Հարցազրույց

29.04.2011 17:21


Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյան

Հարցազրույց Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ

Լևոն Տեր–Պետրոսյանը ապրիլի 28–ի հերթական հանրահավաքում նշելով, թե «ոմանք ջանք չեն խնայում նսեմացնելու ներկա փուլի համար առաջնահերթ դիտված երեք պահանջների արժեքը»՝ անդրադարձավ հատկապես  ձեր հնչեցրած կարծիքին և ասաց. «Այս ամենի մասին ամենահստակն արտահայտվել է Հայաստանի բառիս բուն իմաստով «ական-ավոր» քաղաքական գործիչներից մեկը...»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ ինչո՞ւ այդ աստիճան շեշտեց «ական» արմատը։

–Ինքնասիրահարվածությունը ՀԱԿ–ի առաջնորդի, իհարկե, հայտնի է ամբողջ մեր հասարակությանն արդեն 23 տարի, դրա համար նման անդրադարձը, ոճը ինձ չի զարմացնում։ Բայց ինձ ուրախացնում է այն, որ մոտավորապես 3 շաբաթ է՝ ամբողջ Հայաստանի մամուլը, տարբեր քաղաքական ուժեր անդրադառնում են Լևոն Տեր–Պետրոսյանի, ՀԱԿ–ի կողմից առաջ քաշված պահանջներին, իշխանության զիջողական մեղմ դիրքորոշումներին և ընդհանրապես այդ մերձեցմանը, որը ես անվանում եմ կոնվերգենցիա այդ երկու ուժերի, որոնք նույն արմատից են ի վերջո առաջացել։ Այս մասին բոլորը գրում և խոսում են, բայց նա հատուկ անդրադարձավ իմ ասածին։ Դա նշանակում է, որ իմ ասածն ամենաճիշտ ու ցավոտ անալիզն էր իրենց համար։ Նրանք ի սկզբանե խաբում էին ժողովրդին, որ հնարավոր են արտահերթ ընտրություններ, և իբր տանում էին այդ արտահերթ ընտրություններին, բայց իրականում պատրաստվում էին նորմալ հերթական ընտրությունների։ Եվ երբ դրանք մոտեցան, երբ մնաց մի տարի, պարզ դարձավ, որ ՀԱԿ–ը հմուտ կերպով փոխեց գործընթացի ընթացքը։

-Պատրաստվում են հերթական ընտրությունների՞։

-Այսինքն՝ ցանկացած ընտրություններ ենթադրում են ոչ միայն պայքար, ոչ միայն մրցակցություն, բայց նաև առևտուր, և հիմա նրանք մտան հենց այդ առևտրի մեջ։ Նրանք առաջ քաշեցին 3 այնպիսի պահանջ, որոնք մի կողմից իշխանության համար կատարելը դժվարություն առանձնապես չի ներկայացնում, երկրորդ՝ խորհրդանշական է, որովհետև՝ հրապարակի նվաճում, բանտարկված մարդկանց ազատում, որովհետև՝ մարտի 1–ի գործի քննության վերսկսում և այլն, բայց այս 3–ն էլ ոչ մի առնչություն չունեն այսօրվա ժողովրդի սպասելիքի և այս ժողովրդի իրական օրակարգի հետ։ Հենց այստեղ է Լևոն Տեր–Պետրոսյանի զիջումը՝ ինքը չի դնում իշխանության առջև հարցեր, որոնք իշխանությունը չի ցանկանում կամ պատրաստ չէ լուծելու։ Օրինակ՝ ինչո՞ւ այնպիսի իսկապես ժողովրդավարության համար կարևոր հարց, ինչպիսին «Ա1+»–ի վերաբացումն է, այդ հարցը, չգիտես ինչու, Լևոն Տեր–Պետրոսյանի առաջնահերթություններից դուրս է եկել, որովհետև այդ հարցում իշխանության զիջումը, ըստ ամենայնի, չէր լինելու։ Այս վերլուծությունն իհարկե դուր չի գալիս ո՛չ ՀԱԿ–ի ղեկավարներին, ո՛չ էլ իշխանության առաջնորդներին։

Իսկ «ական»–ի շեշտումն ինչպե՞ս կմեկնաբանեք։

–Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել։ Ես էլ կարող էի տարբեր մակնիշներ, բնութագրումներ տալ, բայց անկեղծ ասած՝ ցանկություն չունեմ։ Ես այդ ոճից վաղուց դուրս եմ եկել, ինքը, ըստ ամենայնի, ոչ։

2008թ. փետրվարի 26–ին, երբ քաղաքի կենտրոնում հանրահավաք էին անում թե՛ նախագահ Սերժ Սարգսյանը, և թե՛ Լևոն Տեր–Պետրոսյանը, այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանը  երկխոսության կոչ արեց, սակայն Լևոն Տեր–Պետրոսյանը կտրականապես մերժեց։ Անցավ 3 տարի, եղան զոհեր,  կան քաղբանտարկյալներ, և այսօր ՀԱԿ առաջնորդը պատրաստ է երկխոսության։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

–Կարծում եմ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը կատարում է իշխանությանը փրկելու առաջադրանքը։ Ինչպե՞ս։ Բանը նրանում է, որ մեր իշխանությանը հավանաբար «հմուտ և իմաստուն խորհրդատուները» ասել են, որ իշխանության բոլոր դժվարություններն ու խնդիրները լեգիտիմության դեֆիցիտի հետևանք են, իսկ լեգիտիմության դեֆիցիտը կարելի է լուծել 2 ճանապարհով. մեկը՝ կազմակերպել իսկապես արդար ընտրություններ, նորմալ, ազատ, ժողովրդավարական մթնոլորտում, բայց այդ դեպքում հավանական է, որ այս իշխանության և ոչ մի թև չվերարտադրվի, և երկրորդ ճանապարհը՝ արդարացվել ու լեգիտիմացվել ընդդիմության կամ ընդդիմության ճյուղերից մեկի, տվյալ դեպքում ցանկալի է՝ ամենաագրեսիվ թևի միջոցով։ Եվ այս ճանապարհի վրա Կոնգրեսն անգնահատելի ծառայություն է մատուցում իշխանությանը՝ լեգիտիմացնելով նրան, որովհետև երկխոսության գնում են սովորաբար լեգիտիմ իշխանության հետ՝ որքան էլ այդ իշխանությանը չեն սիրում, բայց ճանաչում են։

Ինչո՞վ է դա ձեռնտու Լևոն Տեր–Պետրոսյանին։

–Նրա խնդիրն ի սկզբանե ժողովուրդը փրկելը չէր, այն օրակարգը չէր, որ ժողովրդի առաջ էր։ Նրա խնդիրն էր՝ ինքնաարդարացվել, օրինակ՝ փնովելով Ռոբերտ Քոչարյանին, իր քաղաքական ուժը վերադարձնել քաղաքական ասպարեզ, այն ուժը, որը 1%–ից ավել չէր հավաքում ոչ մի անցած ընտրություններում իր հրաժարականից հետո, վերադարձնել այն խորհրդարան, այդ ուժին վերադարձնել լծակներ և ինչո՞ւ չէ՝ մասնակցել նաև սեփականության վերաբաժանման մեջ։ Նա այդ խնդիրն է լուծում, և հենց սկզբից էլ դա էր իր առջև դրված խնդիրը, բայց ցավոք՝ մեր միամիտ ժողովուրդը դա հենց սկզբից չհասկացավ, որքան էլ այդ մասին զգուշացնում էինք։

Լևոն տեր–Պետրոսյանը ՕԵԿ–ի նախագահ Արթուր Բաղդասարյանին որակեց որպես ԱԽՔ, Արտաշես Գեղամյանին՝ հաճախորդ։ Չե՞ք կարծում, որ ինքն ավելի հաճախորդ է, քան մնացած բոլորը։

–Ես, ի տարբերություն ՀԱԿ–ի առաջնորդի, վաղուց հեռացրել եմ իմ ոճից քաղաքական ընդդիմադիրների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալը, դրա համար զերծ կմնամ այս հարցին պատասխանելուց։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը