Հարցազրույց

04.05.2011 18:13


Լևոն Մելիք–Շահնազարյան.

Լևոն Մելիք–Շահնազարյան.

Հարցազրույց քաղաքագետ  Լևոն Մելիք–Շահնազարյանի հետ

–Ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին սրացումները պետք է դիտարկել որպես Ադրբեջանի հերթական սադրա՞նք, թե՞ դրա տակ ավելի խոր բան է թաքնված։

–Այդ սադրանքներն ավելի խոր պատճառներ ունեն։ Առաջին պատճառն Իլհամ Ալիևի շատ լուրջ անհանգստությունն է Ադրբեջանի ներսում բողոքական շարժման առիթով, որը կամաց–կամաց հզորանում է։ Երկրորդ՝ դա իսկապես լուրջ հաղորդագրություն է Արևմուտքին այն պահին, երբ արևմտյան պետությունների ուժերի զգալի մասը բևեռված է արաբական աշխարհի, Պակիստանի և Աֆղանստանի վրա։ Այսինքն, այս պահին վախեցնելով նոր պատերազմով, որին Ադրբեջանը պատրաստ չէ, նա փորձում է շանտաժ անել։ Բավականին աղմկալից ստացվեց ապրիլի 29–ի դեպքը։ Ընդհանուր թշնամի ցույց տալով՝ Ադրբեջանը փորձում է ժողովրդին շեղել ու հանել բողոքական զանգվածների շարքերից, ինչը Ալիևի ներքին մտահոգությունն է, իսկ արտաքինն այն է, որ այս դժվարին պայմաններում, երբ նավթը թանկացել է Լիբիայում և արաբական աշխարհում ապստամբությունների հետևանքով, նա դժվարություններ ունի։ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, որը նույնպես լրջորեն կազդի արևմտյան պետությունների տնտեսության վրա։ Այսինքն, պետք է օգնել լուծել խնդիրը մեր օգտին, այլապես  շատ ծանր հետևանքներ կարող են լինել։ Սա լուրջ «մեսիջ» է, որն Ալիևը փորձում է ուղարկել Արևմուտքին։

–Հետևելով ադրբեջանական կայքերին՝ կարելի է նկատել, որ պատերազմի նախապատրաստվելու տոտալ քարոզ է գնում։ Դա ևս դիտարկո՞մ եք վերը նշածի համատեքստում։

–Ես համոզված եմ, որ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի։ Դա շատ լավ պատկերացնում և գիտակցում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Իսկ այն, ինչ գրվում է ադրբեջանական կայքերում, հիմնականում քարոզչական նպատակներ ունի և իրականությունից հեռու է։ Այսօր Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, և այն հարվածը, որ նա ստացավ մեր զինված ուժերից մայիսի 1–ին, հենց դրա մասին է վկայում։ Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը լրջորեն մտահոգված է իր բնակչության մարտական ոգով։ Եթե հիշենք Հեյդար Ալիևի վերջին տարում գրածը, որտեղ նա բողոքում էր, թե զինվորներն ավելի շուտ են փախչում բնակավայրերից, քան բնակչությունը, ապա ես կարող եմ ասել, որ այսօր Ադրբեջանում այդ իմաստով որևէ բան չի փոխվել։

–Տարբեր մեկնաբաններ, այդ թվում և Դուք, նշել են, որ պատերազմի վերսկսման հավանականությունը գրեթե զրոյական է։ Դուք շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին։

–Այսօր, այո՛, պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է։ Դա երկու պատճառ ունի. առաջին՝ այն գալիս է մեր բանակի բարձր մարտունակությունից, և երկրորդ՝ ընդհակառակը՝ ադրբեջանական բանակի հոգեպես ու բարոյապես ոչ պատրաստ լինելուց։

Հարցազրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը