Լրահոս

04.09.2020 18:46


«Կանոնները չեմ խախտել». Մարտունու համայնքապետը կորոնավիրուսով վարակված լինելով կազմակերպել և մասնակցել է դստեր նշանդրեքին, համայնքապետարանը այժմ փակ է

«Կանոնները չեմ խախտել». Մարտունու համայնքապետը կորոնավիրուսով վարակված լինելով կազմակերպել և մասնակցել է դստեր նշանդրեքին, համայնքապետարանը այժմ փակ է

Մարտունու համայնքապետարանը երկուշաբթի օրվանից փակ է, քաղաքապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Ոսկանյանը նշեց, որ քաղաքապետ Արմեն Ավետիսյանը վարակված է, աշխատակիցներն էլ հետը շփվել են, այդ պատճառով քաղաքապետարանը փակ է: Նրա խոսքով՝ բոլոր աշխատակիցները մեկուսացված են:

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այո, կորոնավիրուսով է վարակված, և Պարետատունն էլ որոշել է՝ դադարեցնել քաղաքապետարանի աշխատանքը:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, չսպասելով թեստի պատասխաններին, մասնակցել է դստեր նշանդրեքին: Նա Tert.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե դստեր նշանդրեքին մասնակցել է 150 հոգի։

«Իմ աղջկա նշանդրեքը արել ենք իմ ընտանիքով՝ 30 հոգով, իմ ռեստորանում: Այդ ժամանակ էլ ես բոլորից պաշտպանվել եմ՝ իմանալով որ տաքություն ունեմ, բայց թեստի պատասխանը դեռ չունեի: Ուրբաթ օրը իմ աղջկա նշանդրեքն արել եմ, շաբաթ օրը թեստի պատասխանն եկել է դրական: Վնասել եմ իմ ընտանիքին, բայց քաղաքապետարանի աշխատողների հետ չեմ շփվել»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է պաշտպանվել նշանդրեքի ժամանակ, ի՞նչ նկատի ունի, նա ասաց, որ իր առանձին ափսեով ու բաժակով հեռու է նստել. «Ասել եմ մինչև թեստի պատասխանը չգա, ինձ մոտ չգաք»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ միայն նա՞ է ջերմել, թե՞ կինն էլ, Մարտունու քաղաքապետը պատասխանեց. «Մեր տանը բոլորը վարակված են, իմ աղջիկը, իմ տղան, մնացած բոլորը, քանի որ մինչև իմ ջերմելն էլ մենք ընտանիքով բոլորս միասին ենք եղել: Իմ ընտանիքի անդամները բոլորն էլ վարակված են, բայց կողքից ես զգույշ եմ մնացել, որ որևէ մեկին վնաս չտամ, մինչև այս պահը քաղաքապետարանի որևէ աշխատակցի մոտ որևէ սիմպտոմ չկա»:

Նա նշեց, որ նշանդրեքի բոլոր մասնակիցները նույնպես մեկուսացված են և հավաստիարցեց՝ այդ մարդկանցից շատերն իր հետ չեն էլ շփվել: Հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ խախտել եք հակահամաճարակային կանոնները, նա պատասխանեց. «Բացարձակ, թույլտրվե՞լ է չէ 40 հոգանոց միջոցառում անել»:

Դիտարկմանը՝ չի թուլատրվել վարակված լինելու դեպքում, մասնակցել, նա ասաց. «Այն ժամանակ են համարում վարակված, երբ թեստի պատասխանն է գալիս: Ես ունեցել եմ ջերմություն, ուրբաթ օրը թեստը հանձնել եմ, ուրբաթ երեկո նոր ջերմություն եմ զգացել, իսկ այդ ամբողջ արարողությունը արդեն կատարված էր, մարդիկ հրավիրված էին, ես առանձին նստել եմ հանգիստ ինձ համար, ես ոչ մեկի հետ չեմ շփվել, մարդիկ իրենց նշանդրեքը արել են իրենց համար: Ոչ մեկին չեմ դիմավորել չեմ ճանապարհել, առանձին նստել եմ, իրավունք չունե՞ի, խախտե՞լ եմ: Դե պարետը թող որոշի, խախտել եմ, թե ոչ, եթե կորոշի ինձ գնդակահարեն, թող գնդակահարեն»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը