Հարցազրույց

12.09.2020 11:12


Այս իշխանությունը, օգտագործելով «Մարտի 1-ի» իրավահաջորդներին, փորձում է իր ձեռքերը մաքրել․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

Այս իշխանությունը, օգտագործելով «Մարտի 1-ի» իրավահաջորդներին, փորձում է իր ձեռքերը մաքրել․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

Հենց սկզբից «Մարտի 1-ի» գործն ու այս պահին դատարանում քննվող Սահմանադրական կարգի տապալման գործը որևէ կապ չունի «Մարտի 1-ի» հետ, առավել ևս կապ չունի տասը զոհերի հետ, և տրամաբանությունից դուրս էր, որ այդ մարդիկ ներկայանում էին դատարան որպես տուժողներ, կամ տուժողների իրավահաջորդներ։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։

Ըստ Նարեկ Մանթաշյանի՝ օրվա իշխանությանը պետք էր «Մարտի 1-ի» անունը թմբկահարելով դիվիդենտներ շահել․ «Չմոռանանք, որ այսօրվա իշխանությունը տասը տարի շարունակ «Մարտի 1-ը» իրենց ձեռքին սարքել էին դրոշ։ Այս իշխանությունը, օգտագործելով «Մարտի 1-ի» իրավահաջորդներին, փորձում է իր ձեռքերը մաքրել՝ վճարելով նրանց նաև 30-ական միլիոններ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ իր հերթին նշել է․ «Այս նոր իշխանությունը փորձում է շահարկել ողբերգությունը՝ օգտագործելով հարազատների վիշտն այդ մարդկանց բերելով դատարան։ Իշխանությունները կարողացան խամաճիկի նման օգտագործել այդ մարդկանց»։

Մարգարիտ Եսայանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված «Սահմանադրական կարգի տապալման» հոդվածն աբսուրդ է․ «Ինչպես Ձեր եթերում եմ բազմիցս ասել, կրկնում եմ՝ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ էր ու ոտնձգություն էր տեղի ունենում Հայաստանի Սահմանադրության դեմ։ Ցավալիորեն եղան նաև զոհեր, բայց չի կարելի թաշկինակի պես թափահարել այս գործը»։

Ըստ քաղաքական գործչի՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները շատ լավ գիտեին, որ այս գործի շրջանակներում չի բացահայտվում տասը զոհերի հանգամանքը ու գիտակցված մասնակցեցին այս ներկայացմանը։

Դիտարկմանը՝ ո՞րն էր ակնկալիքը, Մարգարիտ Եսայանը պատասխանել է․ «Երբ նայում ենք դատական նիստերը, ցավալի էր՝ ինչպես էին այդ մարդիկ ռեպլիկներ թողնում։ Ու մի բան էլ՝ մարդիկ մոռանում են, որ այս գործի շրջանակներում մարդիկ իրենց պատիժը կրել են»։

Մարգարիտ Եսայանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես այս գործը կարում է Ռոբերտ Քոչարյանի հագով, որպեսզի ցույց տա իբր ինքը տեսեք-տեսեք ինչեր է անում․ «Եթե «Մարտի 1-ի» գործով կան մեղավորներ, ապա դրանցից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Իրավահաջորդները չպետք է թույլ տային,որ Նիկոլ Փաշինյանն իրենց օգտագործեր, եթե անգամ իրենց պետությունը փոխհատուցում էր տվել»։

Նարեկ Մանթաշյանն էլ ավելացրել է, որ այս իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում «Մարտի 1-ի» գործի իրական բացահայտումը․ «Փաշինյանն ու լևոնական կլանը տասը տարի շարունակ խոսել են «Մարտի 1-ից», որպեսզի պահպանեն իրենց քաղաքական ներկայությունը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը