Քաղաքական

10.12.2020 21:04


Բանակցություններ ենք տարել, այսօր էլ անում ենք այն, ինչ պետք է մեր կառավարությունը աներ, Փաշինյանն ինչո՞ւ է մնացել. սյունեցիներ (տեսանյութ)

Բանակցություններ ենք տարել, այսօր էլ անում ենք այն, ինչ պետք է մեր կառավարությունը աներ, Փաշինյանն ինչո՞ւ է մնացել. սյունեցիներ (տեսանյութ)

Սյունիքի անվտանգությունն այլևս առաջվանը չէ: Թշնամին օրեր առաջ սպառնացել էր տարածքը չլքելու դեպքում անօդաչու թռչող սարքով հարվածել Արավուսի ջոկատին: Այսօր մարզի բոլոր համայնքների ներկայացուցիչները զենքը ձեռքին պահում են Սյունիքի սահմաններն ու անձամբ բանակցում թշնամու հետ:

Սյունեցիներն այսօր անում են այն, ինչ պետք է աներ երկրի կառավարությունը, սկսած՝ բանակցություններից:

«Եթե ես եմ գնում թուրքի հետ բանակցությունների, ի՞նչ ասեմ։ Իմ գործը ո՞րն է, ես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն եմ, ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ բանակցությունների։ Բանակցություններ ենք տարել հակառակորդի հետ, ինչ մեր ձեռքը եղել է, օգտագործել ենք»,-ասում է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

Պետության գործառույթներն իրենց ուսերին վերցնելուց հետո սյունեցիները միացան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

«Այս «թիթիզներն» եկան, 2,5 տարի է՝ չգիտեմ ինչով են զբաղված, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է մնացել»,-ասում է Կապանի բնակիչը:

Կապանի քաղաքապետի խոսքով՝ իրենք կփորձեն ապահովել Սյունիքի ու սյունեցիների անվտանգությունն այնքանով, որքանով դա հնարավոր կլինի: Բայց իրենց հարկավոր է իշխանության աջակցությունը:

Սյունիքի գյուղերում բնակիչները զբաղվել են անասնապահությամբ: Գյուղացիները որպես արոտավայրեր օգտագործել են Ջաբրայիլի տարածքները, որոնք անցել են Ադրբեջանին:

«Գյուղում 50 000 գլուխ ոչխար են պահել, հիմա ամբողջը հետ ենք բերել։ Հիմա բոլորը էժան գնով վաճառել են, տարբեր մարդիկ տարել են։ Մի տարի հետո փողերը կտա՞ն, թե՞ ոչ, չգիտենք։ Գյուղում արոտների խնդիր է եղել դեռ նախկինում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչի մասին է խոսքը։ Մարզ կա, 50 հազար գլուխ ոչխար չի պահում։ Երկու ամիս է՝ այդ վիճակին ենք, մեկը չեկավ ասի՝ այդ 50 000 գլուխ ոչխարը, որ բերել եք, որտե՞ղ եք պահելու, ո՞վ խաբեց, առավ, տարավ»,-ասում է Ներսես Շադունցը:

Գորիսի համայնքապետն էլ նշում է՝ այսօր մարդիկ ապրելու խնդիր ունեն, բայց մինչև այս պահը լուծման ոչ մի տարբերակ չի առաջարկվել:

Սյունեցիները գյուղերը լքել չեն ցանկանում, բայց հետագա կյանքն էլ առանց աշխատանքի չեն պատկերացնում: Համայնքապետերը նշում են, որ ղեկավարությունից ոչ մի առաջարկ չեն ստանում: Արդեն՝ չեն էլ ակնկալում: Մտադիր են իրենց խնդիրներն իրենք լուծել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը