Լրահոս

26.08.2020 13:24


Պետք է հաշվի առնել, որ տարրական դպրոցի երեխաներին անհնար է ստիպել մի քանի ժամ դիմակ կրել և ոչ ակտիվ վիճակում պահել․ երեխաները կալանավորներ չեն․ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պետք է հաշվի առնել, որ տարրական դպրոցի երեխաներին անհնար է ստիպել մի քանի ժամ դիմակ կրել և ոչ ակտիվ վիճակում պահել․ երեխաները կալանավորներ չեն․ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանն անդրադարձել է համավարակի պայմաններում նոր ուսումնական տարին սկսելուն և դրա հնարավոր հետևանքներին։

Նա մասնավորապես նշել է․

«Ամենատարբեր կարծիքներ են հնչում ինչպես նոր ուսումնական տարին սկսելու, այնպես էլ ուսուցման կազմակերպման ձևի հետ կապված:

Իշխանությունները որոշել են հանրակրթության համար ուստարին սկսել առկա ձևով՝ ս.թ. սեպտեմբերի 14-15-ին ու այդ առթիվ հրապարակել են հատուկ ուղեցույց, որի շատ կետեր ակտիվորեն քննարկվում և քննադատվում են՝ ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողական հանրության կողմից:

Թագավարակի պայմաններում, անցած ուստարվա երկրորդ կիսամյակը բավականին բարդ էր: Այն անսովոր էր, ու հնարավոր եղավ լավ թե վատ, այնուհանդերձ կազմակերպել հեռավար ոսուցման գործիքակազմով: Միայն հանրակրթության ոլորտում սովորողների մոտ 80 տոկոսը ընդգրկված էր ուսուցման կազմակերպման այդ ձևում: Ոչ մեկը համոզված չի կարող խոսել նման ուսուցման արդյունավետության մասին: Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շատ կարելի է խոսել աշխարհի կրթական համակարգը փլուզումից փրկելու և սովորողների կրթության իրավունքն իրականացնելու մասին: Հանրակրթության ոլորտում տուժել են տարրական հատվածի սովորողներն ու առանձնապես առաջին դասարանցիները:

2019-20 ուստարվա երկրորդ կիսամյակը և ամբողջությամբ ուստարին՝ բոլոր տեսակի քննաշրջաններով հանդերձ, հեռավար ձևով ավարտվեց:

Շատ հետևություններ չանենք, ուղղակի փաստենք, որ այս ժամանակահատվածն աշխարհին համոզեց, որ դեռևս սովորական դպրոցին, իրական դաս-դասարանային համամակարգին այլընտրանք չկա ու երկար ժամանակ չի էլ լինի:

Շատերը սպասում էին, որ 2020-21 ուստարին, և մենք, և աշխարհը կսկսեն սովորական, կամ նրանից քիչ տարբերվող ձևով: Սակայն, քաղաքակրթությունը դեռևս պատանդ է թագավարակի ձեռքում ու նորմալ կրթական կյանքին վերադառնալու համար նվազագույնը պետք է հիվանդության դեմ հակամիջոցները գտնված լինեն: Այս գործընթացը աշխարհում բավականին ինտենսիվ ձևով է ընթանում և հուսանք, որ 2021 թվականի սկզբներից սկսվելու է հաստատված և համընդհանուր փորձարկման արժանացած դեղամիջոցների զանգվածային կիրառություններն ու հետևաբար անվտանգ կսկսեն գործել բոլոր ոլորտներն՝ այդ թվում նաև հանրակրթությունը:

Ելնելով որոշակի դրույթներից, համաշխարհային մի շարք կազմակերպություններ այնուհանդերձ երաշխավորում են հատուկ միջոցներով ու հատուկ պայմաններում կազմակերպել կրթություն՝ հատկապես դպրոցական երեխաների համար: Դա պայմանավորված է նաև տվյալ պետության համաճարակային իրավիճակի, դրա մոտակա կանխատեսումների հետ: Ելնելով վերոնշյալից առաջարկվում է կրթության կազմակերպման քիչ թե շատ գիտականորեն հիմնավորված ու վերջին կես տարվա ընթացքում փորձարկված կրթական հետևյալ մոդելները՝ հեռավար, առկա և հիբրիդային:

Իհարկե մանկավարժական, հոգեբանական գիտությունները, բժշկագիտությունը և նորագույն տեխնոլոգիաները, որոնց զգալի ներդրմամբ ու կիրառմամբ է հնարավոր կազմակերպել հեռավար ու հիբրիդային կրթությունը, մեծ անելիքներ ունեն համապատասխան մեթոդիկաների մշակման ու դրանց կիրարկման ուղղությամբ, որն ի դեպ նաև անցած ամիսներին էր հընթացս կիրառվում:

Նպատակ չունենալով վերլուծելու նոր ուսումնական տարին հանրակրթության համար առկա ձևով սկսելու որոշումն, այնուհանդերձ գտնում ենք, որ իրավիճակին հարիր, ոչ ռիսկային, ու ինչ խոսք, նաև արդյունավետ կլիներ առաջարկվող տարբերակը/այստեղ հաշվառված է նաև վերջին 10-15 օրերի ընթացքում այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում/, որին կարելի է սահուն հիբրիդային անվանել: Այն է՝

1.Ուստարին առկա ձևով սկսել և հնարավորինս իրագործելի/ոչ կոշտ ու կոպիտ/ սանիտարահիգիենիկ կանոններով առաջնորդվելով շարունակել, տարրական դպրոցի/ դասարանների/ սովորողների համար: Այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ տարիքային խմբի երեխաներին անհնարին է ստիպելով մի քանի ժամ դիմակ կրելը և տևական ժամանակ դասարանում ոչ ակտիվ ֆիզիկական վիճակում պահելը: Այդ երեխաները կալանավորներ չեն ու տվյալ կրթական հաստատության սպորտային ու ժամանցի տարածքները /նաև դպրոցի բակը, խաղահրապարակները/ պետք է օրվա ընթացքում նրանց տրամադրել, ինչպես նաև կենտրոնացված կարգով /միգուցե պետության միջոցներով/ լուծել նրանց սննդի հարցը:

Եթե համաճարակային վիճակը սկսում է բարդանալ /որը հավանական է հատկապես մեր դեպքում/, ապա սկսում ենք աշխատեցնել հետևյալ ռեզերվային տարբերակը: Այն կառուցված է հեռավար ուսուցման կիրառման վրա, ու դրա ավանդական ձևից տարբերվում է նրանով, որ հատկապես առաջին դասարանցիների ծնողներից կամ հարազատներից մեկը դառնում է միջանկյալ ուսուցանող օղակ ուսուցչի և աշակերտի միջև: Ցանկալի կլիներ հեռաուսուցմամբ կամ հեռուստատեսությամբ հատուկ վերապատրաստման պարապմունքներ կազմակերպել այս կատեգորիայում ինքնակամ ընդգրկված ծնողական հանրության ներկայացուցիչների համար:

Մնացածը հեռաուսուցման հնարավորություններով և ուսուցչի մեթոդամանկավարժական մակարդակով, համակարգչային գրագիտության աստճանով ու թվայնացված նյութերի պորտֆելի պարունակությամբ ու դրանք տեղին կիրառելու ունակությամբ է որոշվելու: Իհարկե այս մոտեցման նրբությունները շատ է ու այս պահին քննարկման թեմա չեն:

2.Հանրակրթության մյուս երկու հատվածները՝ հիմնական և ավագ դպրոցներն ուստարին սկսում են ուսուցման կազմակերպման առկա և հեռավար ձևերի խելացի զուգակցման սկզբունքով/սեպտեմբերի 1-ից/, որին կարելի է անվանել հատուկ հիբրիդային ուսուցում: Այդ կրթական աստիճաններն ընդգրկող դասարաններում հիմնական տեսական նյութերն ուսուցիչների կողմից ուսուցանվում է հեռավար ձևով՝ պահպանելով ծրագրային պահանջները և իրականացնելով մանկավարժական ինովացիաներ ու կիրառելով պահանջարկված մեթոդիկաներ և տեխնոլոգիաներ: Առարկաների գործնական մասերը սովորողները հանձնում են ըստ թեմաների ու մոդուլների՝ իրենց համար սահմանված ժամանակահատվածներում, համեմատաբար փոքր խմբերով ու առկա ձևով՝ այսինքն դպրոցներում/օրինակ՝ շաբաթվա ընթացքում սովորողը դպրոցում կարող է լինել 1-2 անգամ/:

Այս դեպքում նույնպես կարելի է սահմանել սանիտարահիգիենիկ կանոններ, որոնց սովորողները պետք է ենթարկվեն: Այսպիսի իրավիճակում իհարկե կարելի է օգտվել ստուգման և հարցման գրավոր ու բանավոր ձևերից, ինչպես նաև համակարգչային ստուգման մեթոդներից:Տարիքային այս խմբերի համար ուսուցման նման ձևի ընտրությունը հիմնված է այն հետազոտությունների արդյունքների վրա, ըստ որի 12 և բարձր տարիքի երեխաները կարող են վարակի փոխանցման տեսանկյունից վտանգավոր լինել շրջապատի համար: Այդ պատճառով նրանց շփումներն անհրաժեշտ է նվազագույնի հասցնել:

3.Երկրորդ տարբերակը, որն այս պահի դրությամբ մեզ համար ավելի կիրառելի է, դա սեպտեմբերի մեկից համատարած ձևով, կրթության բոլոր աստիճաններում ուստարին սկսելն է՝ հեռավար ձևով ու դրա ստեղծագործաբար շարունակումը, այնքան ինչքան կպահանջի համաճարակային վիճակը:

Անհրաժեշտության դեպքում կարելի է սահուն անցում կատարել ինչպես առկա, այնպես էլ հատուկ հիբրիդային ուսուցմանը: Այստեղ շատ կարևոր է ուստարվա համար սահմանված ժամկետների հստակ պահպանումը, ինչպես նաև սովորողների առողջությունը: Այս դեպքում աշխատանքի մեծ ճակատ կունենան նաև մեր հոգեբանները: Պետք է նման պարագայում մտածել նաև սովորողների ազատ ժամանակի ու մշակութային և սպորտային ակտիվ կյանքի կազմակերպման մասին:

4.Բուհական համակարգը նոր ուստարվա առաջին կիսամյակի համար ընտրել է համեմատաբար ընդունելի, մոբիլ, ու նաև որոշակի արդյունավետություն ապահովող ուսուցման կազմակերպման հիբրիդային տարբերակը, որից դեպի երկու կողմ անցումներն անցնցում կարելի է իրականացնել՝ ըստ ստեղծված իրավիճակի:

5.Ընդհանրապես ժամանակը, մոլորակի վրա ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ մանկավարժություն /մանկավարժական գիտության ուղղություն/, և առարկայական մեթոդիկաներ, որի գիտականորեն հիմնավորված դրույթները պետք է կիրառվեն հատուկ դրության պայմաններին հարիր ձևով և ընկած լինեն նման դեպքերում կրթության կազմակերպման հիմքում: Այդ գիտական ուղղությունը սերտորեն կապված կլինի բժշկագիտության, հոգեբանության ու պահանջարկված այլ ուղղությունների հետ:

Հ.Գ.1. Ցանկության դեպքում նշված հիմնախնդրով հետաքրքրվողների հետ կարելի է կազմակերպել անհատական ու խմբային քննարկումներ, որոնք կարող են արտակարգ իրավիճակներում ուսուցման կազմակերպման ավելի օպտիմալ այլ ձևի հանգեցնել:

Հ.Գ.2. Անկախ սկսելու ձևից, ներկա իրավիճակում ցանկալի է Նոր ուսումնականի սկիզբը Տոն դարձնել սովորողների և ուսուցիչների համար»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը