Լրահոս

10.05.2011 10:49


ԵՄ–ն արգելք է դրել Սիրիային զենք մատակարարելու վրա ու սառեցրել է պաշտոնյաների հաշիվները

ԵՄ–ն արգելք է դրել Սիրիային զենք մատակարարելու վրա ու սառեցրել է պաշտոնյաների հաշիվները

«Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը հայտնում է, որ Եվրոպական միությունը երկուշաբթի  արգելք է դրել Սիրիային զենք մատակարարելու վրա, որտեղ մարտի կեսերից ցուցարարների և անվտանգության կառույցների աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունենում։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ հայտարարության մեջ նաև ասվում է, թե Սիրիայի կառավարության 13 անդամների արգելվում է  ԵՄ տարածք մուտք գործել, իսկ Եվրամիության երկրներում գտնվող նրանց ակտիվները սառեցվում են։

Սիրիայի դեմ պատժամիջոցների մասին որոշումը ընդունվել է ԵՄ բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից, սակայն այն դեռևս պաշտոնական հաստատում է պահանջում։

Սիրիայում խռովությունները սկսվել են Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում։ Դրանց խթան է հանդիսացել դպրոցականների խմբի ձերբակալությունը, ովքեր պատերին հակակառավարական կարգախոսներ էին գրել։ Մարդիկ փողոցներ են դուրս եկել դեռահասներին ազատ արձակելու պահանջնով։ Հետագայում բողոքի գործողություները տարածվել են նաև երկրի մի շարք շրջաններում, մասնավորապես՝ Լաթաքիայում, Բանիյասում, Հոմս Համայում և մայրաքաղաք Դամասկոսի մի քանի արվարձաններում։

Ցուցարարների ու անվտանգության կառույցների աշխատակիցների միջև բախումների հետևանքով, ընդդիմության տվյալների համաձայն, զոհվել է 500 մարդ։ Իր հերթին, ըստ «ՍԱՆԱ» գործակալության հաղորդած պաշտոնական տվյալների, «քաղաքացիների ու հայրենիքի անվտանգության դեմ վարձկանների հրահրած բռնությունների» սկզբից զոհվել են 70 քաղաքացիական անձ, 90 զինվոր և ոստիկան։

Այս խորագրի վերջին նյութերը