Քաղաքական

17.11.2020 13:27


1 օրում Հայաստան է ժամանել ռուս խաղաղապահներին տեղափոխող 22 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ

1 օրում Հայաստան է ժամանել ռուս խաղաղապահներին տեղափոխող 22 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ

Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների տեղափոխման շրջանակներում մեկ օրում 22 թռիչք են իրականացրել դեպի Հայաստան՝ տեղափոխելով 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Մեկ օրվա ընթացքում «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները 22 թռիչք են իրականացրել։ Հայաստան է տեղափոխվել 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական աջակցության այլ սարքավորումներ»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Երևան ժամանող անձնակազմն ու ռազմական տեխնիկան շարասյուներով ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ։ Օդային տարածքից շարասյան անվտանգությունն ապահովում են ուղեկցող Մի-8 և Մի-24 ուղղաթիռները։
|
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել,
ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը