Լրահոս

12.08.2020 20:14


Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

2020թ. օգոստոսի 10-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է դիմել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակիչը և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում՝ վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող հողատարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ տուժողի 34-ամյա համագյուղացին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ կասկածյալի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը, առգրավվել են դեպքի կատարման պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա եղել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը