Կարծիք

14.01.2021 17:37


Դեպի պատմական Հայաստան

Դեպի պատմական Հայաստան

Պատերազմի հողը դեռ տաք է։ Բայց արդեն ստեղծվել է «Հադրութ» հասարակական կազմակերպություն։ Հասկանում եմ՝ իր ձեռքով իր տունը վառած հայը պիտի փորձի պատմական արդարությունը վերականգնել գոնե իր համագյուղացինեի հետ միասին հավաքվելու մի տեղ ունենալով։

Վաղը, հանկարծ չկասկածեք, ստեղծվելու է «Շուշի» հասարակական կազմակերպությունը։ «Շուշի» անունով կազմակերպություններ ստեղծվելու են նաև Ռուսաստանում ու Լոսում, որ արմատներով բոլոր շուշեցիները Շուշիի ազատագրաման օրը հավաքվեն «Շուշի» ակումբում։

Հա, պատմական հիշողության ավանդույթին համապատասխան, համայն Սփյուռքում ու Հայաստանում ստեղծվելու են «Շուշի», «Հադրութ», «Բերձոր», «Կատարո» պարային համույթներ։ Դա մեր պատմական տուրքի կարևոր ատրիբուտիկան է։

Հետո Վերնիսաժում կսկսեն վաճառել մեր պատմական Արցախից մասունքներ. օրինակ, մի կճուճ, ու երբ հարցնես, թե ինչո՞ւ է էս մի կտոր կավն էդքան թանկ, վաճառողը կնայի քեզ բազմադարյան մեսրոպատառ հայացքով ու կասի՝ մեր պատմական Շուշիից է։

Ու դու խոնարհաբար կգնես այդ կճուճը նույնպիսի հեզությամբ, ինչպես հիմա գնում ենք մի մեխ, որը բերվել է պատմական Կարսից կամ Վանից։

Ու ամենակարևորը, կգրվեն երգեր ու կբեմադրվեն ներկայացումներ մեր կորսված պատմական հողերի մասին, типа` «Կարս, Կարս, Կարս, Հայաստանի հարս»։

Գինիները չմոռանամ. ու քարից հաց քամող մեր մշտական օլիգարխը այլևս կարտադրի «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք», «Ավետարանոց», «Ուխտաձոր», «Նոր Մարաղա», «Աղավնատուն», «Իշխանաձոր», «Ծիծեռավանք», «Մշենի» գինիներ ու անպայման կարմիր, որ խմելուց ասենք՝ հայի արյան գույնն ունի։

Ու կապրենք մեր պատմական հայրենիքը սիրելով ու մեր կորցրած բնակավայրերից սառնարանի ճտիկ սարքելով։ Որովհետև պատմական հայրենիք սիրելը հեշտ է, այն պահել և հզորացնել պետք չի, նրա համառ կռիվ տալ պետք չէ, որովհետև այն այլևս պատմական է։

Պատմականը չի ուզում, որ դու իր համար ամեն օր պայքարես, որ չկորցնես։

Պատմականը այլևս ոչինչ չի ուզում, որվհետև նա այլևս ակումբի անուն է, երգի-պարի անսամբլ կամ սառնարանի ճտիկ։

Հա, մեկ էլ չմոռանանք, որ հենց այսօր, հենց հիմա բոլորս մեր անգործությամբ ու պատմական հիմարությամբ անենք առավելագույնը, որ հնարավորիս արագ, շատ արագ Հայաստանն էլ դառնա պատմական։

Որ հետո, Լոսում կամ Մին-Վոդիում հանգիստ խղճով բացենք «Հայաստան» անունով հերթական քյաբաբնոցը՝ պատին խփած Երևանի նկարներով, այլևս պատմական Ակունք գյուղից բերված սոխով ու «Էրեբունի Երևան» երգով։

Նաիրա Զոհրանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը