Հարցազրույց

19.05.2011 16:05


Վարդան Գրիգորյան

Վարդան Գրիգորյան

Հարզացրույց ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանի հետ

–Իշխանությունները պնդում են, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության թեման բացառվում է՝ արտահերթ ընտրությունները լինի։ ՀԱԿ–ն էլ պնդում է, որ միմիայն այդ թեմայով պետք է երկխոսեն իշխանությունների հետ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ թեմայի շուրջ պետք է ծավալվի ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը։

–Մեր ժողովուրդը, որը նախորդ կեղծված ընտրությունների արդյունքում ունեցավ ոչ լեգիտիմ իշխանություններ, բնականաբար, հասկանալի է, որ իրենց պայքարի արդյունքում ճաղավանդակների զնդաններում հայտնված իրենց ընկերների ազատագրումը, ազատումը համարում է ամենագլխավոր հարցերից մեկը, և այն, ինչն արդեն երեք տարի է՝ մենք կրկնում ենք, որ տղաների, քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո պատրաստ ենք նստելու երկխոսության, երեք տարի ի վեր մենք կրկնում ենք միակ ճշմարիտ գաղափարը, որ երկխոսելու համար օրակարգում դրված է միմիայն մեկ հարց՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այլ թեմա այս ոչ լեգիտիմ, բռնազավթիչ իշխանությունների հետ ՀԱԿ–ը չունի քննարկելու։

–Բայց իրո՞ք Դուք հավատում եք, որ իշխանություններն ա՛յդ թեմայով կնստեն երկխոսության, ու իրենք իրենց ձեռքով կստորագրեն իրենց կապիտուլյացիայի մասին որոշման տակ։

–Այստեղ կարելի է մի պարզորոշ օրինակ բերել՝ որևիցե գերեզմանափոր սեփական գերեզմանը չի փորում։ Նրա գերեզմանը փորում են այլ գերեզմանափորներ։ Հիմա այս իշխանությունների գերեզմանափորն այն ժողովուրդն է, որը պայքարում է իր ազատության համար։ Եվ որքան էլ որ ցանկանան օր ավել երկարաձգել իրենց կյանքն ու իշխանությունը, հավատացե՛ք, որ մեր ժողովուրդն արդեն չի՛ հանդուրժում։ Չի հանդուրժում, որովհետև ազատատենչ ժողովուրդն ուզում է ապրել իրոք ազատ, անկախ երկրում։

–Հետևաբար, որքա՞նով է տրամաբանական Ձեր ասած այդ ոչ լեգիտիմ իշխանությունների հետ նստել, երկխոսել իրենց իսկ գերեզմանի փորման մասին։ Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ այդ ժողովրդի բողոքը և ցանկությունները հաշվի առնվեին։

Ի սկզբանե ՀԱԿ–ը բացառել է հեղափոխական որևիցե գործողություն։ Մենք գնում ենք օրինական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով, իսկ սահմանադրական ճանապարհը բացառում է ցանկացած  տիպի բռնի ուժի կիրառում։ Հավատացե՛ք՝ պետք է այրվեն ժողովրդի ջերմ սիրուց, այլ ոչ թե վառեն դեպի ժողովրդի սիրտը տանող բոլոր կամուրջները այնպես, ինչպես այս իշխանություններն արեցին մեր ժողովրդի հետ մարտի մեկին։ Ես գիտակցում եմ, որ իշխող իշխանությունը մեր երկրի բարձրագույն օրգաններում գրաված յուրաքանչյուր աթոռի համար պատրաստ է կենաց–մահու կռիվ մղել, բայց, միևնույն է, հավատացե՛ք՝ մենք սահմանադրական ճանապարհով նույնիսկ կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել և մեր երկիրը մաքրել ոչ լեգիտիմ իշխանություններից։

–ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ է հայտարարում, որ ՀԱԿ–ն իրոք զսպում է հեղափոխական գործընթացները։ Այսպես զսպելով ինչպե՞ս պետք է հասնեք արտահերթ ընտրությունների։

Վերջին 10 տարիների ընթացքում մարդիկ համոզվեցին, որ յուրաքանչյուր համապետական ընտրություն կեղծվում է, ու կեղծվում է ամենադաժան ձևով։ Եվ այս վերջին 10 տարիների ընթացքում, լինեն 2003–ի ընտրությունները, թե 2008–ի, երբ ժողովուրդը ոտքի էր կանգնում, երբ հարյուր հազարանոց երթեր էին անցկացվում, կազմակերպիչները կարողանում էին զսպել ժողովրդի ցասումը, և տեսեք՝ ինչ քաղաքակիրթ եղանակով էինք մենք կարողանում այդ երթերն անցկացնել։ Որևիցե մի շինություն, որևիցե կանաչ տարածք, որևիցե մեքենա, խանութի ապակի և այլն չկոտրվեց։ Մեր ժողովուրդը գիտակից ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը հասկացող ժողովուրդ է։ Եվ, ինչպես Մակեյանն ասաց, մենք կարողանում ենք ժողովրդին ճիշտ տեղում ճիշտ խոսքերով հասկացնել, որ բռնի գործողություններով երկիրը երկիր չես դարձնի։ Այս իշխանություններն արյան վրայով եկան, և տեսեք, թե արդյունքն ինչ եղավ։ Ատելությունը, զզվանքը մեր ժողովրդի կողմից այն աստիճանի են հասել, որ նույնիսկ այս ատելության հողի վրա մենք կարողանում ենք մեր ժողովրդին՝ գիտակից, գրագետ, հասկացող ժողովրդին, հետ պահել նման ապօրինի գործողություններից։

–Ու այսպես ժողովրդին ճիշտ տեղում ճիշտ խոսքերով հասկացնելով, զսպելով հեղափոխական գործընթացները, ի վերջո, գլորվելով՝ կհասնենք մինչև հերթական ընտրություններ ու այնպիսի իրավիճակի, որ իշխանությունները կվերարտադրվեն։

–ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն ասում էր, որ կգա մի ժամանակ, երբ ժողովուրդը կթքի թե՛ Կոնգրեսի, թե՛ վեհ գաղափարների վրա, և ինքն իր ձեռքով կլուծի այդ հարցը։ Բայց հավատացե՛ք՝ ես վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը գիտակից ժողովուրդ է. նա համոզված է, որ արտահերթ ընտրությունները, միևնույն է, լինելու են։ Մեր ժողովուրդը հայրենասեր ու ժառանգասեր ժողովուրդ է, և բնական է, որ մեծ ցանկությամբ է տոգորված սերունդներին փոխանցելու բարեկեցիկ երկիր։ Իսկ ավերակների վրա, հավատացե՛ք, թագավորել չես կարող։ Մեզ պետք է ծաղկուն, նորմալ երկիր, որը 5–հազարամյա պատմությամբ եկել, հասել է մեր օրերը, և մենք չենք ուզենա այս 5 հազար տարվա ստեղծածը մի հարվածով ոչնչացնել։

–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն քաղաքական գործիչներին, ովքեր տարիներ շարունակ նույն բանն են հայտարարում, բայց այդպես էլ իրենց խոսքերն իրականություն չեն դառնում։

–Կյանքը ցույց տվեց, որ պոպուլիստական հայտարարություններով կամ սին խոսքերով ժողովրդին չես կարող կերակրել։ Ժողովուրդն ինքը գիտակցում է ուժը, որի հետևից կարելի է գնալ և արդյունքի հասնել։ Վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ գեղեցիկ գաղափարներ են առաջ քաշում, գեղեցիկ խոսքեր ասում, բայց արդյունքում դուք տեսնում եք, որ որևիցե մեկը չի հավատում այդ խոսքերին, որևիցե մեկը չի գնում այդ խոսքերի հետևից, որովհետև թացը չորից մեր ժողովուրդը շատ լավ կարողանում է տարբերել։ Մի բան էլ ասեմ՝ արդարությունը ամենահզոր զենքն է, իսկ սուտն ու կեղծիքը նման են այն փուչիկին, որը, որքան էլ փչես, միևնույն է, պայթելու է։ Սուտ փուչիկներն այնքան պայթեցին, որ մեր ժողովուրդը թացը չորից շատ լավ տարանջատում է և գիտակցում, թե որ քաղաքական գործչի խոսքերն են թռչունի պես բերանից թռչում, և որի խոսքն է բռունցքի պես սեղանին զարնվում։

–Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում, օրինակ, ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությունները, որ 2003–ից սկսած՝ անընդհատ ասում էր՝ հեսա–հեսա իշխանափոխություն է լինելու, նույնիսկ կոնկրետ օր էր նշում, բայց այդպես էլ այդ հեղափոխությունը չեղավ։ Այքանից հետո նրան լուրջ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք Ձեր իսկ նկարագրած փուչիկների, թռչունների և այլնի համապատկերում։

–Արամ Սարգսյանը բավականին լուրջ քաղաքական գործիչ է, նաև ճանապարհ է անցել և այդ ճանապարհին ապացուցել, որ ինքը վստահ կանգնած է ոտքերի վրա, և իր ասած խոսքերը, որ հեսա–հեսա հեղափոխություն է լինելու, չեն նշանակում, որ հեղափոխությունն արվում է միմիայն զենքի միջոցով։ Հեղափոխությունը մարդկանց գաղափարներում է լինում, մարդկանց գործողությունների մեջ, և այն հեղափոխությունը, որ հեսա–հեսա լինելու է, նույն հեղափոխությունն է, որ մենք ասում ենք՝ ամեն ինչ արվելու է սահմանադրական ճանապարհով։

–Բայց խոսքը ոչ թե զենքի մասին էր, այլ ժամկետների։

–Երբ որ այգեպանը ծառ է տնկում, տարիներ ի վեր մշակում է, գուրգուրում այդ ծառը, որ բերք ստանա, իսկ բերքը սկսում է ծաղկից։ Երբ այդ ծաղիկը արդեն տալիս է իր ցոգոլը, ցոգոլն էլ հասունանում է, արդեն հասնում է ժամանակը, որ պիտի քաղվի, այդպես էլ նաև հեղափոխությունն է՝ հեղափոխությունը մարդկանց գիտակցության մեջ։ Այն, որ ասում էինք՝ հեսա–հեսա, այսինքն՝ պտուղը պիտի հասունանա, որ արդեն այն վայելեն։ Իսկ մեր ժողովուրդն իր անկախության, արդարության, ազատության համար սերմանած պտուղը վայելելու է, հավատացնո՛ւմ եմ ձեզ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը