Լրահոս

15.04.2011 09:59


ԵՀՄՖ. «Հայկական կողմը խիստ զգուշավոր մոտեցում պետք է ցուցաբերի ադրբեջանցիների հետ համադաշնություն ստեղծելու հարցին»

Վերջերս «Ռեգնում» գործակալության լրատվության էջերում հաճախ քննարկվում է «Հարավային Կովկասի Համադաշնություն» /ՀԿՀ/ կամ այլ տիպի միավոր ստեղծելու միտքը, որն առաջին անգամ ներկայացվել է Եվրոպայի Հայակական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից պաշտոնապես Եվրոպայի «Էկոնոմիկ ֆորում»-ում 2008թ-ի սեպտեմբերին: Այնուհետև 2009թ.-ի սեպտեմբերին ձևավորվեց «Հարավային Կովկասի գեոքաղաքական խնդիրները» նստաշրջանը, որի նախագահ նշանակվեց Ա.Գրիգորյանը և այդ նստաշրջանում ներկայացվեց «Հարավային Կովկասի համադաշնություն. Հնարավոր է արդյո՞ք այն» ելույթը, որը հոկտեմբերին տպագրվեց Վրաստանի ռուսալեզու մամուլում: Ասենք, որ նստաշրջանի մասնակից ադրբեջանցիների կողմից այն ընդունվեց սվիններով, սակայն դրական արձագանք ստացավ վրացիների կողմից: Ադրբեջանի Միլիմեջլիսի հայտնի պատգամավոր Ասիմ Մոլազադեն, անդրադառնալով միավորված հարավային Կովկասի գաղափարին, նշեց, որ նա հասկանում է հայերի ցանկությունը ամեն ճանապարհով տեր դառնալու ոչ միայն Ղարաբաղին այլև Նախիջևանին: Ի պատասխան դրան հնչեց Գրիգորյանի հայտարարությունն առ այն, որ համադաշնություն ստեղծելու հնարավորությունը շատ վտանգներ է պարունակում առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ, հաշվի առնելով ադրբեջանցիների բնակչության աճի աննախադեպ տեմպերը, կարճ ժամանակ հետո առկա է Հայաստան  նրանց ներթափանցելու վտանգը: Սակայն մի բան է պարզ, եթե չգտնվեն միմյանց հետ հաշտ ապրելու ձևերը, նորմալ կենսամակարդակ այս տարածաշրջանում ապահովելը պրակտիկորեն անհնարին է: Ռազմական ծախսերը միշտ գերազանցելու են նորմալ տրամաբանության ենթարկվող սահմանները և կլանելու են մարդկանց նորմալ կենսամակարդակով ապահովելու հնարավոր անհրաժեշտ ֆինանսների մեծ մասը: Ըստ Գրիգորյանի առաջարկի համադաշնությունը պետք է լինի Հարավային Կովկասի բոլոր վեցը միավորներն ընդգրկող / Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Արցախ, Հարավային Օսեթիա, Աբխազիա/ և ունենալու է ազատության ու անկախության բարձրագույն աստիճանները: Դրա եվրոպական համանման կառույցը Բենելյուքսն է: Այս կառույցի մեջ մտնող գաճաճ պետություն Լյուքսենբուրգը լիիրավ անդամ է հզոր Հոլանդիայի ու Բելգիայի հետ միասին: Ընդ որում, ըստ Գրիգորյանի, ՀԿՀ-ն դառնալով ԵՄ-ի լիիրավ անդամ կարող է ձերբազատվել բոլոր բարդույթներից ու խնդիրներից: Լիիրավ անդամ դառնալուն սակայն պետք է նախորդի ասոցիատիվ անդամի և թեկնածու անդամի կարգավիճակները: Այս առաջարկները Գրիգորյանը քննարկել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչների հետ /Խավիեր Սոլանա, Պետեր Սեմնեբի, Տոմաշ Պորեմբա և այլոք/ 2009-2010թթ.-ին: Վերջին տարվա ընթացքում խիստ ակտիվացան Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիատիվ անդամության  պայմանագրեր կնքելու գործընթացները: Անդամակցության ընդհանուր գործընթացը պետք է բաղկացած լինի 3 ժամանակահատվածից.

  1. Հարավային Կովկասում լարվածության մինիմալիզացիա, ընդհանուր առևտրական, տնտեսական, մաքսային գոտիների ձևավորում և ԵՄ-ի հետ կապերի ընդլայնում` հասնելով ասոցիատիվ անդամի կարգավիճակի
  2. ԵՄ թեկնածու անդամի կարգավիճակ
  3. ԵՄ իսկական անդամի կարգավիճակ

Շատ երկրներ ԵՄ-ին անդամագրվելով կարողացել են զսպել ազգամիջյան սուր վեճերն ու խնդիրները և հասել են նորմալ միջազգային հարաբերություններ պարունակող իրավիճակի: Այսօրինակ խնդիրներ ունեցել են և ունեն օրինակ սլովակները և հունգարները, որոնք սակայն ԵՄ մտնելուց հետո համարյա լիովին լուծել են ազգամիջյան խնդիրները: Կոնկրետ ՀԿՀ ստեղծելու ապագան այսօր գուցե ուտոպիական թվա շատերին, սակայն ապագա տասնամյակների կտրվածքով այն կարող է շատ իրատես դառնալ, հատկապես  եթե հաշվի առնենք ԵՄ անդամակցության հնարավորությունը, որին նպաստող ծրագիր է հանդիսանում «արևելյան գործընկերություն» անվանյալ համագործակցությունը: Շատ թեր և դեմ կողմեր կարող է ունենալ ՀԿՀ ծրագիրը Հայաստանում: Հենց միայն դեմոգրաֆիական էֆեկտը, որը նշել է իր ելույթում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը բավական է, որ հայկական կողմը խիստ զգուշավոր մոտեցում ցուցաբերի ադրբեջանցիների հետ համադաշնություն ստեղծելու հարցին: Հաճախ համանման քննարկումների ժամանակ կես լուրջ կես կատակ ասվում է, որ Թուրքիան Հայաստանին պատժելու համար կարող է արևմտահայկական տարածքները 20 միլիոն քրդաբնակ շրջաններով վերադարձնել Հայաստանին: Այստեղ մի հռետորիկ հարց է ծագում. Կարսի պայմանագիրը Հայաստանը պետք է ընդունի՞, թե՞ չեղյալ հայտարարենք: Եթե հասնում ենք նրան, որ չեղյալ ենք հայտարարում այդ պայմանագիրը և պահանջում ենք տարածքների վերադարձ,պետք է հաշվի առնենք որ այդ տարածքները բնակեցված են քրդերով ու թուրքերով: Այսինքն ամեն դեպքում չափազանց էական է ապագայում հարևանների հետ ապրելու քաղաքակիրթ և ճիշտ կենսաձևեր գտնելու անհրաժեշտությունը: Բոլոր նմանատիպ խնդիրների լուծումն ԵՀՄՖ-ի նախագահը տեսնում է միայն ԵՄ տանիքի ներքո: Այդ կարգավիճակը շատ ժողովուրդների է օգնել լուծելու և տնտեսական, և ազգամիջյան խնդիրները: Համաշխարհային ճգնաժամից առանց պայթյունների և կործանարար ցնցումների ազատվելու դեպքում ԵՄ-ը կունենա ներուժ ու հարավային Կովկասին իր տանիքի տակ վերցնելու դեպքում կօգնի լուծելու բոլոր ներքին խնդիրները: Ահա այս ուղով ընթանալու դեպքում հնարավոր է նաև ՀԿՀ ստեղծելու գործընթացը դառնա իրատեսական:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը