Լրահոս

14.04.2011 09:16


«Տեխնոքաղաք» Գյումրիում արտադրամասեր են փակվում

«Տեխնոքաղաք» Գյումրիում արտադրամասեր են փակվում

Գյումրիի «Անալիտիկ սարքեր» ՓԲԸ կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Ժամանակին ավելի քան 600 աշխատակից ունեցող գործարանը հիմա ունի ընդամենը մի քանի աշխատող: Ավելին՝ պատվերների բացակայության պատճառով չի բացառվում, որ ընկերության աշխատակիցները համալրեն գործազուրկների շարքերը: Խնդիրն այն է, որ միակ պատվիրատու երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր է այլեւս պատվերներ չտա Գյումրիի «Անալիտիկ սարքեր»-ին, որն արտադրում է աղաչափեր:

Ընկերությանը հայտնի է դարձել ՌԴ զինվորական նավատորմի հրամանատարի որոշումը, որով մասնավորապես ասվում է, որ օգտագործելու են այսպես կոչված չորրորդ սերնդի աղաչափեր՝ ավելի կատարելագործված ու ժամանակակից: Իսկ պատվերներն ուղղելու են ոչ թե «Անլիտիկ սարքեր» ընկերությանն, այլ Սանտկ-Պետերբուրգի «Ավրորա» գիտաարտադրական միավորմանը:

Ընկերության տնօրինությունը ստիպված է նամակներ գրել համապատասխան մարմիններին, որպեսզի չդադարեցնեն ընկերության հետ աշխատանքը: Գործարանի ներկայացուցիչներն ակնկալում են նաև կառավարության աջակցությունը՝փնտրել ելքեր հետագա գործունեությունը շարունակելու համար: Գյումրիի «Անալիտիկ սարքեր» ՓԲԸ տնօրեն Ժորա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Շատ նեգատիվ չեմ ուզում տրամադրվել: Եթե չպայքարենք, իհարկե կգնանք փակուղի: Եթե կառավարությունը մեզ աջակցի, վերադաս մարմինները մեզ ընդառաջեն, գուցե հասնենք նրան, որ ռուսները կշարունակեն աղաչափեր պատվիրել: Եթե հանեցին պատվերը, իրոք դժվար կլինի ասել, ինչ կլինի գործարանի ապագան: Ի՞նչ պիտի լինի…«լավագույն» ավանդույթների նման խանութ պիտի բացենք»:

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը