Քաղաքական

15.09.2020 10:09


«Սորոսի ու Բոլթոնի միջև». ինչպես է Արևմուտքը ցանկանում ձևափոխել Հայաստանի քաղհասարակությունը

«Սորոսի ու Բոլթոնի միջև». ինչպես է Արևմուտքը ցանկանում ձևափոխել Հայաստանի քաղհասարակությունը

Օգոստոի 30-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամրապնդման համար 2 մլն եվրո հատկացնելու ծրագրերի մասին: Ենթադրվում է, որ այդ նախաձեռնության շրջանակում դրանք կբարելավեն կառավարման՝ իրենց հմտությունները և կընդլայնեն համագործակցությունը մասնավոր հատվածի, երիտասարդության և ակադեմիական շրջանակների հետ: Տարատեսակ ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների նմանատիպ աջակցություն կանոնավոր կերպով ցուցաբերում է նաև ԱՄՆ-ը: Ռուսաստանցի լրագրողի հետ հարցազրույցում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ գործընթացները կոչեց «սորոսացում»՝ հայտարարելով, որ երիտասարդությանը պարտադրվում են արժեքներ, որոնք արմատախիլ են անում այն բաղկացուցիչ տարրը, որը հայի ինքնության հիմքն է:

Թե ո՞ւմ շահերից է գործում Հայաստանի քաղհասարակությունը, Eurasia.expert կայքում պարզաբանում է Երևանի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետ Բենիամին Մաթևոսյանը:

Հայկական ԶԼՄ-ների լրահոսն արդեն երկար ժամանակ է՝ լի են երկրի համաճարակային իրավիճակի մասին նորություններով, ինչը հանգեցրել է այն բանին, որ հանրապետությունում գործնականում աննկատ մնաց լուրը, որ Եվրահանձնաժողովը ծրագրում է 2 մլն եվրո տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամրապնդման համար: Դրամաշնորհ ստանալու մրցույթը հայտարարվել է այդ կազմակերպությունների «ներուժի ավելացման ու կայունության բարձրացման» նպատակով: «Որպեսզի դրանք ավելի արդյունավետ, կենսունակ և անկախ սուբյեկտներ լինեն, որոնք իրենց ավանդն են ներդնում ժողովրդավարության զարգացման, քաղաքացիների իրազեկման, նրանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման գործում»,- ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ:

Հարկ է նշել, որ նման նախագծեր Հայաստանում առաջին անգամ չէ, որ իրագործվում են: Այսպես՝ ավելի վաղ հաղորդվել էր Եվրահանձնաժողովի՝ երկրի քաղհասարակության կառույցների զարգացման համար 3 մլն եվրո տրամադրելու ծրագրերի մասին: Փետրվարին ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների հարցերով բյուրոն ծրագրել էր Հայաստանի «ժողովրդավարության մշակույթի» զարգացման համար հատկացնել ավելի քան 640 հազար դոլար:

Հարկ է նշել, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո նոր իշխանությունը շարունակում է նախկինների «ավանդույթը» և գործունեության լայն դաշտ տրամադրում ոչ կառավարական կազմակերպություններին:

«Հին փոցխեր»

2018-ի հայկական «հեղափոխությանը» նախորդած տասնամյակն իրավամբ կարելի անվանել Հայաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ցանցի ակտիվ աճի ժամանակաշրջան: Ընդ որում՝ այդ կազմակերպությունները ֆինանսավորվում էին տարբեր կառույցներից՝ Եվրահանձնաժողով, USAID, British Council, GTZ, պետդեպարտամենտ, «Բաց հասարակություն» տխրահռչակ հիմնադրամը և այլն: Ակներևաբար, դրանցից յուրաքանչյուրը, տարբեր ծրագրերի միջոցներ տրամադրելով, իր նպատակներն է հետապնդում, որոնք ոչ միշտ են համապատասխանում Հայաստանի շահերին, սակայն նման կազմակերպությունների գործունեության համար «կանաչ լույսն» այն գինն էր, որ նախկին իշխանությունը վճարում էր «արտաքին լեգիտիմության» և միջազգային գործընկերների լոյալության համար:

Այս տեղեկությունների կոնկրետացման համար հարկ է ներկայացնել մի քանի կառույցներ, որոնց գործունեությանը աջակցելով՝ «Բաց հասարակություն» հիմնադրամը 2017-2018 թթ. տրամադրել է մինչև 3 մլն դոլար:

● «Իրազեկ քաղաքացիների միավորում» (Union of Informed Citizens)՝ հասարակական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է կարևոր հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Աջակցության գումարը՝ 228 հազար դոլար:

● Լրագրողների «Ասպարեզ» ակումբ (Asparez, Journalists' Club)՝ Գյումրիում: Նկարագրության մեջ նշվում է, որ ակումբը հիմնվել է լրագրության և հեռուստա- ու տեսակոնտենտի արտադրության փորձ ունեցողների կողմից: Աջակցության գումարը՝ 120 հազար եվրո:

● Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոն. ներկայանում է որպես վերլուծական: Աջակցության գումարը՝ 58,5 հազար դոլար:

Սա իրականացված նախագծերի ընդամենը փոքր մասն է: Դրանց շարքը կարելի է դասել նաև առցանց FactorTV հեռուստատեսության ստեղծումը, որը 2018-ի «հեղափոխության» ժամանակ ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները ուղիղ հեռարձակումներով, իսկ այսօր գործող իշխանության հանդեպ ամենալոյալ ԶԼՄ-ներից է:

Արդեն նշեցինք, որ նախկին իշխանությունն աչք էր փակում նշյալ հիմնադրամների ու կառույցների ակտիվ գործունեության վրա, ինչը բարենպաստ հող ստեղծեց դրանց զարգացման համար: Սակայն հարցը ոչ միայն արևմտյան գործընկերների ցանկալի լոյալությունն էր, այլ նաև՝ քաղաքական գործընթացի տարբեր ակտորների հետ հաղորդակցման ու կառավարման մոտեցումները, որոնք նախընտրում էին հեռացած իշխանությունները: Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական գործընթացի առանձնահատկություններից էր «քաղաքացիական հասարակության» հետ սիրախաղ անելը և կարծիքը, որ այն կարելի է կիրառել ներիշխանական պայքարում, «ուղղել» ոչ ցանկալի քաղաքական գործիչների ու խոշոր գործարարների դեմ:

Նախորդ իշխանությանը թվում էր, որ «քաղաքացիական հասարակության» ակտիվիստներին կարելի է օգտագործել այնպես, ինչպես իրենց քաղաքական գործիչների շարքը դասող որոշ անձանց: Ավելին՝ նախկին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում էին «քաղաքացիական հասարակության» որոշ առաջնորդների և միաժամանակ հանրային արձագանք ապահովում այն հիմնախնդիրների համար, որոնց դեմ ձևականորեն ելույթ էին ունենում այդ ակտիվիստները՝ Մաշտոցի պուրակի կանաչ գոտու պահպանումից սկսած մինչև Փակ շուկայի ճարտարապեական տեսքի պահպանության համար պայքար: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ ակտիվիստների գործունեությունն ավելի հողեղեն նպատակներ ուներ. նախ՝ Երևանի հավակնոտ քաղաքապետ Տարոն Մարգարյանին իր տեղը ցույց տալը, երկրորդ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին վերահսկելը՝ ակտիվիստներով վախեցնելով:

Սակայն արդեն նշեցինք, որ սխալ էր կարծելը, թե քաղակտիվիստներին «անցավ» կարելի է օգտագործել ներքաղաքական պայքարում: Եվ բոլոր նրանք, ովքեր «աճեցվում էին» որպես քաղակտիվիստներ և լայնորեն գովազդվում հանրության առջև, 2018-ի գարնանը «տապալեցին» ՀՀԿ-ի ռեժիմը: Այսօր այդ բոլոր ակտիվիստներին հնարավորություն է տրված պետական կառույցներում աշխատելու, իսկ վերոհիշյալ հմնադրամներին ակտիվ գործունեության ու հայ երիտասարդության «խելքի ու սրտի համար պայքարի» լայն դաշտ է տրամադրված: Գործող ղեկավարությունը համարում է, որ այդ կառույցներն իր գործընկերներն են, և դրանցից վտանգ չկա: Սակայն ամեն ինչ այդքան պարզունակ չէ:

Սորոսի և Բոլթոնի միջև

Երբ 2019-ին Դավոսում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի վարչապետը տվյալ փուլում հրաժարվում է «Բոլթոնի պլան» (Ջոն Բոլթոն՝ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական) հայեցակարգի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարեց Հայաստանի քաղհասարակությանն իր աջակցության մասին՝ « երկրի ժողովրդավարական ներկայի ու ապագայի համար»:

Հարկ է նշել, որ Հայաստանում իրավիճակն առանձնահատուկ է այն պատճառով, որ այստեղ ամերիկյան պետության և Սորոսի շահերը համընկնում են, թեև հաճախ կարող են և չհամընկնել: Եվ քանի որ համընկնում են, ու «հիմնական մուտքից» մտնել չհաջողվեց, որոշում է կայացվել փորձել այլ կերպ լուծել Ղարաբաղի հարցը և հասնել այն բանին, որ պաշտոնական Երևանը մասնակցի հակաիրանական հավանական գործողություններին: «Բոլթոնի պլանի» համաձայն՝ Հայաստանը պետք է հրաժարվի «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ դուրս գա ռուսական ազդեցության դաշտից և հայտնվի արևմտյան ազդեցության ուղեծրում: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը փաստացի պահանջեց Հայաստանից՝ մասնակից դառնալ Իրանի դեմ քայլերին՝ չբացառելով նաև հայ-իրանական սահմանի փակումը: «Բոլթոնի պլանով» նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Ղարաբաղի հարցում՝ մինչ այդ իր հասարակությանը նախապատրաստելով «խաղաղության»: Կարևոր է հասկանալ, որ Բոլթոնի՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմից հեռանալուց հետո էլ նրա «պլանը» չի դադարել արդիական լինելուց: Մարդիկ գալիս են ու գնում, իսկ շահերը մնում են:

Փաշինյանի՝ այդ պլանի շրջանակում հիմնախնդիրը կարգավորել հրաժարվելուց հետո վաշինգտոնյան վերլուծաբանները համարեցին, որ նահանջը կատարվել է պաշտոնական Մոսկվայի, նաև Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի, Հայաստանի նախկին իշխանությունների և ազգային ուժերի ճնշման հետևանքով: Հենց այդ դիմադրությունը կոտրելու նպատակով էլ Սորոսը կֆինանսավորի «քաղաքացիական հասարակությանը», այսինքն՝ կզրոյացնի դիմադրության ռեսուրսները: Այլ կերպ ասած՝ Հայաստանի «ժողովրդավարացման» գնով կարձակվեն Փաշինյանի ձեռքերը՝ Ղարաբաղի հարցում, և կոչնչացվի նրա քայլերին դիմադրությունը: Հաշվարկն այն է, որ դրանից հետո Բոլթոնի պլանի իրագործումն արդեն հակազդեցության չի հանդիպի:

Հարկ է ընդգծել, որ ԱՄՆ-ի թիրախը Ռուսաստանն ու Իրանն են: Հայաստանը ընդամենը գործիք է ավելի մասշտաբային նպատակների հասնելու համար:

Ավելին՝ Արևմուտքում Փաշինյանից 3 բան են սպասում՝ Հայաստանի տարածքից 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերում, ՀԱՊԿ-ից հրաժարում և «հեղափոխության արտահանում» ԵԱՏՄ տարածք: Միայն այն ժամանակ Փաշինյանը կարող է Արևմուտքից ֆինանսական ներդրումների հույս ունենալ, երբ իրագործվեն նշյալ նպատակները: Սակայն եթե դա տեղի ունենա, Հայաստանի առջև կծառանա պետականության պահպանման հարցը: Եվ քանի որ վարչապետը մինչև վերջ չի արդարացնում իր վրա դրված հույսերը, արևմտյան գործընկերներն ազդեցության տարբեր ուղիներով ակտիվացրել են Հայաստանի քաղհասարակության հետ աշխատանքը՝ այլ սերունդ դաստիարակելու և հետագայում վերոնշյալ խնդիրներն ավելի հեշտ լուծելու հույսով: Հենց դրանով է պայմանավորված նրանց շռայլությունը քաղհասարակության ինստիտուտների զարգացմանն աջակցելու հարցում, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների հաղթահարման գործում Հայաստանը նրանցից որևէ զգալի աջակցություն չի ստացել:

Միաժամանակ, հարկ է հասկանալ, որ Հայաստանում տարբեր հիմնադրամների գործունեության համար «կանաչ լույս» վառելը, տարատեսակ միջազգային դրամաշնորհային նախագծերին մասնակցող անձանց պետական կառավարման գործում ակտիվորեն ներգրավելը սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը:

ԵՄ, Վաշինգտոն, Սորոս և պաշտոնական Անկարա՞

Երբ իշխանությունը չափազանց մեծ «տարածքներ է բացում» օտարերկրյա հիմնադրամների ու ոչ առևտրային կազմակերպությունների առջև, պետք է հասկանա, որ դրանից կարող են օգտվել ոչ միայն պոտենցիալ գործընկերները, այլ նաև ոչ բարեկամական, երբեմն էլ բացահայտ թշնամական ուժեր: Հայաստանի պարագայում խոսքը Թուրքիայի մասին է, որը, հայկական ԶԼՄ-ների՝ մինչև օրս չհերքված հրապարակումների համաձայն, կարողացել է մինչև 2018 թվականն անուղղակիորեն ներգրավվել Հայաստանի քաղհասարակության տարբեր կառուցվածքների գործունեության մեջ: Իսկ այսօր, դրա շնորհիվ, փաստացի հավակնում է ազդել երկրի կրթական համակարգի վրա: Ինչի՞ մասին է խոսքը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթության նոր չափորոշիչների նախագիծը, որն արմատապես փոխում է պետական կրթական համակարգը: Այն անմիջապես կոշտ քննադատության արժանացավ քաղաքական ուժերի, պատմաբանների և կրթության բնագավառի այլ մասնագետների կողմից: Որոշ քննադատներ նախարարությանը մեղադրում են երկրի «ազգային արժեքներին» դիմակայելու փորձի մեջ: Ավելին՝ հանրակրթական բարեփոխումների նախագծի քննադատությունը խորացել է այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ այն մշակողները երկար տարիներ համագործակցել են թուրքական պետական «Tarih Vakfi» պատմության հիմնադրամի հետ: Yerkir.am կայքի լրագրողական հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ կրթության նոր չափորոշիչների ձևավորման համակարգող խմբի անդամներ Լիլիթ Մկրտչյանը (որպես «Երիտասարդ պատմաբանների ասոցիացիա» ոչ առևտրային կազմակերպության ղեկավար), իշխող «Իմ քայլը» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը տարիներ շարունակ ներգրավված են եղել ԵՄ-ի կողմից իրականացվող նախագծերում, որոնք ուղղված են եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը: ԵՄ նախագծի իրագործման երկրորդ փուլում դրամաշնորհ է ստացել նաև վերը նշված թուրքական հիմնադրամը: «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» նախագծի կայքում թուրքական հիմնադրամի իրականացրած մասշտաբային ծրագրերի մասին շատ քիչ, բայց շատ կարևոր տեղեկություններ կան: Դրանց համաձայն՝ ծրագրի նպատակը հայ-թուրքական կարգավորման առաջխաղացումն է երկու երկրների պատմաբանների և «պատմության ուսուցիչների» համագործակցության ճանապարհով: Նշվում է, որ դա հնարավոր լինի հայ-թուրքական հարաբերությունների այլընտրանքային պատմական նարատիվի մշակման ճանապարհով՝ գործընթացում ուսանողների և մասնագիտական այլ խմբերի ընդգրկմամբ: Նախագծի հենց այդ փուլի իրագործմանն են ակտիվորեն մասնակցել վերոնշյալ անձինք:

Արդյունքում՝ դա հանգեցրեց այն բանին, որ կրթական համակարգի ձևավորման նոր մոտեցումների շրջանակում դպրոցական ծրագրերից հանվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, նաև ի հայտ եկան կրթության նոր չափորոշիչները: Եթե ընդհանրացնենք՝ պատմության և հասարակագիտության մասով դպրոցական դասագրքերում կան մի շարք շերտեր, որոնք խանգարում են Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության կարգավորմանը, այդ պատճառով, նոր չափորոշիչներով, տվյալ դասագրքերում պետք է մի շարք փոփոխություններ լինեն:

- «Սեքսիզմի» տարրը պետք է վերացվի. խոսքն այն մասին է, որ շատ տեղ պետք է հատկացվի հայ ժողովրդի պատմության մեջ կնոջ դերին: Այս կետը կարևոր է, քանի որ դասագրքերում տղամարդկանց հերոսական քաջագործությունների մասին պատմությունների լիությունը մեծացնում է աճող սերնդի մարտականությունը:

- Մարտականությունը և թշնամու կերպարը (Թուրքիայի) պետք է նվազագույնի հասցվեն, քանի որ եթե դպրոցականի գիտակցական մակարդակում ներդրվի թուրքի՝ որպես ժողովրդի հանդեպ բազմաթիվ ոճիրներ գործած թշնամու ընկալումը, դա կխանգարի երկխոսության հաստատմանը:

- Ինչպես Կիլիկյան Հայաստանի, այնպես էլ Տիգրանի Մեծի թագավորության մասին պատմող չափազանց «ազգայնականացված» պատմությունը պետք է բացառվի պատմության դասագրքերից:

Ինչպես Բոլթոնն էր ասում՝ Հայաստանը պետք է հրաժարվի «պատմական կարծրատիպերից», ինչն էլ փորձում են իրագործել նման կրթական ռեֆորմով:

Ինչ-որ չափով կատարվողը կարելի է օրինաչափ համարել, չէ՞ որ եթե երրորդ երկրների կամ ոչ առևտրային կազմակերպությունների տեսքով ակտորների հնարավորություն ես տալիս առանց խոչընդոտների գործելու քո տարածքում, դա մշտապես շրջվում է քո պետական շահերի դեմ:

Հայաստանի քաղհասարակության ապագան

Վերադառնալով արդեն հնչեցված մտքին՝ հարկ է նշել, որ վարչապետ Փաշինյանը կրկնում է նախորդ իշխանությունների սխալները՝ ենթադրելով, որ արտասահմանից ֆինանսավորվող քաղակտիվիստները և ոչ առևտրային կազմակերպություններն իր համար վտանգավոր չեն և նույնիսկ գործընկերներ են: Դա այդպես չէ: Նրանք նախևառաջ իրենց և իրենց հովանավորների նպատակներն են հետապնդում: Այս ճշմարտությունն աշխարհի պես հին է:

Միաժամանակ, խաչ քաշել Հայաստանում «քաղաքացիական հասարակության» վրա հարկավոր չէ, ավելին՝ ժողովրդավարական քաղաքական համակարգի ձևավորման կարևորագույն նախադրյալը և միաժամանակ գործոնը հենց քաղաքացիական հասարակության առկայությունն է: Այն բնութագրում է բնակչության սոցիալական ակտիվության տարատեսակ ձևերի ընդհանրությունը, որը պայմանավորված չէ պետական մարմինների գործունեությամբ, արտացոլում է սոցիումի ինքնակազմակերպման իրական մակարդակը և ապահովում տարբեր մակարդակներում իշխանության մարմինների գործունեության վերահսկողությունը: Այլ կերպ ասած՝ քաղաքացիական հասարակությունը պետք է կատարի մի շարք կարևոր գործառույթներ, ավելին՝ ընդունելի է նաև Հայաստանի միջազգային գործընկերների ակտիվ մասնակցությունը քաղհասարակության ինստիտուտների գործունեության մեջ. ի վերջո, «փափուկ ուժի» կիրառումն ընդունելի է քաղաքակիրթ աշխարհում:

Սակայն վերը շարադրվածը ցույց է տալիս, թե ինչքան հեշտ է անցնել սահմանը և հասարակական կապերի հաստատումից անցնել պետական անվտանգության վրա ազդեցության ոլորտ: Արդյո՞ք սպառնալիք չէ, երբ «Բաց հասարակություն» հիմնադրամից տարիներ շարունակ դրամաշնորհներ ստացած կազմակերպության ղեկավարն այսօր գրում է Հայաստանի ընտրական օրենսգիրքը, բարեփոխում է դատական համակարգը և համակարգում նոր Սահմանադրության մշակումը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի մասին է:

Փաշինյանի կառավարությունը դեռևս ժամանակ ունի այդ հարցը լուծելու: Եթե նրանք դա չանեն, Հայաստանի քաղաքացիական դաշտի «լյուստրացիան» պարտավոր կլինի անել հայկական նոր իշխանությունը:

Հոդվածի թարգմանությունը՝ Yerkir.am-ի:

Այս խորագրի վերջին նյութերը