Քաղաքական

19.05.2011 14:21


ՀԱՍԿ–ը կրկին չի սատարի Լևոն Տեր–Պետրոսյանին. «Նա իր դերն արդեն կատարել է»

ՀԱՍԿ–ը կրկին չի սատարի Լևոն Տեր–Պետրոսյանին. «Նա իր դերն արդեն կատարել է»

Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին հռչակագրում նշված է նաև Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության անունը։ Սակայն այդ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ ՀԱՍԿ–ը երբեք ՀԱԿ–ի մաս չի կազմել։

–Մենք ՀԱԿ–ի ցուցակում չե՛նք եղել, այդ հարցն ընդհանրապես չենք էլ քննարկել, մեզ համար բացառվում է ՀԱԿ–ի ցուցակում լինելը։ Բանն այն  է, որ նախագահական ընտրություններից առաջ մեզ դիմեցին՝ առաջարկելով պաշտպանել Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը։ Մենք քննարկել ենք այդ հարցը մեր բյուրոյում և որոշում ընդունել, որ կտանք այդպիսի գրություն, որ կուսակցությունը պաշտպանում է Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, բայց որևէ մասնակցություն որևէ նախընտրական միջոցառման մենք չենք ունենա՝ ո՛չ քարոզչական, ո՛չ կազմակերպչական առումով։ Հենց դրանով էլ ավարտվել է մեր համագործակցությունը Լևոն Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբի հետ։ Իսկ ՀԱԿ–ն այդ ժամանակ չի եղել. ՀԱԿ–ը դրանից հետո է առաջացել, և քանի որ ընտրություններին մենք այլևս որևէ կապ չենք ունեցել, բնականաբար, ՀԱԿ–ի հետ էլ որևէ առնչություն չենք ունեցել,–հայտարարել է Մովսես Շահվերդյանը։

Նա նաև հավելել է, որ Լևոն Զուրաբյանն իրեն մի քանի անգամ զանգահարել է, առաջարկել քննարկել այդ հարցը, սակայն ինքն ասել է, որ ՀԱՍԿ–ը սոցիալիստական կուսակցություն է, իսկ նրանք լիբերալ–ազատական են, ու հարցրել՝ ո՞նց եք պատկերացնում իրենց համագործակցությունը. դա բացառվում է։

«Առաջիկա ընտրություններում ՀԱՍԿ–ը կրկի՞ն կպաշտպանի Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը» «7օր»–ի հարցին Մ. Շահվերդյանը պատասխանել է.

–Բոլորովի՛ն։ Մենք այն ժամանակ էլ բավականին լուրջ քննարկումներից հետո նման որոշում կայացրեցինք։ Ես անձամբ կողմ չեմ եղել, բայց քանի որ կենտրոնական կոմիտեի մակարդակով քննարկվեց, և շատերի մոտ կար այդ ցանկությունը՝ զուտ քաղաքական, ոչ թե գաղափարական առումով, որոշեցինք, որ քաղաքական ֆիգուր է, թող մտնի դաշտ ու իր գործն անի։ Իսկ հիմա նա իր դերն արդեն կատարել է, այն, ինչ որ մենք էինք ակնկալում, արդեն եղել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը