Լրահոս

26.04.2011 10:31


Վրաստանն ադրբեջանցի ներդրողներին տուրիստական գոտիներում անվճար տարածքներ է առաջարկում

Վրաստանն ադրբեջանցի ներդրողներին տուրիստական գոտիներում անվճար տարածքներ է առաջարկում

Վրաստանն Ադրբեջանի հետ տուրիզմի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով հստակ առաջարկներ է պատրաստել։ Այս մասին երկուշաբթի օրը «Trend»–ին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիյան, ով մեկօրյա այցով գտնվում էր Ադրբեջանում։

–Մենք հստակ առաջարկներ ունենք տուրիզմի ոլորտում, որոնք կհետաքրքրեն ադրբեջանցի գործարարներին, քանի որ Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են գալիս Վրաստան հանգստանալու,–ասել է նա։

Նրա խոսքերով՝ 2010թ. մոտ կես միլիոն ադրբեջանցի զբոսաշրջիկ է ժամանել Վրաստան։

–Սև ծովի շրջակայքում մենք երկու տուրիստական գոտի ունենք, որտեղ ադրբեջանցի ներդրողներին առաջարկում ենք անվճար հողատարածքներ, որոնք 15 տարով ազատված կլինեն հարկերից։ Վրաստանն իր վրա է վերցնում նաև հաղորդուղիների և ենթակառուցվածքների անցկացման աշխատանքները։ Ադրբեջանական ներդրողները կարող են ընտրություն անել տարբեր ճարտարապետական նախագծերի միջև, որոնք արդեն ստեղծվել են եվրոպացի դիզայներների կողմից կամ ներկայանալ սեփական նախագծերով,–ընդգծել է վրացի նախարարը։

Նրա խոսքերով՝ դա բավական նոր նախագիծ է, սակայն ադրբեջանցի ներդրողների կողմից առաջարկներ արդեն կան։ Հաջորդ քայլը, նախարարի խոսքերով, այդ ներդրողներին նշված տարածքներ տանելն է։

Կոբալիյան նաև ընդգծել է, որ վրացական կողմը Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանն առաջարկել է արտասահմանցի զբոսաշրջիկներին ներկայացնել դեպի Վրաստան և Ադրբեջան ընդհանուր տուրիստական փաթեթ, ըստ որի արտասահմանցի զբոսաշրջիկները 5–7–օրյա այցի փոխարեն կվճարեն 2–շաբաթյա հանգիստի համար ու մեկ փաթեթով հնարավորություն կստանան հանգստանալ ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում։

Այս խորագրի վերջին նյութերը