Լրահոս

10.05.2011 14:10


Հայկական ազգային պարն Իսպանիայում առաջին մրցանակի է արժանացել

Հայկական ազգային պարն Իսպանիայում առաջին մրցանակի է արժանացել

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ «Կարին» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, ազգագրագետ  Գագիկ  Գինոսյանը պատմել է, թե ինչպես է իրենց համույթը, ներկայացնելով հայկական ազգային պարերից ծաղկաքաղ, որում գլխավոր  բաժինը «Յարխուշտայինն» է եղել, Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում անցկացվող ազգագրական պարի փառատոնին Լավագույն պարային կատարում անվանակարգում շահել է առաջին մրցանակը։

–Բոլորը մոտենում էին, հիացական խոսքեր  էին ասում։ Նրանք չէին տեսել  մեր այս պարերը և պարզապես հիացած էին։ Մենք նաև երրորդ տեղի  մրցանակ շահեցինք Երաժշտական նվագակցություն անվանակարգում,–ասել է նա։

Ընդ որում, ըստ Գագիկ Գինոսյանի՝ աշխարհի 21 երկրները ներկայացնող 28 համույթները բազմամարդ են եղել՝ անգամ 150 հոգուց բաղկացած, իսկ մեր «Կարին» համույթը  16–հոգանոց կազմ է ունեցել, քանի որ մեկնելու և այնտեղ մնալու համար աջակցություն չի ունեցել։

–Մշակույթի  նախարարությանը երբ դիմեցինք, միայն մեր  այնտեղ մնալու ծախսերը հոգալու  գումարը տրամադրեց (շնորհակալ ենք դրա համար), իսկ  մրցույթին մասնակցելու  համար անհրաժեշտ գումարի  առյուծի բաժինը ճանապարհածախսն էր, որի համար  դիմել ենք բոլոր պետական գերատեսչություններին, նախագահին,  գործարարներին և այլն, և այլն, սակայն  ոչ մի օժանդակություն չենք ստացել։ Մեզ մեկնելու  համար  օգնել են «Կարինի»  ընկերները։ Չգիտես որտեղից եկած երգիչների համար  այնքան են գովազդում, նախագահի հովանու ներքո են անցկացվում, բայց ազգայինը կարծես արհամարհված լինի,–ասել է Գագիկ Գինոսյանը։

Նրա խոսքերով՝ այդ մրցույթին մասնակցող երկրները ներկայացնում էին պետական կարգավիճակ ունեցող արհեստավարժ խմբեր, իսկ Հայաստանն իր  ազգային պարը ներկայացնում էր այդքան փոքր  կազմով և առանց պետական կարգավիճակի։ –Մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել էինք Իսպանիայում  Հայաստանի դեսպան Խորեն Տերտերյանից, որը մինչև վերջին վայրկյանը մեր կողքին էր, և  երբ մենք Իսպանիայի հայ համայնքի համար էլ ելույթ ունեցանք, դեսպանն աչքերը  լցրած ասաց, թե  շատ վատ է,  որ մեր  համայնքն այսքան ժամանակ լսել է անհասկանալի հայերենով երգող իրենց երգիչ հռչակած մարդկանց, իսկ իսկական ազգային երգն ու պարը նոր  են վայելում,–ասել է Գագիկ Գինոսյանը։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը