Հարցազրույց

01.09.2020 11:31


Նիկոլ Փաշինյանը լսել չի սիրում, ինքը կարծում է, որ ի պաշտոնե վարչապետը պետք է ամեն ինչ իմանա․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լսել չի սիրում, ինքը կարծում է, որ ի պաշտոնե վարչապետը պետք է ամեն ինչ իմանա․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ նախագահ Սարգսյանի հարցազրույցները սպասված էին։ Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով շատ կոնկրետ բանաձևումներ ներկայացրեց հանրային կյանքում ու տնտեսության ոլորտում առկա պրոբլեմների վերաբերյալ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական գործչին հատուկ խոսք էր․ «Նա շատ լավ գիտի, որ իր նկատմամբ անձնական վրեժխնդրության հարց կա, բայց նա այնքան հանգիստ ու առարկայական էր խոսում, որ նույնիսկ հակառակ ճամբարից որևէ լուրջ հակադարձություն չեղավ»։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ապրիլյան պատերազմի» վերաբերյալ անցկացված ասուլիսին՝ Խոսրով Հարությունյանն ասել է․ «Բառամթերքն ու բանաձևումները որոնք օգտագործում էր Սերժ Սարգսյանը, առ այսօր պետությամբ մտահոգվող պետական գործչի խոսք էր»։

Խոսրով Հարությունյանն առանձնացրել է երկու կարևոր շեշտադրում երրորդ նախագահի խոսքից․ «Կարծում եմ՝ նախագահ Սարգսյանը շատ լավ գիտակցում էր, որ փորձ կարվի անտեղի համեմատություններ անել Տավուշյան մարտերի ու Ապրիլյան իրադարձությունների միջև։

Կանխատեսելով դա՝ Սերժ Սարգսյանը գտավ նպատակահարմար հանրությանը հստակ ներկայացնել՝ ինչ է տեղի ունեցել «Ապրիլյան պատերազմում»։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ Մոսկվայում գլխավոր շտաբների հրամանատարների քննարկման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել»։

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանն ականջալուր լինի երկու նախկին նախագահների խոսքին, Խոսրով Հարությունյանն ասել է․ «Ես մի քանի անգամ ասել եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսել չի սիրում։ Հասկանում ե՞ք՝ ինքը կարծում է, որ ի պաշտոնե վարչապետը պետք է ամեն ինչ իմանա։ Նրա կարծիքով՝ եթե ինքը ասի, որ կներեք այս հարցին ես լավ չեմ տիրապետում, մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ բա դու վարչապետ ե՞ս»։

Ըստ Հարությունյանի՝ մեծ ղեկավարի համար մեկ առաքելությունը լսելու ունակությունն է․ «Դուք կարող եք չհամաձայնել, չկիսել որևէ մեկի կարծիքը, բայց չլսելը կատաստրոֆիկ սխալ է, ինչն այսօր անում է այսօրվա ղեկավարությունը»։

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ լսելու ունակություն չունենալու պատճառը կոմպլեքսներն են։

Դիտարկմանը՝ տպավորություն չկա՞, որ երբ վարչապետ Փաշինյանը շրջում է գյուղեգյուղ ու գյուղացիներն իրենց խնդիրներն են բարձրացնում, նա կարծես կեսից այլևս չի լսում նրանց, Հարությունյանը նշել է․ «Իմ կարծիքով՝ նա չի գնում գյուղացիների հոգսերի մասին լսելու։ Նա գնում է ցույց տալու համար, ինքը հետաքրքրվում է նրանցով»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը