Հարցազրույց

21.11.2020 22:27


Չեմ զարմանա՝ Զանգեզուրն էլ տան 50 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, իսկ Շուշիի հանձնելը մութ գործաքի տպավորություն է թողնում. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Չեմ զարմանա՝ Զանգեզուրն էլ տան 50 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, իսկ Շուշիի հանձնելը մութ գործաքի տպավորություն է թողնում. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Երեկ ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց հայտարարություն՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականը։

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում շատ կարևոր համարեց Մայր բուհի ընդունած այս հայտարարությունը՝ հիշեցնելով, որ պետության համար բոլոր կարևորագույն հարցերում ԵՊՀ-ն եղել է առաջամարտիկ, առաջինն է արձագանքել, անգամ ԽՍՀՄ տարիներին, մեր ժողովրդի համար կարևոր հարցերին և ԵՊՀ-ի արձագանքն այս կամ այն խնդրին ունեցել է էական ազդեցություն, սակայն հիմա չի կարծում, որ այս հայտարարությունը կունենա նմանօրինակ ազդեցություն՝ հաշվի առնելով առհասարակ իշխանությունների որդեգած քաղաքականությունը Մայր բուհի նկատմամբ։

«Այսօր իշխանություն ու պետություն գաղափարը շփոթում են, կիրառվում են նենգ մանիպուլյացիաներ, քննադատողին հայտարարում են ազգադավ, պետականությունը խարխլող, և այն գիտնականները, որոնք ունեն էլիտար հայրենասիրություն, վախենում են դավաճանի պիտակով բնութագրվելուց, և տարվում է այս տիպի մարդկանց դեմ մի նենգ պայքար, որի դեմ չեն կարող այդ գիտնականներն իրենց թույլ տալ նույն զենքերով պայքարել»,-ասաց Սրապիոնյանը՝ ընդունելով, որ գիտնականները միատարր չեն, և կան այնպիսիք, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ իշխանությանը չեն քննադատել՝ ինչ-ինչ սկզբունքներից ելնելով։

Ինչ վերաբերում է ԵՊՀ գիտխորհրդի՝ նման հայտարարությամբ հանդես գալու պատճառին՝ Արցախը կապիտուլյացիայի ենթարկելու մասին ակտին, ապա Սերժ Սրապիոնյանը նշեց, որ համադրելով 2.5 տարվա փաստերը՝ գալիս է այն եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հատուկ ծրագրով էին եկել իշխանության, և այդ ստորագրված ակտը այդ ծրագրի մասն է։

«Եղել է ծրագիր, այդ ծրագիրը մասնագիտացրել, սովորեցրել են ու վարժեցրել, բերել կարգել Հայաստանի գլխին՝ որպես պատուհաս։ Խնդիրը նույնիսկ Արցախն ու Հայաստանը չեն, այս երկու հայկական պետությունները խանգարում էին գլոբալիստական աշխարհակարգին, մյուս կողմից՝ պանթուրքական ծրագիրն էր, որը վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունով իրականություն դարձավ։ Այդ հայտարարությունն առհասարակ որևէ հայանպաստ կետ չունի՝ բացառությամբ նրա, որ արյունահեղությունը դադարեց, այն էլ՝ հազարավոր մեր զինվորների արյան միջոցով»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա, մեր զրուցակցի կարծիքով, այդ հարցը պատահաբար չի դուրս մնացել ստորագրվող փաստաթղթի կետերից։

«Նվաստացումով պիտի ասեմ՝ այն, ինչ պատերազմի ժամանակ ասում էր Ալիևը, ավելի ճիշտ էր, քան այն, ինչ հայտարարում էին մեր լրատվամիջոցներն ու վարչապետը։ Իսկ Ալիևը կարգավիճակի մասին չի խոսում։ Այստեղ միտում եմ տեսնում, որ պետք է կոնֆլիկտը հասցնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք ստիպված լինեինք հաշտվել ցանկացած պայմանների մեր երեխաներին այդ մսաղացից փրկելու համար»,-ասաց Սրապիոնյանը՝ բացատրելով Արցախի կարգավիճակի հարցի բացակայությունը ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։

Խոսելով Արցախի կորցրած տարածքների մասին՝ ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոսը նաև պնդեց՝ չի հավատում այն հայտարարություններին, թե Շուշին ընկել է. չի հավատում, քանի որ տիրապետում է որոշ մանրամասների, ըստ որոնց, Շուշին տրվել է միտումնավոր։

«Կամ այդ ինչպե՞ս քննվեց Մեղրիի հարցը, որն օրակարգում չի եղել։ Մեղրին մտավ բանակցությունների մեջ ու տրվեց։ Եթե ռոմանտիկները կամ նիկոլապաշտները փորձեն Մեղրի-Նախիջևան ճանապարհի մեջ տեսնել դրական լիցքեր, ինձ համար ակնհայտ է, որ դա Հայաստանի շրջափակումն ավարտելու, թուրքական զորքերը՝ մեզ մոտ լինելու ծրագիր էր, որի ապացույցն է թուրքական զորքերի ներկայությունը Իգդիրում։ Հանկարծ մի գիշերում նման բան որոշվեց։ Ես մտածում եմ, որ այս ահռելի կոտորածները Մեղրին բանակցությունների օրակարգ մտցնելու միտում ունեին։ Բացի այդ, արդեն իսկ առաջարկվում է 50 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց հանձնել Զանգեզուրը։ Այս դեպքում Շուշիի հանձնելը խիստ կասկածելի և մութ գործաքի տպավորություն է թողնում։ Չեմ զարմանա, որ մի օր, եթե սրանք մնան իշխանության, երբ մարդիկ ծառի արմատներով սկսեն սնվել ու ապրել, ասեն՝ ժողովուրդ, չենք կարողանում ապրել, բեր Զանգեզուրն էլ տանք՝ 50 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց։ Ես այդ մտքից սարսափում եմ, բայց դրա հնարավորությունը գոնե տեսականորեն արդեն երևում է»,-ասաց Սրապիոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը