Հարցազրույց

30.12.2020 20:47


Որդի կորցրածների, անհետ կորածների ծնողներին խնդրում եմ սթափ նայել իրավիճակին․ կա մեկ մեղավոր և պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանը, պետք չէ այլ մեղավոր փնտրել. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Որդի կորցրածների, անհետ կորածների ծնողներին խնդրում եմ սթափ նայել իրավիճակին․ կա մեկ մեղավոր և պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանը, պետք չէ այլ մեղավոր փնտրել. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Իմ Աբգար որդին անհետ կորած է, որևէ լուր չունենք, այս ապաշնորհ, տհաս, չարիք կառավարությունը չի հրապարակում զոհերի և անհետ կորածների թիվը, փոխարենը իրենց ամբողջ ռեսուրսները կենտրոնացնում են անարժանապատիվ վարչապետին այդ պաշտոնում պահելու համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը:

«Որդի կորցրածների, անհետ կորածների ծնողներին խնդրում եմ սթափ նայել իրավիճակին, կա մեկ մեղավոր և պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանը, պետք չէ այլ մեղավոր փնտրել։ Շատ ծանր կլինի, երբ նրանց որդիներն իմանան, որ իրենց ծնողներին ստում են, իսկ այս իշխանությունը 2,5 տարում միայն ստել է։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները գտնվեն և վերադառնան գերությունից, կա մեկ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը իշխանությունից»,-ասել է հասարակական գործիչը:

Ըստ Նազարյանի՝ Փաշինյանի մեկնած ձեռքն արդեն երկրորդ անգամ հրապարակայնորեն չեն սեղմում, քանի որ որևէ արժանապատիվ մարդ չի կարող սեղմել նրա ձեռքը. «Փաշինյանը կանխամտածված կերպով երկիրը տարավ պատերազմի, որ Շուշին նվիրի Ադրբեջանին։ Բողոքի գործողություններ նույնիսկ չպիտի լինեին, նա պետք է նոյեմբերի 10-ին ներողություն խնդրեր և թողներ պաշտոնը։ Որևէ բացատրություն չկա, թե նա ինչու պետք է մնա պաշտոնի։ Կառչելով վարչապետի աթոռից՝ Փաշինյանն ապացուցում է, որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»:

Հասարակական գործչի կարծիքով՝ իշխանությունը պետք է ծնկի գա, ներողություն խնդրի հրապարակում, հետո դատարանը կորոշի՝ ինչ պատիժ է հասնում նրանց օրենքի սահմաններում. «Գործ ունենք Ադրբեջանի շահերը սպասարկող կառավարության հետ, և մենք այնքան հիվանդ հասարակություն ենք, որ նման իշխանությունը պատերազմից հետո դեռ կարողանում է մնալ։ Օրերի հարց է՝ երբ ենք ֆիքսելու իշխանության հեռացումը։ Մենք պատժվում ենք նրա համար, որ հանդուրժել ենք Նիկոլին։ Հրապարակում, Ամիրյան փողոցում խորոված անելը չէր կարող անպատիժ մնալ։ Այսօր նա նույնիսկ արդարանում է, թե ինչու պիտի պարտվեինք»:

Գեղամ Նազարյանի պնդմամբ՝ Փաշինյանը որևէ պատկերացում չունի միջազգային իրավունքից և դիվանագիտությունից, տապալում է Հայաստանի սահմանազատումը. «Ադրբեջանցիներից արագ այս իշխանություններն այնպես արին, որ Սյունիքի մարզի բոլոր կարևոր բարձունքները տրվեն թշնամուն։ Իջևանցի Նիկոլը չգիտի, որ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանը գծվել է ոչ թե քարտեզով կամ GPS-ով, այլ մարտերի արդյունքում՝ 1990-94 թթ․-ին, ընդ որում՝ հնարավորինս խելամիտ ձևով, որ գյուղերն ու դաշտերն անվտանգ լինեն»:

Հասարակական գործչի պնդմամբ՝ իշխանությունն այնքան լկտի է, որ հազարավոր անհետ կորածների պայմաններում, երբ դեռ թաղումները շարունակվում են, նրանք խոսում են Ադրբեջանի հետ առևտուր անելու մասին: «Շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանավոր դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և Նիկոլը բանավոր համաձայնի, որ ադրբեջանցիները գան Հայաստան՝ Վարդենիս, Մասիս, Ամասիա, Կապան։ Ազգի մեծամասնությունը, եթե նույնիսկ հրապարակում չէ, պահանջում է, որ հայրենիքն Ադրբեջանին նվիրած Փաշինյանը հեռանա։ Նա ինքն էլ գիտակցում է, որ ավարտված մարդ է»,-ամփոփել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը