձում են ազատվել խարանից ասում են ոչ այն, ինչ ասում էին, երբ իշխանություն էին և այդպիսի շատ ընդդիմությունների տեսակներ կան։ Այս կապակցությամբ նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներ լույս կտեսնեն յուրաքանչյուր դաշնակցականի հայտարարությունները 1995թ.–ից մինչ այսօր։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո նորից կոալիցիա կազմելու հավանականությանը, Վ.Հովհաննիսյանն ասել է, որ կոալիցիա կազմելն ինքնին հանցանք չէ.

Եթե ՀՅԴ–ն հաջորդ խորհրդարանում ունենա այնքան պատկառելի թիվ, որ այդ կոալիցիայում բանալիի դեր կարողանա խաղալ, ինչո՞ւ չէ։

Անդրադառնալով 2003թ. և 2007թ. կոալիցիաներին նա նշել է, որ դրանք արմատապես տարբերվում էին իրարից։

Օրինակ 2003թ.–ի կոալիցիայի ժամանակ նախարարներին նշանակելու սկզբունքները մի քիչ այլ էին, քան հիմա և այսօրվա մեր իրավիճակը, երբ փաստացի ունենք 3 վարչապետ, այն ժամանակ չէր գործում,– ասել է նա ու պարզաբանել, թե ովքեր են 3 վարչապետերը,– մեկը, որ վարչապետ է ու երկու կուսակցապետերը, որ ղեկավարում են իրենց նախարարներին։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ առաջին կոալիցիան լուրջ հուշագիր էր ստորագրել, որտեղ հույս կար ինչ–որ հարցեր լուծել։

Կոալիցիան հնարավոր է միայն այլ որակի ուժերի հետ և միայն այն դեպքում, երբ մենք կոալիցիայի մեջ կկարողանանք բանալիի դեր խաղալ։ Դրա համար էլ մենք ընտրություններին գնում ենք առանձին, քանի որ եթե գնում ես ուրիշների հետ ուրեմն իրենց հետ հետագայում համագործակցելու պայմանագիր ես կնքում։ Իսկ արդյոք այն կատարել հնարավոր կլինի, սա հարց է։ Դրա համար վստահեցնում եմ, որ ոչ։ Բոլորն ինչ–որ փորձառություն պետք է անցնենք, մենք էլ անցանք ու հասկացանք, որ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը