Քաղաքական

17.12.2020 18:06


Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների թվի մասին ոչինչ ասել չենք կարող․ Փաշինյանի խոսնակ

Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների թվի մասին ոչինչ ասել չենք կարող․ Փաշինյանի խոսնակ

Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող, PanARMENIAN.Net-ին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Դեկտեմբերի 17-ին Ադբեջանի պետական վիճակագրական ծառայությունը հայտարարել էր, թե Ստեփանակերտ է վերադառնալու 12,024 «փախստական»: Գևորգյանից ճշտում էինք նախ լուրի հավաստիությունը, ապա՝ վերադարձողների մոտավոր թվի մասին տեղեկությունը։
«Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ադրբեջանցիները հայտարարել են, որ 12,000 փախստական է վերադառնալու, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ո՛չ Ադրբեջանում եմ, ո՛չ Ադրբեջանն եմ ներկայացնում»,-ասաց նա։

Մեր ճշտող ու հայկական կողմից մեկնաբանությունը վերջնական հստակեցնող հարցը, թե այնուամենայնիվ այդ հայտարարության մեջ փախստականների վերադարձի նախապայման կա, սակայն թվաքանակի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան ասել չի կարող, Գևորգյանը նախ ընդհատեց՝ հարցնելով՝ ընթերցե՞լ ենք արդյոք հայտարարությունը, դրական պատասխանից հետո հորդորեց վերընթերցել՝ պնդելով, թե այդ դեպքում մեզ մոտ նման հարց չի ծագի։

Վերընթերցեցինք. ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը