Քաղաքական

06.10.2020 17:06


«ԼՂ հակամարտության շուրջ Էրդողանի դիրքորոշումը քաղաքական ինքնասպանություն է». ռուս ռազմական փորձագետը՝ ԼՂ հարցում Ադրբեջանին Անկարայի աջակցության մասին

«ԼՂ հակամարտության շուրջ Էրդողանի դիրքորոշումը քաղաքական ինքնասպանություն է». ռուս ռազմական փորձագետը՝ ԼՂ հարցում Ադրբեջանին Անկարայի աջակցության մասին

Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանին Անկարայի աջակցությունը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է բռնության սրման, չափազանց անպատասխանատու քայլ է: Ռազմական փորձագետն աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների հետ կռվի մեջ մտած Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս քայլը «քաղաքական ինքնասպանություն» է որակել:

Անդրադառնալով Ասադի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչների է ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա վերսկսման նոր փուլի գլխավոր նախաձեռնողը հենց Էրդողանն է՝ Սիվկովը նշել է. «Իհարկե, Լեռնային Ղարաբաղում հենց Էրդողանն է պատերազմի նախաձեռնող եղել: Այս տարածաշրջանում չափազանց երկար ժամանակ խաղաղություն էր տիրում, անցած մի քանի տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, և պատահմամբ ռազմական գործողություններ են սկսվում: Իր հայտարարություններով Թուրքիան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ է հանդես գալիս՝ աշխարհի տարբեր մասերում միաժամանակ մասնակցելով մի քանի հակամարտություններ. սա խելագարություն և քաղաքական ինքնասպանություն է»,-հայտարարել է Սիվկովը:

Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ Թուրքիան՝ որպես տարածաշրջանային գերտերություն, չպետք է մոռանա, որ միայն մեծ «ուժային կենտրոններից» մեկի աջակցությամբ կարող է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, բայց Ղարաբաղում ագրեսիա հրահրելով՝ Անկարան Մոսկվայի աջակցությունը ստանալու հանրավորությունը ռիսկի տակ է դնում:

«Ներկայիս Ֆրանսիան ինչպիսի խնդիրներ էլ որ ունենա, միջուկային գերտերություն է և ՆԱՏՕ-ի կազմում է: Ֆրանսիական կողմի հետ հարաբերություններն էլ վատթարացել են Հունաստանի հետ վեճերի պատճառով: ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հակամարտությունն այնքան սրված է, որ թվում է՝ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջում կատարելու փորձի հետևում ամերիկացիներն էին: Միակ երկիրը, որը կարող էր աջակցել Անկարային, Մոսկվան է, բայց Ղարաբաղում Թուրքիայի գործողությունները, ըստ էության, մեր դեմ ուղղված պատերազմ են»,-ընդգծել է փորձագետը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը