Հարցազրույց

01.08.2020 10:37


Արդեն երկու տարի այդ ոսկու մեջ գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն

Արդեն երկու տարի այդ ոսկու մեջ գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն

Արդեն երկու տարի այդ ոսկու մեջ գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն։ Ասում է Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Ամուլսարի շուրջ վերջին շրջանում իրադարձությունները բուռն են զարգանում պարբերաբար սկսել են բախումներ տեղի ունենալ Ամուլսարի դեմ պայքարողների եւ ոստիկանության միջեւ, բավական ակտիվացել է նաեւ վերջին ամիսներին պասիվ Լիդիանը։

-Ի՞նչ իրավիճակ է Ամուլսարում, որոշ պնդումներ կան, որ իշխանությունը որոշում է կայացրել Ամուլսարը թույլատրելու վերաբերյալ։

–Նախ, մի տարածված մոլորություն կա, որ Լիդիանի աշխատելու իրավունքը դեռեւս պետք է որոշվի կամ պարզաբանվի։ Ուզում եմ հստակ լինի։ Զուտ իրավական տեսանկյունից որոշելու բան չկա։ Լիդիանն ունի բոլոր անհրաժեշտ լիցենզիաներն ու թույլտվությունները ու այդ թույլտվություները ոչ մի օրինական կարգով չեն չեղարկվել։ Միակ պատճառը, թե ինչու Լիդիանը չի աշխատել այս երկու տարիների ընթացքում, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումն ու իրավապահ մարմինների ապօրինի անգործությունն է։ Այդ առումով նույնիսկ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ոստիկանությունը շարունակում է չկատարել իր գործառույթները, ու քանի դեռ Լիդիանի տարածքը չի ազատվել ապօրինի ներխուժումից, այդ առումով գոնե այս պահին ոչինչ չի փոխվել։

–Այս մի քանի օրերի ընթացքում Լիդիանի նախկին աշխատակիցները, համայնքերում Ամուլսարին կողմ հանդես եկող բնակիչները տարբեր ակցիաներ արեցին, պնդելով որ համայնքներում մեծամասնությունը կողմ է հանքին։ Միեւնույն ժամանակ «Ամուլսարի պահապանները» պնդում են, որ համայնքներում մեծամասնությունը դեմ է հանքի շահագործմանը։ Պարբերաբար լարվում է իրավիճակը Ամուլսարի մատույցներում։ Եթե Ձեր պնդմամբ համայնքներում կողմ են եւ միակ խոչընդոտը ճանապարհների շրջափակումն է, ինչո՞ւ համայնքներում ձեր աջակիցները չեն բացում ճանապարհները։

-Իսկ դուք համարո՞ւմ եք, որ պետության ներսում պետք է գլադիատորական մարտերով կամ եղաններով կռվով որոշվի, որ հիմնարկը աշխատելու իրավունք ունի, իսկ որը՝ ո՞չ։

–Ես այդպես չեմ համարում, բայց եթե պետությունը ձեր ձեւակերպմամբ անգործություն է դրսեւորում, դուք ինչի՞ն էիք սպասում։

–Չէինք սպասում, որպես օրինապաշտ կազմակերպություն, ակնկալում էինք, որ օրենքը կգործի։ Սակայն այս երկու տարվա ընթացքում ակնհայտ է դառնում, որ անվերջ ու բազմաթիվ փորձաքննությունները, որոնք ի դեպ, իրավական տեսանկյունից ոչ մի կերպ չեն արդարացնում ապօրինի փակ ճանապարհները, պարզապես պատրվակ են հարցն անվերջ ձգձգելու համար։ Բնապահպանական խնդիր այստեղ չկա, սա դարձել է զուտ քաղաքական խնդիր ու ամբողջ աշխարհը հետեւում է, թե ինչպես է Հայաստանը բնապահպանական տեսանկյունից իր ամենաանթերի հանքարդյունաբերական ներդրումը դարձրել քաղաքական խաղերի պատանդ։ Ուզում եմ վստահեցնել, որ սրանից տուժելու է Հայաստանը ու չի շահելու Հայաստանի ներսում ոչ մի ուժ։ Սրանից տուժում է երկիրը, տուժում են բառացիորեն սովի մատնված այդ համայնքները ու միակ շահողը լինելու է Հայաստանի ներդրումային հեղինակության անկումը վայելող մեր հարեւան երկիրը։ Երկրի համար այս դժվար պահին, մենք օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու ենք որ դա տեղի չունենա, ի հեճուկս բոլոր կողմերից հարվածների։

–Ի դեպ, ինչո՞ւ Լիդիանը այս երկու տարիների ընթացքում արբիտրաժ չգնաց։

–Հարցի պատասխանը բաժանեմ երեք մասի։ Նախ՝ նույնիսկ փոքր ներդրում արած ընկերությունն ուզում է կայուն բիզնես ստեղծել եւ ոչ թե երկարամյա դատական գործ սկսել։ Բնականաբար, երբ խոսքն արդեն ներդրված մոտ 400 միլիոն դոլարի մասին է, ներդրողը հույս ունի որ խնդիրը կկարգավրովի։ Երկրորդ՝ Լիդիանը կգնա արբիտրաժ ու կհաղթի, եթե այլ ելք չլինի ու նույնիսկ չեմ ուզում քննարկել այն անհեթեթ պնդումները, թե չի կարող։ Եվ երրորդ։ Եթե Լիդիանը գնա արբիտրաժ, դա կդառնա անշրջելի պրոցես, որից չի շահի ո՚չ իշխանությունը, ո՚չ ընդդիմությունը։ Սա տարիների պրոցես է, որի ընթացքում, որից հետո ու դեռ երկար տարիներ Հայաստանը կվերածվի ներդրումային քարտեզի վրա գրեթե հավերժ սեւ խոռոչի։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը դառնա երրորդ աշխարհի երկիր։ Բոլոր նրանք, ովքեր միտումնավոր մղում են Լիդիանին այդ քայլին, հենց դա են ուզում եւ կամ հենց դրան են հանգելու ակամայից։

–Իսկ ինչ եք հիմա անո՞ւմ։ Տարածքում ինչ-որ աշխատանքներ են իրականացվո՞ւմ։

-Այսօր այդ համայնքներում ծայրահեղ ծանր սոցիալական վիճակ է։ Լիդիանը պատասխանատվություն է զգում այդ համայնքների հանդեպ։ Նախ փորձում ենք մարդկանց աշխատանքով ապահովել եւ վերականգնել սոցիալական որոշ ծրագրեր։ Այս պահին իրականացվում են գույքագրման եւ վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսում ենք ներգրավել հնարավորինս շատ աշխատուժ սպասվոր աշխատանքների համար՝ շրջակա համայնքներից։ Այս տարիների ընթացքում մեր մասնագետների, աշխատակիցների մի մասը արտագաղթել է։ Իրականացնելու ենք տվյալների բազայի թարմացում, որ նախ հասկանանք, ինչ պատկեր է համայնքներում պոտենցիալ աշխատուժի առումով։

–Բայց չէ՞ որ սոցիալ-տնտեսական խնդրին ընդդիմախոսները հակադրում են բնապահպանական խնդիրը։

–Ամուլսարը այս երկրի միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որն ունի միջազգային աուդիտ անցած բնապահպանական նախագիծ, ու դրանով ամեն ինչ ասված է։ Ամուլսարի բնապահպանության շուրջ խոսակցությունը 5G-ի կորոնավրուս տարածելու ու պատվաստանյութով չիպավորելու մակարդակի է։ Ի դեպ վերջին ամիսները ապացուցեին, որ ամեն տեսակ անհեթեթություն տարածող ամեն տեսակ «մասնագետներ» կան։ Այնպես որ տարբեր անհեթեթությունների մասին թույլ տվեք այլեւս չխոսել։ Իսկ իրականությունը շատ պարզ է։ Այս տարի Ռուսաստանը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ավելի շատ եկամուտ է ստացել ոսկու հանքերից, քան նավթի վաճառքից, ոսկու աննախադեպ բարձր գնի շնորհիվ։ Իսկ մենք նստել ենք տարածաշրջանի լավագույն ոսկու հանքի 70 տոննա ոսկու վրա, ու արդեն երկու տարի այդ ոսկու մեջ գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն։ Սա այն դեպքում, երբ թշնամին մեր սահմանին կրակում է նավթով գնված զենքով։ Մենք ազգովի պետք է որոշենք, մենք մի քանի միլարդանոց պոտենցիալը ու երկրի ներդրումային հեղինակությունը թաղելո՞ւ ենք՝ առանց ոչ մի հիմնավոր պատճառի, թե՞ այնուամենայնիվ մեր պատմության սխալները չկրկնելով՝ ճիշտ բան ենք անելու։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

31.07.2020

Այս խորագրի վերջին նյութերը