Մեկնաբանություն

25.09.2020 17:22


Բացահայտվել է Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների «սղագրությունը»

Բացահայտվել է Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների «սղագրությունը»

Ադրբեջանցիներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի անունից բանակցել է Ադրբեջանի իշխանության ներկայացուցչի հետ ու ռուսների աչքերից հեռու քննարկել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը։

«ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չեմ քննարկել»,-ի պատասխան գրում է Խառատյանն իր ՖԲ էջում՝ չմոռանալով վերջում սպառնալ, որ շուտով Ադրբեջանում էլ է հեղափոխություն լինելու և համոզմունք հայտնել, որ Ադրբեջանի հետհեղափոխական իշխանությունները լինելու են ժողովրդավարներ։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ ադրբեջանցիներն ասում են՝ պաշտոնանկությունից հետո են Խառատյանի հետ Արցախի հարց քննարկել, իսկ Խառատյանն ասում է, որ վարչապետի խորհրդական աշխատելու ժամանակ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չի քննարկել։

Ալիևը հայտարարում է, որ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել ու հրադադար պայմանավորվել, որպեսզի ժամանակ շահի՝ փոխարենը խոստանալով զիջումներ Արցախի հարցում։ Ժամանակն, ըստ Ալիևի, Փաշինյանին պետք է եղել Հայաստանի ներքաղաքական կյանքում հակառակորդների հարցերը լուծելու, աթոռն ամրապնդելու համար, որպեսզի հեշտ կարողանա կատարել Ալիևին ու նաև Բոլթոնին տված խոստումը զիջումների մասով։

Ի պատասխան Ալիևի ասածների ու ադրբեջանական կայքերից մեկի հրապարակած տեղեկատվության՝ Փաշինյանը հայտարարում է․ «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։

Փաստորեն, Փաշինյանը ոչ թե հերքում է Ալիևի ու ադրբեջանական կայքի ասածներն ու գրածները, այլ սպառնում է Ալիևին, որ ինքն էլ կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ ասել։

Կենցաղային լեզվով ասած՝ Ալիևը Փաշինյանին ասում է՝ ես քեզ «էն գործի» վրա բռնացրել եմ, Փաշինյանն էլ, թե բա՝ «ես էլ քեզ եմ բռնացրել, բերանս բացել մի տուր»։

Դատելով այս ամենից՝ կարելի է գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ ներկայացնել Նիկոլի ու Իլհամի 2018թ տեղի ունեցած զրույցների մանրամասները։ Այն գրեթե այս տեսքը կարող է ունենալ։ Կրկնեմ, սա ենթադրություն է, բայց շատ ճշմարտանման ենթադրություն։

Եվ այսպես։

Ալիև – Մեզ Բոլթոնն ասաց, որ համաձայնել եք Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակին։ Սկզբի համար պետք է տարածքային զիջումներ արվեն։ Փոխարենը մենք խոստանում ենք չկրակել, իսկ ամերիկացիք խոստացել են 4 միլիարդ դոլարի ներդրում անել և օգնել Հայաստանին եթե, իհարկե, զիջումների գնաք ու ռուսներին հանեք Ձեր երկրից։ Դրան գումարած կոմունիկացիաները կբացվեն ու Դուք կօգտվեք դրանցից։ Թուրքիան էլ դեմ չի լինի, զիջումների դեպքում ճանապարհները կբացի։ Ռուսական ռազմաբազայի կարիք այդ դեպքում չի լինի, դրանցից կպրծնենք։

Փաշինյան – Մենք կառուցողական ենք տրամադրված ու Բոլթոնին տվել ենք մեր համաձայնությունը հա՛մ Ղարաբաղի, հա՛մ ռուսների մասով (Քոչարյանի կալանավորումը դրանց գժվացրել է, բայց ես մինչև վերջ գնալու եմ), բայց իմ դիրքերը ներքին կյանքում դեռ թույլ են։ Դեռ խորհրդարանը ՀՀԿ–ի ձեռքում է՝ ցանկացած պահի դաշնակների ու Ծառուկյանի հետ կարող են «պեռեվառոտ» անել։ Ղարաբաղում նախկին ռեժիմի ներկայացուցիչներ են, գեներալիտետն իմ դեմ է, դատարաններն ինձ չեն ենթարկվում։ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի մոտ ընկերն է, համախոհը և կարող է իմ դեմ մեծ կոնսոլիդացիա ապահովել՝ սպառնալով իշխանափոխությամբ 1998–ի պես։ Ես պատրաստ եմ զիջումների՝ խաղաղության դիմաց, բայց ինձ ժամանակ տվեք։ Մի՛ կրակեք սահմանին, որպեսզի կարողանամ ժողովրդին համոզել ու պատրաստել խաղաղության։ Համ էլ պետք է մի բան ծախեմ ժողովրդի վրա, որ հետո կարողանամ բանակցությունները տանել փուլայինի ուղղությամբ։

Ալիև – Շատ լավ, Ձեզ ժամանակ կտանք, բայց խոստացեք, որ կանեք այն, ինչ պայմանավորվում ենք։

Փաշինյան – Ես պատրաստ եմ հրապարակավ խաղաղասիրություն քարոզել։ Նույնիսկ կնոջս եմ ներգրավել այդ հարցում։ Իմ անկեղծությանը մի՛ կասկածեք, ես ուզում եմ երկարատև խաղաղություն և գլխացավանքից զերծ իշխանություն ունենալ։

Ալիև – Հա, ձեր հրապարակային քարոզը շատ կարևոր է, որպեսզի ես էլ կարողանամ ի՛մ ժողովրդի վրա մի բան ծախել, բայց իմ լիմիտները սպառվել են։ Ինձ մեղադրում են, թե ինչու չեմ պատերազմ սկսում։ Ես երկար չեմ կարող սպասել։ Ի դեպ, Լևոն Տեր–Պետրոսյանին նույնպես կարող եք ներգրավել քարոզչական գործում, կարծում եմ նա կօգնի մեզ։ Մենք նրան շատ ենք հարգում։ Հայրս ասում էր, որ Լևոնը Հայաստանի միակ ողջամիտ մարդն է։ Մենք կարող ենք նրան դիմել միջնորդավորված ձևով, որպեսզի աջակցի։ Համ էլ դուք թիմակիցներ եք։

Փաշինյան – Հիմա այդպես չէ, թիմակից չենք։ Ես Լևոնից զզվում եմ, ինչ որ պետք է ինքս կանեմ։ Նույն փուլայինին ես էլ եմ կողմ, բայց դրա համար Լևոնին պետք չէ ներգրավել, քանզի դա իմ դեմ կաշխատի ներքաղաքական կյանքում։ Նրա կարիքը չկա։ Նա Հայաստանում շատ ցածր վարկանիշ ունի և շատ բարձր հակավարկանիշ։ Իմ անունը եթե Լևոնի հետ կապվի, մենք չենք շահի, մեր գործը կտուժի։ Հակառակը՝ պետք է փուլայինն առաջ տանել առանց Տեր–Պետրոսյանին հղում անելու։ Համ էլ՝ ինքը սենց թե նենց աջակցելու է մեր ծրագրին, այնպես որ Լևոնին հատուկ ներգրավելու կարիք չկա։

Ալիև – Դուք գիտեք, կարևորը որ գործը գլուխ գա։

Փաշինյան – Պատերազմ ես էլ չեմ ուզում։ Բայց կրկնեմ՝ ես դեռ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեմ, Քոչարյանի կալանավորումը մարսեմ, հնարավոր բոլոր ընդդիմախոսներիս դեմ քրգործեր հարուցեմ, որ ձայները կտրեն։ Այսինքն՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակ է ինձ պետք։

Ալիև – Այդ ժամանակը մենք Ձեզ կտանք, բայց այդ ընթացքում թող մեր արտգործնախարարները դետալային բանակցություններ տանեն, որպեսզի ժամանակ չկորցնենք, համ էլ միջնորդներն էլ կտեսնեն, որ մտել ենք կոնստրուկտիվ դաշտ։ Բացի այդ՝ ինձ միջազգային երաշխիքներ էլ են պետք, որ մեր պայմանավորվածությունները կպաշտպանվեն։ Դրա լավագույն տարբերակը կլինի այն, որ Մնացականյանը Մամեդյարովի հետ կմտնի առարկայական բանակցությունների դաշտ։

Փաշինյան – Խնդիր չկա, ես Մնացականյանին ակտիվորեն կներգրավեմ բանակցային գործընթացում, բայց խնդրում եմ կրակի դադարեցման ռեժիմը պահենք, որ մեր քարոզը Հայաստանում էֆեկտիվ լինի։ Համ էլ՝ քաղաքական ընդդիմախոսներիս բերանը կկարողանամ փակել՝ ցույց տալով, որ ես լավ եմ բանակցել Ձեր հետ։ Ի դեպ, տարբերակ տեսնո՞ւմ եք, որ գոնե ֆորմալ առումով ղարաբաղցիք էլ նստեն սեղանի շուրջ։ Ես Ղարաբաղում իմ ուզած իշխանությունն եմ ձևավորելու և նրանք կանեն ամենն, ինչ ես եմ ասում, պարզապես զուտ ձևականորեն կուզենայի, որ իմ ասածը լիներ ու Ղարաբաղը մասնակցեր բանակցություններին։

Ալիև – Ղարաբաղցիների հետ ուղիղ բանակցելը բացառում եմ։ Կարող ենք ուրիշ բան անել։ Կարող ենք բանակցային սեղանին նստեցնել ղարաբաղցիներին ու Ղարաբաղից փախած ադրբեջանցիներին։

Փաշինյան – Ես դեմ չեմ, բայց դա ինձ կթուլացնի Հայաստանում, չեմ կարող համաձայնել։ Լավ, թողնենք այդ հարցը։ Կարևորն այս պահին, կրկնեմ, չկրակելն է։

Ալիև – Հարց չկա, չենք կրակի։ Ի դեպ, ինձ ամերիկացիք ասացին, որ իրենց մարդն ունեն Ձեր աշխատակազմում և կարող ենք նրա միջոցով քննարկել խնդրի լուծման դետալները։

Փաշինյան – Հա՛, կա նման մարդ, իմ խորհրդականն էր, բայց ռուսների ճնշմամբ հանեցի աշխատանքից, բայց միևնույն է նա իմ թիմակիցն է ու կարող եք իր հետ բաց խոսել։ Նա իմ «մարդն» է։ Լավ կլինի ձեր կողմից էլ փակ մարդ լինի որպես կոնտակ–պերսոն, որպեսզի ինֆորմացիայի արտահոսք չլինի։ Ռուսները չգժվեն։

Ալիև – Ես կփոխանցեմ այդ մարդու անունը։ Հանդիպումները լավ կլինի կազմակերպել եվրոպական որևէ երկրում։ Կարող ենք նաև Դուբայում կազմակերպել, աչքից հեռու։ Մեր օպերատիվ կապի միջոցով դետալները մեր մարդիկ կքննարկեն։

Փաշինյան – Պայմանավորվեցի՛նք։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը