Լրահոս

13.05.2011 14:54


ՀՅԴ–ական պատգամավորը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՅԴ–ական պատգամավորը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար, և որ հետաքննության կոնկրետ արդյունքները կկասեցնեին թեմայի բազմապիսի շահարկումները։

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հիշեցրել է, որ իրենք էլ են ժամանակին իրենց դժգոհություններն ունեցել այդ դեպքերի նախաքննության կապակցությամբ, և կարող է Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնել, որ նախաքննությունն ամբողջապես չկարողացավ խնդիրը քննարկել ու որոշ դեպքերում էլ շատ հետևողական չեղավ։

ՀՅԴ–ական պատգամավորն ընգգծել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի երկրորդ հատվածում ՀԱԿ–իշխանության երկխոսության մասին մտահոգություններ է արտահայտել, որոնք ՀՅԴ–ի մտահոգություններին նման են.

–Այսինքն, երկխոսություն ասվածն ի՞նչ է՝ պարզ իրար հետ առևտուր անելու ինչ–որ նպատա՞կ է հետապնդում, թե՞ իսկապես խորքում դրվում են ազգային մեծ շահեր։ Նաև մտավախություններ ենք արտահայտել, որ կարելի է հասկանալ, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ինչ–որ իմաստով պարտավորություններ ունի իր թիմի նկատմամբ, մի տեսակ պատանդ է երկու խնդրի հարցով՝ 10 սպանվածներ և բանտարկյալներ։ Եթե առևտուրը գնալու է այս խնդիրների շուրջ և խորհրդարան մտնելու հարցով, սա ոչնինչ, նույնիսկ կարելի է հասկանալ, բայց այնպես չլինի, որ սեղանին դրվեն այլ արժեթղթեր, օրինակ՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրում և այլն,–ասել է Ա. Շահբազյանը,–եթե սա պետք է լինի մի պարզ գործարք, որտեղ թիմերն իրար հետ ինչ–որ բաներ են շահելու, մեջտեղում տուժելու են մեծ շահերը, իհարկե կփչանան բոլոր այն ուժերը, որոնք նման գործարքների կգնան։

ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշել է նաև, որ այսօր Հայաստանում կա արատավոր համակարգ, և բոլոր նրանք, ովքեր գործնականում շահագրգիռ չեն, որ այդ համակարգն արմատապես փոփոխվի, արատավոր համակարգը կազմաքանդվի, դառնում են մեղսակիցներ այս համակարգի գոյատևման համար։

–Իմիջիայլոց, ես այդ ուժերին տեսնում եմ ոչ միայն իշխանական դաշտում։ Բոլոր նրանք, ովքեր դնում են իշխանափոխության խնդիր, արդյոք դնո՞ւմ են համակարգային փոփոխության խնդիր։ Թե՞ ուղղակի խնդիր ունեն՝ դու գնա, ես գամ քո տեղը։ Եթե մի քանի ամիս առաջ պարզվում էր, որ Հայաստանն ամենաահավոր երկիրն է ու հանկարծ դառնում է երազանքի երկիր, ուրեմն ի՞նչ է նշանակում՝ եթե իրար հետ լավ ենք, այդ խնդիրները վերանո՞ւմ են,–նշել է Ա. Շահբազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը