Հարցազրույց

29.12.2020 07:36


Ո՞վ է պատրաստ 5000 «սև թուղթ ուտել». արդարադատության գեներալ-մայորի կոչը իրավապահներին (տեսանյութ)

Ո՞վ է պատրաստ 5000 «սև թուղթ ուտել». արդարադատության գեներալ-մայորի կոչը իրավապահներին (տեսանյութ)

Այսօր Հայաստանում ծառայություն իրականացնող ոստիկանները, քննիչները և դատախազները ամբողջությամբ պատասխանատվություն են կրում երկրում կատարվող ապօրինությունների համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

«Շատերը փորձում են «յոլլա» գնալ, որ տեսնեն, թե հետո ինչ է լինելու, շատերը վախենում են աշխատանքը կորցնելուց, բայց կարծում եմ բոլորն էլ համոզված են, որ անհնար է ներկա իշխանությունների պայմաններում գոյատևել։ Նրանք շատ լավ են հասկանում, որ եթե ոչ այսօր, ապա վաղը այս իշխանությունները գնալու են։ Այն ծառայողները, որոնք ազատվում են աշխատանքից, պետք է վստահ լինեն, որ կարող են հետագայում վերականգնվել և հարկադիր պարապուրդի հետ կապված իրենց վճարները ստանալ։ Պարզապես պետք է արժանապատվություն ունենալ և չգնալ ապօրինությունների, չկատարել ապօրինի հրամաններ»,–ասաց նա։

Անդրադառնալով իրավապահ կառույցների ղեկավար իր նախկին գործընկերներին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Թաթուլ Պետրոսյանն ասաց.

«Ես ճանաչում եմ քննչական ապարատի աշխատողների 80 տոկոսին, չի եղել մի քննիչ, որին ես անհիմն ցուցում կտամ կամ չհիմնավորված խոսք կասեմ։ Իրավապահ մարմինների ղեկավարներին ես վաղուց եմ ճանաչում, նրանք էլ՝ ինձ։ Ես անհանգստացած եմ իրենց վաղվա օրվա համար։ Անհանգստացած եմ նրանց հոգեբանական վիճակի համար՝ ինչպե՞ս են կարողանում նրանք ապրել, աշխատել, իրենց ընտանիքի անդամների աչքերին նայել։ Սասուն Խաչատրյանի հոր հետ ես մտերիմ հարաբերություններ եմ ունեցել, տևական ժամանակ աշխատել եմ Հայկ Գրիգորյանի հետ, բազմաթիվ շփումներ եմ ունեցել նաև Արթուր Դավթյանի հետ և հիմա մտագոհություն ունեմ իրենց ապագայի համար։ Արթուր Դավթյանը լավ իրավաբան է, սակայն այլ բան է իրավական գիտելիքներ ունենալը, այլ բան է արդարություն հաստատելը։ Արթուր Դավթյանը պետք է հետևություններ անի այս ամենից։ Կարծում եմ, որ նրանց համար դեռևս գոյություն ունի հումանիտար միջանցք։ Ժողովուրդն ասում է՝ երբեք հետդարձի կամուրջները մի այրիր. ես կարծում եմ՝ նրանք կունենան այդ ճանապարհը»,–ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ այդ պաշտոնյաները հրաժարական չեն տալիս, Թաթուլ Պետրոսյանն ասաց.

«Աթոռին կառչած լինելը պայմանվորված է վաղվա օրվա հետ նրանց մտահոգությամբ, վախը վաղվա օրվա հանդեպ, եթե նրանք համոզված լինեն, որ կա հումանիտար միջանցք, նրանք տուն կգնան, ոչ թե աշխատանքի»։

Հարցին, թե ո՞վ կարող է նրանց համար անվտանգության երաշխիքներ ապահովել, արդարադատության գեներալ-մայորն արձագանքեց.

«Մարդն ինքն է, որպես կանոն, անվտանգության երաշխիք վաստակում՝ իր ապրելակերպով, իր աշխատանքային ոճով։ Եթե դու համոզված ես, որ քո գործունեությունը բարոյական է, դու հաստատապես կստեղծես քո անվտանգության երաշխիքը։ Կարծում եմ, որ նրանց աչքի առաջ կան մարդիկ, որոնք այսօր վախենում են փողոցում քայլելուց, թեկուզև նախկին իշխանություններից։ Իրենք պետք է հետևություն անեն և չարժանանա ժողովրդի հակակրանքին»,-ասաց նա։

Անդրադառնալով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, Թաթուլ Պետրոսյանն ասաց.

«Ինձ անհանգստացնում է երկրում առկա թողտվությունը, անիշխանությունը։ Այսօր սահմաններում համայնքապետն է բանակցում թշնամու զինվորականների հետ և փորձում գծել համայնքի սահմանը։ Կարծես թե պետություն գոյություն չունի։ Բերեցին երեք օր ձերբակալեցին սահմանային համայնքների ներկայացուցիչներին՝ այն դեպքում, երբ նրանք զենքը ձեռքը պաշտպանում էին համայնքի սահմանները»,–ասաց նա՝ դարձյալ կոչ անելով իրավապահներին չկատարել ապօրինի հրամաններ և դեմ չգնալ ժողովրդին։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը