Քաղաքական

23.04.2011 13:10


2 տարի առաջ՝ այս օրը, Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը համաձայնության եկան «ճանապարհային քարտեզի» շուրջ

2 տարի առաջ՝ այս օրը, Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը համաձայնության եկան «ճանապարհային քարտեզի» շուրջ

Ուղիղ 2 տարի առաջ՝ ապրիլի 22–ի լույս 23–ի գիշերը՝ Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումից ընդամենը մեկ օր առաջ, Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ համաձայնության եկան «ճանապարհային քարտեզի» շուրջ։

Այդ օրը ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշված էր.

«Հայաստանը և Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել՝ նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները և զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով՝ այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց և փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:

Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար»:

Գիշերային այս համաձայնությունը հայ ժողովրդի և քաղաքական գործիչների համար տհաճ անակնկալ էր։ Շատ–շատերի կողմից Սերժ Սարգսյանի այս քայլը խիստ քննադատության արժանացավ։ Ու չնայած հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացի վտանգավորության մասին բազմաթիվ զգուշացումներին՝ 2009թ. հոկտեմբերի 10–ին՝ կրկին երեկոյան ժամին, Ցյուրիխում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և նրա թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ–թուրքական արձանագրությունները։

Այժմ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը