Լրահոս

27.04.2011 10:51


Թամար Պողոսյանն իր հրաժարականի դիմումը Սփյուռքի նախարարություն չի ներկայացրել

Թամար Պողոսյանն իր հրաժարականի դիմումը Սփյուռքի նախարարություն չի ներկայացրել

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանն ապրիլի 21–ին «7օր»–ին ասել էր, թե այժմ զբաղված է այդ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու փաստաթղթերի կազմման հարցով։

Հիշեցնենք, որ վերջերս Թամար Պողոսյանը ՀՀ սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու համար։ Թամար Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքներ հնչեցին նաև Սփյուռքի նախարարությունից։

Սփյուռքի նախարարությունից, սակայն, այսօր «7օր»–ին ասել են, որ Թամար Պողոսյանի հրաժարականի դիմումը չեն ստացել։

–«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը նախարարության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Մենք պատվիրատո՛ւ ենք։ Մենք այդ հիմնադրամին պատվիրել ենք ինչ–որ ծրագրեր, որ իրականացնի պետական բյուջեով։ Ասենք, 2010թ. ինչ–որ բան իրականացրել է, ինչ–որ բան կիսատ է մնացել, հետո պայմանագիրը վերջացել է։ Վե՛րջ։ Մենք իրենց հետ առնչություն չունենք։ Ուրիշ բան, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հենց հոգաբարձուների խորհուրդ Թամար Պողոսյանը պետք է ներկայացնի հրաժարականի դիմումը, որը, որքան ես գիտեմ, դեռ չկա։ Կան հայտարարություններ,–«7օր»–ի հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարության պետ Թևոս Ներսիսյանը։

Նա նաև նշել է, որ ի պատասխան Թամար Պողոսյանի մեղադրանքների՝ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը թվերով սպառիչ պատասխան է տվել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և այդ փաստերն այնքան պարզ ու ակնհայտ են, որ յուրաքանչյուրն էլ գլխի կընկնի, թե այդ գումարն ինչու է գնացել այն և ոչ թե ուրիշ կողմ։

–Թամար Պողոսյանի դիմումը դժվար թե հենց այնպես ընդունեն, որովհետև այնտեղ չպարզաբանված և չպարզված շատ, շատ, շա՜տ բաներ կան, օրինակ՝ ֆինանսական, և այլն։ Դրանք պետք է մի հատ պարզել, տեսնել՝ ո՞նց է ծախսվել, ո՞ւր է ծախսվել, ինչո՞ւ է այդպես և ոչ այդպես, եթե նախատեսված էր ա՛յդ հոդվածով, ինչո՞ւ է ուրի՛շ հոդվածով ծախսվել և այլն։ Դրանից հետո նոր արդեն, եթե դիմումը լինի, ընթացք կտրվի,–հավելել է Թևոս Ներսիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը