Աշխարհ

05.11.2020 16:48


Կուրցը եվրոպական երկրներին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարի մեծ դաշինք ձևավորել

Կուրցը եվրոպական երկրներին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարի մեծ դաշինք ձևավորել

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ազգային խորհրդի նիստի ժամանակ Եվրոպայի երկրներին կոչ է արել դաշինք կազմել ահաբեկչության դեմ պայքարի համար, գրում է interfax.by կայքը։

«Երբեք չենք կարող հասկանալ, թե ինչու կան մարդիկ, որոնք այդքան ատում են մեր ազատությունը և մեր ժողովրդավարությունը․ պետք է եվրոպական մեծ դաշինք ստեղծվի, որպեզի համընդհանուր կերպով հնարավոր լինի պայքարել ահաբեկչության դեմ»,-նշել է ավստրիացի առաջնորդը։

Կանցլերը նաև ահաբեկչությունը «ժամացուցային մեխանիզմով տկտկացող ռումբ» է անվանել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կուրցը նաև Եվրամիությանը կոչ է արել պատշաճ արձագանքել «քաղաքական իսլամին» և վերջ դնել «թյուրըմբռնելի հանդուրժողականությանը»։ Երկրի առաջնորդը նշել է, որ «ավելի շատ պետք է կենտրոնանալ ապագայում քաղաքական իսլամի խնդրի վրա»՝ հայտարարելով, որ «քաղաքական իսլամի գաղափարախոսությունը վտանգավոր է եվրոպական ազատությունների և արժեքների համար»:

«Ես հուսով եմ, որ մենք ականատես կլինենք այդ թյուրըմբռնելի հանդուրժողականության ավարտին, և որ Եվրոպայի բոլոր երկրները վերջապես կհասկանան, թե որքան վտանգավոր է քաղաքական իսլամի գաղափարախոսությունը մեր ազատության և եվրոպական կենսակերպի համար»,-գերմանական Die Welt թերթին ասել է Ավստրիայի կանցլերը։

Խոսելով օրերս Վիեննայում տեղի է ունեցած ահաբեկչության ոճրագործներից մեկի՝ 2019 թվականին Սիրիա մեկնելու և ԻՊ-ին միանալու փորձի համար բանտարկված, սակայն ավելի ուշ վաղաժամկետ ազատ արձակված 20-ամյա Ֆեյզուլա Քույթիմի մասին, Կուրցը նշել է, որ դատարանը «միանգամայն սխալ որոշում է կայացրել»։

«Եթե նա ազատ չարձակվեր, ապա ահաբեկչությունը տեղի չէր ունենա»,-ասել է Կուրցը։

Այս խորագրի վերջին նյութերը