Կարծիք

31.12.2020 21:34


Հայի հակառակ կողմը

Հայի հակառակ կողմը
2018-ին մենք, որ հրապարակում մերժում էինք անցյալը, որ անարդար էր, չգիտեինք, որ այն ներկան, որ բերելու է հիմնական մերժողը, դառնալու է մեր պատմության ամենամեծ ողբերգությունն ու հայրենադավությունը։
Դու խոստացար թալանի վերադարձ, բայց կերակրեցիր քաղաքացուն վրեժի եւ ատելության թունոտ մենյուով։
Դու քաղաքացուն նշանակեցիր այլեւս «հպարտ», ով իրավունք ունի քացով ջարդելու քո կառավարության դուռը, բայց նույն «հպարտին» ծեփեցիր պատերին ու սվաղեցիր ասֆալտին։
Դու վախեցար կոչվել «Նիկոլ դավաճան» ու հազարավոր պայծառ տղաների տարար երաշխավորված մահվան։
Դու ծախեցիր Արցախն ու հիմա մեր գժվելու սիրուն Շուշիում ազան է հնչում։
Դու քո թուրք բարեկամին բանավոր խոստացար ու GPS-ով մաս-մաս հանձնում ես իմ հայրենիքը։
Դու սպանեցիր հինգ հազար տղա, որ որդի պիտի ունենային ու իրենց որդուն ուսին նստեցրած՝ այս նոր տարին պիտի դիմավորեին։
Դու մահը սարքեցիր սովորական մի վիճակագրություն։
Դու եւ քո կինը սպանեցիք մի ամբողջ սերունդ՝ քո կնոջ ասած՝ «հանուն ոչնչի»։
Դու իմ ու հազարավոր իմ հայրենակիցների ընտանիքը բաժանեցիր ու մեզ թշնամացրեցիր մեր արյունակցի հետ։
Դու մեր հազարավոր որդիներին թողեցիր ձյան տակ թաղված ու մոլագարի նման շարունակում ես հետապնդել քեզ մերժողներին։
Դու գերի ընկած մեր տղաների հարցը թողեցիր ռուս խաղաղապահներին ու գերիների ծնողներին ու մտածեցիր, թե է՞լ ինչ սուտ հնարես քեզ դեռ հավատացող մի բուռ ժողովրդի համար։
Դու քո թիմակիցներին սարքեցիր քո հայրենադավության ու դավաճանության համասեփականատեր ու այդ մարդկանց զրկեցիր բաց ճակատով ապրելու ապագայից։
Դու կոլեկտիվացրեցիր քո Հուդա լինելը։
Դու մեր բոլորի երազանքները ճզմեցիր քո թրքահպատակ ներբանի տակ ու մեր երազները վերածեցիր մղձավանջի։
Դու մեր քնքշանքի միակ վայրը սարքեցիր Եռաբլուրը, ուր սիրո խոսքեր ենք ասում դեռ տաք շիրիմներին։
Դու, այո՛, միա՛կ մեղավորն ու միա՛կ պատասխանատուն ես այս մեծ արհավիրքի, որ դարի ցեղասպանությունն էր, բայց էս անգամ՝ հայի ձեռքով։
Մարդիկ քեզ ատում են։ Դու չգիտես, որ քեզ վախենում են պատմել կործանարար ու արնահամ այդ մեծ ատելության մասին։
Ես քեզ չեմ ատում։
Դու ողորմելի ես։
Ես չգիտեմ, չեմ հասկանում, թե Նեռն ինչի՞ հատկապես քեզ ընտրեց, որ կործանես մեր հայրենիքը։
Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Ու շատերը չունեն այդ հարցի պատասխանը։
Հիմա, երբ ընդամենը մի քանի ժամից 2020-ը կգլորվի ու կգնա, ես ու իմ նման հարյուր հազարավոր մարդիկ մի ցանկություն ենք պահելու, որ մեր վաղվա կյանքում դու չլինես։
Դու չլինես։
Դու չլինես։
Ու ընդամենը մի բաժակ ենք բարձրացնելու՝ այն տղաների տաք կենացը, ում դու սպանեցիր։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը