Կարծիք

23.12.2020 14:41


Բա ձեր «սրտի դավթարում» ի՞նչ «տոնածառ» է դրված... ի՜նչ «ամանորյա ակցիա», ի՜նչ «տոնական զեղչ»

Բա ձեր «սրտի դավթարում» ի՞նչ «տոնածառ» է դրված... ի՜նչ «ամանորյա ակցիա», ի՜նչ «տոնական զեղչ»
Կան բաներ, որոնք այնքան կարկամեցնող են, որ միանգամից չես կողմնորոշվում. արժե՞ դա արծարծել, թե՞ ոչ:
Ինձ սուպերմարկետներից մեկի սրահում վաճառքի համար «պայծառ-հպարտ» շարված արհեստական տոնածառների շարքը վերջնականապես հուշեց, որ՝ չէ՛, ոչ միայն արժե, այլև անհրաժե՛շտ է խոսել, արտահայտվել: Հակառակը կնշանակեր ինֆարկտ, հուրախություն զանազան հերձվածողների...
Չգիտեմ, թե մյուսների համար ինչպես է, բայց իմ զգացողությունները հազարավոր հարազատներ կորցրածի ապրումներ են:
Ու այդ հոգեվիճակում ելնում ես փողոց, ինչ-որ մարդկանց ինչ-որ անհասկանալի բազմույթ «նախատոնական առուտուր» է անում:
Չէ, ճիշտ հասկանանք միմյանց: Մեզանից շատերը, եթե ոչ՝ բոլորս էլ ամեն օր ինչ-որ բան ենք ինչ-որ տեղից գնում, լինի պարեն, բանջարեղեն կամ, ենթադրենք, անհրաժեշտ որևէ առարկա: Դրա մասին չէ խոսքը: Բայց սրանք, ախր, հենց «նախատոնակա՛ն առուտուր» են անում: Նոր տարվա...
Դրանք երևի «տոնական խոզաբուդ» էլ կդնեն, երևի տոնական «սալյուտ» էլ կխփեն:
Դե, եթե «Նի-կոլ, նի-կո՛լ» վանկարկելով կարող են «սգո երթ» անել ու տրորել զոհվածների թարմ շիրիմները, քաշքշել զոհվածների հարազատներին, ծնողներին, սալյուտն ի՞նչ է, որ չխփեն: Նմաններին, ի դեպ, «ներսից սալյուտի» լավ տարբերակ կարող եմ առաջարկել. փորձած ռուսական «սալյուտ» է, «Ֆ-1» է կոչվում: Ուրեմն, ուղիղ կեսգիշերին ձախ ձեռքում բռնում եք այդ «սալյուտը», աջով օղակը քաշում, մտքում հաշվում մինչև 3-ը, ու... կատարվում է:
Չէ, բայց իսկապես, էլի: Մարդիկ կան, որ, ասես ոչինչ էլ չի պատահել, ոչինչ չի եղել, «Նոր տարվա» սեղան են նստելո՞ւ... Ի՞նչ սրտով:
Ու պետք չէ, խնդրում եմ, խոսել մանուկների, երեխաների մասին: Երեխաներն իրենց նվերները կստանան ու պետք է ստանան: Հանուն ապագայի: Բայց դա այլ հարց է, և այս օրերին ոմանց դրսևորած գաստրոնոմիական հարայ-հրոցի ու ստամոքսահյութային շեղման հետ կապ չունի: Չունի՛: Երեխաների թիկունքում մի՛ թաքնվեք:
Հա, զավակ ու հարազատ կորցրած հարազատներին էլ ենք այցելելու, ինչպես կարգն է՛ բայց դա, ախր, ոչ մի կերպ կապ չունի ասածս «առուտուրի» հարայ-հրոցի հետ:
Դա դեռ իր հերթին:
Մտնում ես որևէ մեծ խանութ, որևէ սուպերմարկետ: Ասենք, «Երևան սիթի» կամ «Ծիրան»: Ու առաջինն ինչ «սմերչի» բեկորների նման սիրտդ ծակում ու աթս-աբար աչքդ է խցկվում՝ տոնականորեն շարված, վաճառքի հանված... տոնածառներն են:
Որ՝ ի՞նչ: Ի՛նչ: Ոչ ոք չի ասում, թե առհասարակ կյանքն էլ, առևտուրն էլ, բիզնեսն էլ պիտի կանգ առնեն: Ո՛չ: Բայց ձև կա, շնորհք կա, հասարակության ու ժողովրդի վշտին համահունչ պահվածք ունենալու խնդիր կա, համակեցության կուլտուրա ու տարրական նորմեր կան, ի վերջո: Այդ մարդիկ, ովքեր նման բաներ են անում, նրանք, ի՞նչ է, հարևանի մահվան դեպքում հարսանեկան պարեղանակնե՞ր են զըմփացնում իրենց տանը եղած դինամիկներից, թե՞ հոգեհանգստի գնալիս ամենից վառվռուն, փայլիկներով, պսպղուն շորիկներն են հագնում, չեմ հասկանում: Ոնց որ՝ չէ: Բա հիմա՞ ինչու են իրենց տոնածառները մեր աչքը խոթում:
Իբր դա քիչ է, որոշ նման սուպերմարկետներում (ինձ հետ »Ծիրանում» պատահեց, բայց մյուսներում էլ նույնը կլինի) մեկ էլ հո՛պ, «քրիսթմըս» երգեր ու մեղեդիներ են բարձրախոսներով, իսկապես որ՝ զըմփացնում...
Սոցցանցերում էլ ինչ-որ գովազդներ էին «գալիս», թե՝ «խելահեղ ամանորյա, տոնական զեղչեր...»: Ինչպես սուպերմարկետների դեպքում չզլացա մոտենալ սրահի մենեջերներին և զուսպ, բայց կոշտ դիտողություն անել, այնպես էլ նման գովազդային գրառումների հանդիպելիս ավելի կոշտ ու ոչ էլ՝ զուսպ, արտահայտվեցի: Նկատեմ, մեկ օր անց արդեն զսպվել են: Պարզապես զեղչերի ու ակցիաների մասին են նշում, առանց անհեթեթ հնչող «ամանորյա, տոնական»-ի:
Սուպերմարկետներից մեկում (կարծեմ՝ «սիթիում»), սրահի կառավարիչը ասաց՝, թե՝ գիտեք, մարդիկ ուզում են, առնում են, այսինքն՝ պահանջարկ կա: Ես էլ պատասխանեցի, որ ամեն պահանջարկ չէ, որ առաջարկով պիտի բավարարվի: Էլի վաճառեք այդ արհեստական եղևնին, բայց աչքս մի խոթեք: Մի վահանակի վրա գրեք, որ խանութի այսինչ մասում վաճառքի եղևնիներ կան, եթե դրանք մեր որևէ հայրենակցի խիստ անհրաժեշտ են՝ 3-4 տարեկան բալիկին ամանորից չզրկելու համար:
Լավ, բա ձեր «սրտի դավթարում» ի՞նչ «տոնածառ» է դրված: Բա ձեր սիրտը ձեզ ոչ մի բան չի հուշո՞ւմ:
Ախր սա ընդհանրապես որևէ քաղաքական ու չգիտեմինչական հայացքի կամ ընկալման հետ ոչ մի կապ չունի: Փոխարենը՝ կապ ունի միմիայն մեկ էական հանգամանքի՝ մարդ լինել-չլինելու հետ: Քիչըմ մերդ եղեք...
Սուպերմարկետներից մեկում դրամարկղի մոտ կանգնած գանձապահուհին լսեց իր դիմաց տնկած ճոխ տոնածառի մասին դիտողությունս, ուսերը թոթվեց, թե՝ մենեջերին ասեք ու... աչքերը լցվեցին: Բառեր պետք չէին: Պարզ էր, որ պատերազմում հարազատ է կորցրել...
Լավ, դեռ գնորդների հոգեվիճակն էլ մի կողմ դնենք (չնայած, ո՞նց դնենք), բա ձեր իսկ գործընկերոջ, ձեր հետ աշխատող մարդու վիճակի մեջ կարո՞ղ եք մտնել: Բա էլ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ «ցավակցում եմ...»:
Ցավակցո՞ւմ եք, թե՞ ցավին եք «կցվում»: Գնացեք հայելու մոտ ու ձեր աչքերի մեջ նայեք...
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը