Քաղաքական

28.08.2020 10:11


Օվկիանոսից այնկողմ ապրող բժիշկը Հերոսի կոչման է արժանանում թերևս մի պարզ պատճառով՝ նա կոնֆլիկտ է ունեցել նախկին իշխանությունների հետ․ «Հրապարակ»

Օվկիանոսից այնկողմ ապրող բժիշկը Հերոսի կոչման է արժանանում թերևս մի պարզ պատճառով՝ նա կոնֆլիկտ է ունեցել նախկին իշխանությունների հետ․ «Հրապարակ»

«Առողջապահության համակարգն առողջապահության նախարարը չէ, ոչ էլ՝ նախարարությունը։ Այն կազմված է հազարավոր նվիրյալներից ու ամեն օր համեստորեն իրենց աշխատանքը կատարող մարդկանցից։ Այդ համակարգում կան փայլուն մասնագետներ ու շնորհալի տնօրեններ, որոնք հմտորեն կազմակերպում են բուժհիմնարկների աշխատանքը՝ ամեն օր փրկելով կյանքեր։

Եվ երբ երկրում շուրջ 6 ամիս դաժան պայքար է գնում կորոնավիրուսի դեմ, ու այդ մարդիկ՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժհիմնարկների ղեկավարներ, ամեն հիվանդի կյանքի համար մաքառում են և նրանց նոր կյանք պարգևում, մեր կառավարությունը որոշում է Հայրենիքի շքանշան, այսինքն՝ Ազգային հերոսի կոչում շնորհել օվկիանոսից այն կողմում ապրող մեր հայրենակցին՝ Հրայր Հովակիմյանին։

Ոչ ոք, անշուշտ, չի մոռացել Հովակիմյանի վաստակը․ նա է հիմնադրել Նորքում գտնվող հայտնի սրտի կլինիկան և նա Հայաստանում առաջինն է իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով կյանքեր։ Բայց այդ հերոսական աշխատանքի համար նա ժամանակին գնահատվել է, անգամ շքանշաններ է ստացել՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Սակայն տարիներ առաջ, ինչ-ինչ պատճառներով, նա հեռացել է Հայաստանից, ասում են՝ նեղացել է նախկին իշխանություններից։ Եվ հիմա երիտասարդ իշխանությունները որոշել են նրան հերոսի կոչում շնորհել։ Իսկապես որ «մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում»։ Ո՛չ այսօր հերոսական աշխատանք կատարող մեր բժիշկները, ո՛չ տարիներ շարունակ առողջապահական հիմնարկներ աշխատեցրած տնօրենները նման բարձր գնահատանքի չեն արժանանում։

Իսկ Հովակիմյանը թերևս արժանանում է մի պարզ պատճառով՝ նա կոնֆլիկտ է ունեցել նախկին իշխանությունների հետ, իսկ գործող իշխանությունները բոլոր հնարավոր մեթոդներով պայքարում են նրանց դեմ»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը